Երեկ և այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվածների պահանջն ու մտահոգությունը մեկն է․
«Մուք սօր հավաք ընք անում, վեր ասինք՝ Արցախը լինելու ա անկախ և մենք ինան չընք Ադրբեջանի կազմի մեջ։ Մունք մհենգ պահանջում ընք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Եթե մունք միասնական ինիք, ուժեղ էլ ընք ինան, ու մունք ընք ինան մեր երկրի տերերը։ Բավական ա ինչքան պար ընք եկալ ուրիշի դուդուկի տակ»։
«Իհարկե, սխալները շատ-շատ են, բայց հիմա մեղադրելով որևէ մեկին, մենք մեր խնդիրը չենք լուծի։ Մենք այսօր գոյատևման խնդրի առաջ ենք կանգնած, մենք այսօր նորից հայրենիք ենք կորցնում, որի մեծ մասը արդեն կորցրել ենք»։
«Հունցը 30 տարի առաջ մեր ժողովուրդը տուս ա եկալ ու ինքնորոշման իրավունքը պահանջալ, նույնն էլ մունք պիտի անինք։ Հիմա մեր ժողովրդից պահանջվում ա, վեր տուս կյան, իրենց ձայնը բարձրացնին, միջզագային հանրությանը ցույց տան վեր ստղ ապրում ըն։ Ես վեր մեր ժողովուրդեն ստի հվաքված տըսնում ում, հուսադրվում ում ու կարծում ում սա մեզ օգուտից բացի վնաս տալու չի»։
Հանրահավաքները օգուտից բացի վնաս չեն տա, սա ցուցարարների կարծիքն է։ Որքան են ցույցերը արդյունավետ և ինչով են օգտակար՝ Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը հստակ չի կարողանում ասել, բայց որ այս պարագայում ճիշտ է՝ չի կասկածում։
«Ժողովրդի համախմբված կամքի դրսևորումը, միանշանակ, ընդունելի է։ Մենք ողջ ազգով մի կողմ ենք քաշվել քաղաքական, բանակցային գործընթացներից, բայց ճնշման են ենթարկվում իշխանության ներկայացուցիչները և եթե իշխանության կողքին կանգնած չէ համախմբված, իր իշխանությունը, պետականությունը պահող պատրաստակամ ժողովուրդը, ապա իշխանությունը բավականին թուլանում է»։
Բաղունցը համոզմամբ՝ պետք է Արցախի հարցի կարգավորման նոր տեսլական մշակել։ Ու՞շ չէ հիմա դրա մասին խոսելու համար, Բացունցը բացասական պատասխան է տալիս՝ երբեք էլ ուշ չէ։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի կարծիքով՝ Արցախի հարցի լուծումը նրա միջազգայնորեն ճանաչումը կարող է լինել, որի շուրջ աշխատում են, իր խոսքով, արցախյան առաջին պատերազմից սկսած։
«Պիտի պայքարենք և պայքարում ենք, որպեսզի մեր արդար դատը պաշտպանվի ու Արցախը միջազգայնորեն ճանաչվի որպես անկախ, սուվերեն պետություն։ Իսկ ինչպե՞ս պետք է դա արվի։ Բարդ հարց է։ Մենք աշխատում ենք մեր ռեսուրսների սահմաններում, այսինքն՝ շարունակել միջազգային կառույցների մոտ պնդել մեր ճշմարտացիությունը, մեր իրավունքը պաշտպանել։ Միաժամանակ նաև ներքին կյանքում էլ փորձել երկրի կենսունակությունը բարձրացնել, ժողովրդին համախմբել։ Սա է, ուրիշ այլընտրանքային ճանապարհ չկա»։
Ադրբեջանում նույնպես բողոքի ցույցեր են: Սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվածների հազարավոր ծնողներ դուրս են եկել փողոցներ, հասել Միլի Մեջլիս՝ պահանջելով դադարեցնել պատերազմն ու վերադարձնել իրենց որդիների մարմինները: Ներքաղաքական խռովությունները, որ խմորվում են հակառակ պետությունում Ալիևի քարոզչամեքենայով հեշտությամբ թաքցվում են՝ փակելով նաև միջազգային կառույցների աչքերը։