Դեկտեմբերի 03, 2024

ԱրՊՀ-ում կլոր սեղանի շուրջ հարցի ուղիղ քննարկում

By Անի Աբաղյան Ապրիլի 14, 2022

Պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում աջակցության ծրագրեր հաճախ են իրականացվել, որը, ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի, բացասաբար է ազդել բնակչության զբաղվածության վրա: Կան աշխատատեղեր առանց աշխատողների: Տնտեսագետի խոսքով՝ տրամադրված աջակցությունը բնակիչների շրջանում զարգացրել է ծուլության մեխանիզմը: 

«ԱՀ կառավարությունը պետք է դադարի օգնություններ բաժանելուց, քանի որ այդ օգնությունների պատճառով ներդնողները չեն կարողանում աշխատող  գտնել և մրցակցությունը ապահովել նաև աշխատանքային շուկայում: Սա խնդիր է: Կառավարությունը պետք է նաև մտածի իր ծախսերի մասին. ֆինանսավորումը կենտրոնացնելով շինարարության կամ ճանապարհաշինության վրա երկիր չենք  զարգացնի»:

 Պատերազմից հետո հանրապետությունում առանց բնակիչ բնակարանները բավականին շատ են, շատ են նաև կացարան փնտրողները: Տնտեսագետը օրինակ բերելով արտասահմանյան երկրները, նշել է, որ ազատ բնակարաններ զբաղեցրած մարդկանց պետությունը, մարդասիրական իրավունքից ելնելով, բնակարանից չի ազատում: Այսօր կողպված դռները շատ են, անօթևան մարդիկ նույնպես, ինչի պատճառով պետությունը բյուջեից մեծ գումարներ է ներդնում բնակարանաշինության համար, այնինչ մեր տարածաշրջանում այդ ֆինանսավորումը պետք է ներդնել բանակաշինության մեջ՝ ասում է Սուրեն Պարսյանը: 

«Պետք է հասկանանք այս տարածաշրջանում մեր գումարները որտեղ ենք ներդնում: Ներդնում ենք բնակարանաշինության մեջ, երբ բանակաշինության խնդի՞ր ունենք, կամ գումարները, որ ծախսվում են այդ նպատակով մի գուցե ներդնենք անվտանգության խնդիրների լուծմանը, ուղղենք մեր բիզնեսի զարգացմանը, աշխատատեղերի զարգացմանը: Օրինակ՝ մենք կարող ենք աջակցության համար նախատեսված գումարը տալ բիզնեսմենին, նա էլ աշխատողներին վարձատրի օրինակ 150000 դրամ աշխատավարձ, որի կեսը վճարի պետությունը, կեսը՝ գործատուն»: 

Պատերազմը և նրա հետևանքները տնտեսությունն արդեն իսկ շեղել էր բնականոն ուղուց, աշխարհաքաղաքական զարգացումները՝ էլ ավելի: Ռուս-ուկրաինական պատերազմը տնտեսական աշխարհում լուրջ ցնցումներ է առաջացրել, որից Հայաստանը և Արցախը անմասն չեն մնացել: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյանն ասում է, որ այդ ալիքներին մեր իշխանությունների կողմից պատշաճ դիմադրություն չի եղել: Հարվածներից մեկը ռուբլու արժեզրկումն էր, որն ազդել է ներկրման և արտահնման գործընթացին: Տնտեսագետը որպես օրինակ գյուղատնտեսության ոլորտն է ներկայացնում:

 «Դեպի ՌԴ  արտահանումը կազմում է մեր ընդհանուր արտահանման մոտ 25 տոկոսը: Ռուբլու արժեզրկման պատճառով հարցականի տակ է գտնվելու կամ ռիսկային է լինելու  մեր գյուղմթերքի արտահանումը: Մայիս, հունիս, հուլիս ամիսները գյուղմթերքի արտահանման  ամենաակտիվ շրջանն է. մեր գյուղտնտեսությունը կարող է բավականին լուրջ խնդիրներ ունենալ, այն է ՝ չկարողալ իրացնել արտադրանքը»: 

Տնտեսական Ճգնաժամը հաղթահարելու համար տնտեսագետ Պարսյանն ասում է, որ պետք է նախ վիճակագրական տվյալներ ունենալ՝ պետության տարածքում հողատարածքների քանի տոկոսի պիտանելիության մասին, այնուհետև ընդլայնենք գյուղատնտեսական արտադրության ծավալները: Տնտեսագետը նշել է նաև, որ գնաճից խուսափել չի ստացվի, բայց պարենային խնդիր չի լինի: Քննարկման մասնակիցները կարևորել են մարդկային կապիտալի արդյունավետ կառավարումը, ճիշտ կադրային քաղաքականությունը, ՌԴ-ի հետ կապերի ամրապնդումը նաև տնտեսական դաշտում:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ