Պատերազմի արհավիրքը հաղթահարելու և ապագան երաշխավորելու նպատակով ՀՀ իշխանությունների որդեգրած խաղաղության օրակարգը մարտահրավերներ է պարունակում, որոնց դիմակայելու համար կարևոր է ճիշտ քայլերի հերթականությունը՝ կարծում է Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։ Կենտրոնը հետազոտություններ է անցկացրել պարզելու, թե խաղաղության ինչ ընկալումներ ունի Ադրբեջանը։ Պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք թշնամի երկրից չի վերափոխվի խաղաղություն ցանկացող հարևանի՝ ասում է ադրբեջանագետը։
«1918 թվականին, երբ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց արհեստական Ադրբեջան կազմավորումը, հակահայկականությունը, ցեղասպան քաղաքականությունը և տարածաշրջանի պատմության յուրացումն ու ոչնչացումը դրվեց այդ պետության քաղաքականության հիմքում, բնականաբար, առաջին տեղում հայերի նկատմամբ: Մենք տարբեր ժամանակներում ականատես ենք եղել բազմաթիվ ցեղասպանությունների»:
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն իրականցվում է պետական մակարդակով․ մանկապարտեզից սկսած մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն ադրբեջանցիները սովորում են ատել ու սպանել հային։ Ասուլիսի ժամանակ ներկայացվեց հայատյացության, թշնամանքի օրինակներ՝ հավաքված են Կովկասագիտության կենտրոնի փորձագիտական թիմի ուսումնասիրությունների արդյունքում։ Հովիկ Ավանեսովի խոսքով՝ դրանք ամենաչնչին մասն են՝ բազմաթիվներից։
«Ժամանակին մի բակային խաղ կար, որը ադրբեջանցիները կոչում էին հայերի ցեղասպանություն։ Նրանք մի տիկնիկ և փայտե դանակ էին տալիս երեխաններին և նրանց սովորեցնում ինչպես առաջինը սպանել հային։ Այդ խաղը ստեղծվել է 1950 թվականին և մինչև հիմա էլ տարածվում է նաև կրթական ծրագրերում կազմակերպվող միջոցառումների միջոցով։ Այս ֆոնին խոսել խաղաղության մասին, առնվազն միամտություն է»։
Այսօրինակ խաղերով դաստիարակված երեխաները հետագայում սանձազերծեցին տեղային ու լայնածավալ պատերազմներ, ինչի արդյունքում մենք ունեցանք և մարդկային, և տարածքային կորուստներ։ Հովիկ Ավանեսովը կարծում է, որ պատմությունից հետևություններ չենք անում և սխալները մեզ համար դաս չեն լինում։
«Այն, որ նման հայատյաց քաղաքականությունը բերելու է աղետալի իրավիճակի, ահազանգում էին և ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը։ Ցավոք, մենք հետևություններ չարեցինք օրինակներից և այսօր ունենք այն, ինչ ունենք»։
Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ Ադրբեջանում, նույնիսկ իշխանափոխության դեպքում, հայերի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվի,-ասում է կենտրոնի ղեկավարը: Նրա դիտարկմամբ՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ ավելի լավ վիճակում չենք հայտնվի։ Թուրքիայի և Ադրբեջանի ցանկությունները մեկտեղվում են՝ տարածաշրջանում վերացնելու հայկական հետքը։
«Խաղաղության պայմանագիր ստորագրելով մեր վիճակը չի բարելավվի։ Եթե մտածում ենք, որ ստորագրելով նման պայմանագիր կունենանք անվտանգության հավելյալ երաշխիքներ՝ սխալվում ենք։ Մեր դեմ պատերազմները չեն ավարտվել»։
Այս հայտարարությունները ամենևին միտված չեն հանրության շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծելուն, պարզապես պետք է ճիշտ և ժամանակին հետևություններ արվեն՝ ասում է բանախոսը և կարևորում միջազգային հանրության ու համապատասխան կառույցների հետ պատշաճ աշխատանքի անհրաժեշտությունը։ Բանախոսը պատասխանել է նաև լրագրողներին հուզող հարցերին։