Դեկտեմբերի 03, 2024

Մարդու իրավունքներն արցախյան և ուկրաինական պատերազմների ժամանակ

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 07, 2022

Ուկրաինայում ծավալվող պատերազմին Արցախում հետևում են։ Ցուցադրվող կադրերն ու ինֆորմացիոն հոսքն այստեղ երկակի զգացողություններ են առաջացնում։ Մի կողմից ցավ՝ մարդկային խեղված ճակատագրերի համար, մյուս կողմից հիասթափություն՝ աշխարհի երկակի ստանդարտների, միջազգային մարդասիրական իրավունքի անզոր կամ առնվազն թերի լինելու համար։ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը չի կարծում, թե մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները թերի կամ անզոր են։ Նրա համոզմամբ՝ դրանք օգտագործվում են քաղաքական սուբյեկտների շահերից ելնելով և շատ տգեղ ձևով։

«Ինձ համար որևէ կասկածի տակ չդրվող մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներն օգտագործվում են պղտոր աշխարհաքաղաքական նպատակները քողարկելու համար։ Դրանք օգտագործվում են խեղաթյուրված ձևով և իրենց աշխարհաքաղաքական նպատակներին ծառայեցնելու համար»։

Մինչև այսօր էլ Ադրբեջանը շարունակում է խախտել Մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները․ ապօրինի պահում է հայ ռազմագերիներին, չի տրամադրում տեղեկություններ անհետ կորած զինծառայողների մասին։ Եվրամիությունը, ԵԽԽՎ-ն, Եվրախորհրդարանի տարբեր պատգամավորներ, իհարկե, արձագանքել են այս երևույթներին։ Բայց համադրելի՞ են, արդյոք, այդ արձագանքները նրանց հետ, որոնք տեսնում ենք Ուկրաինայի պարագայում։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան․

«Այն ծավալն ու պատրաստակամությունը, որ եվրոպական երկրները ցուցաբերում են ի աջակցություն Ուկրաինայի և ուկրաինական ժողովրդի, Արցախի ժողովրդի պարագայում չեն եղել։ Սա երկակի ստանդարտների կիրառում է։ Եվ Եվրոպան, և աշխարհը իրավունք չունեն տարբերակված մոտեցում ցուցաբերել տարբեր ժողովուրդների նկատմամբ»։

Այն, որ ճանաչված երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը ավելի շատ ուշադրություն է դարձվում, քան չճանաչված երկրներում, խզում է առաջացնում մարդու իրավունքների համընդհանրության մեջ՝ ասում է Գեղամ Ստեփանյանը։

«Մարդու իրավունքներն ամեն անգամ սակարկության առարկա են դառնում։ Ադրբեջանն, առաջ տանելով իր քաղաքական օրակարգը, թույլ չի տալիս, որպեսզի միջազգային կազմակերպություններն իրականացնեն իրենց առաջնային մանդատը։ Իսկ միջազգային կազմակերպությունները, կարծես թե, տրվում են այս սադրանքներին»։

Մարդու իրավունքների անկյունաքարային սկզբունքը դրանց համընդհանրությունն է բոլորի համար։ Այս մասին մենք բազմաթիվ անգամ լսել ենք ամենաբարձր ամբիոններից՝ այդ թվում ՄԱԿ-ի ամբիոնից։ Բայց, արդյոք, այդպե՞ս է իրականում։ Ինչու՞ Արցախյան պատերազմի օրերին միջազգային հանրությունը խուլ ու համր էր ձևանում․ Լարիսա Ալավերդյանն է պատասխանում։

«Մարդու իրավունքները ենթադրում են պաշտպանություն՝ անկախ կարգավիճակից։ Ճանաչված է պետությունը, թե՝ ոչ, բոլորովին նշանակություն չունի։ Այս տարբերությունը, որը մենք տեսնում ենք, բացատրվում է աշխարհաքաղաքական նպատակներով։ Տվյալ դեպքում նպատակն է՝ Ռուսաստանին թուլացնել հնարավորինս շատ և, եթե ստացվի, նրան մասնատել ու տիրանալ Ռուսաստանի այն մասին, որը կոչվում է երկիր մոլորակի սիրտը»։

Միլիտոպոլ, Խերսոն և այլ ուկրաինական քաղաքներ ռուսական զորքեր մտնելուց հետո տեղի բնակիչները շարունակում են ապրել այնտեղ։ Իսկ քանի՞ հայ է ապրում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքներում։ Ոչ մի։ Ավելին, այնտեղ հայկական հետքը ջնջելու պետական քաղաքականություն է տարվում։ Մարդու իրավունքների սկզբունքները նաև այստեղ են քաղաքականացված։ Աշխարհի ուժային կենտրոնները խոսում են միայն, երբ իրենց շահերից է բխում։ Եվ արդեն շատ հաճախ այդ շահերի բախումը հասարակ մարդկային ճակատագրեր է խեղում։

«Այնպես է ստացվում, որ Ուկրաինան հիմա տուժած կողմ է, բայց իրավիճակը բոլորովին հակառակն է։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի հարձակումը չճանաչված պետության վրա ընթանում էր Եվրոպայի կողմից խրախուսվող, անմարդկային չափերի հասնող անտարբերությամբ։ Խրախուսվում էր, այսպես կոչված, տարածքային ամբողջականության սկզբունքը, նույնը փորձում էր անել Ուկրաինան։ Արևմուտքն անթաքույց ձևով զինում էր Ուկրաինային՝ հույս ունենալով, որ Ուկրաինան կարող է ուժի միջոցով տապալել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները՝ դա ևս բացատրելով որպես տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառում։ Այս առումով Ռուսաստանը արել է այն, ինչը չի արել, բայց պարտավոր էր անել Հայաստանը, այն է՝ ճանաչել և պաշտպանել»։

Եզրահանգումը, որին գալիս ենք, ոգևորիչ չէ։ Քաղաքակիրթ աշխարհը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները կիրառում է սեփական շահերի թելադրանքով։ Մարդասիրական իրավունքի տեսանկյունից պատերազմները նույնն են, քաղաքական գնահատականներն ու միջազգային հանրության արձագանքները՝ հիմնովին տարբեր։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ