Ապրիլի 27, 2024

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտակարգ նիստ գումարելու կոչով ՄԱԿ Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ կառավարության դիմումի վերաբերյալ

By Արցախ լրատվական Օգոստոսի 12, 2023

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտակարգ նիստ գումարելու կոչով ՄԱԿ Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ կառավարության դիմումի վերաբերյալ: «Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Լաչինի միջանցքի ավելի քան ութ ամիս շարունակվող անօրինական արգելափակման և Արցախի անմարդկային պաշարման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը քննարկման դնելու խնդրանքով: Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետության Նախագահն օգոստոսի 8-ին դիմել է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ կոչ անելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանն անհապաղ ներկայացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետը: ՄԱԿ Անվտանգության խորհրդի ուղիղ ներգրավվածությունը և համապատասխան հրատապ որոշումների ընդունումը համարում ենք կարևորագույն գործոն, որը կարող է վերջ դնել Ադրբեջանի կողմից Արցախում մարդու իրավունքների զանգվածային կոպիտ խախտումներին և դադարեցնել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն ու համակարգված ձևով իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությունը: Կոչ ենք անում ՄԱԿ Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման, ինչպես նաև՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումն ապահովելու հիմնական պատասխանատվությունը, պատշաճ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին և կայացնել որոշում Լաչինի միջանցքի ամբողջական, անհետաձգելի և անվերապահ ապարգելափակմանն ուղղված անհրաժեշտ, հրատապ և արդյունավետ միջոցների իրականացման մասին։», ասվում է հայտարարությունում։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ