Նոյեմբերի 21, 2024

Խաղաղ ակցիա․ խաղաղապահները պարտավոր են ապահովել իրենց պարտավուութւյունների կատարումը

By Սրբուհի Վանյան Մարտի 07, 2023

Ակցիայի նախաձեռնությունը լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանինն է, ով նախօրոք հայտարարել էր այդ մասին՝ նշելով, որ նպատակը տեղի ունեցածի հանդեպ սեփական դիրքորոշումն արտահայտելն է։«Մենք՝ արցախյան հանրությունս, այլևս իրավունք չունենք լռելու:Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի կետերի պարբերաբար խախտումները և ռուս խաղաղապահների՝ պայմանագրի պարտավորությունները չկատարելը մեզ ստիպում են այլևս չլռել և ներկայացնել մեր պահանջները՝ ասում է Դավիթը՝ հավելելով, որ մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները, որն է՝ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ:

«Արդեն 3 տարի կրկնվում են նման դեպքերը։ Մարդիկ իրենց առօրյա կյանքով ապրելիս ցեղասպանության են ենթարկվում, մինչդեռ սա ռուսական խաղաղապաների պատասխանատվության գոտին է, նրանք երաշխավորել են մեր խաղաղությունը, և մենք վերադարձել ենք ապրելու մեր հայրենիքում։ Տեսնում ենք, որ չեն ապահովում, և բանը հասել է նրան, որ մեր ոստիկաններին են սպանում»։ 

Սա մեր ցավը, մեր մտահոգությունը և մեր ցասումն արտահայտելու միջոց է՝ ասում է․ այսպես ապրել չի կարելի։

«Ալիև՝ տեռորիստ․․․․ Պուտի՛ն, պահի՛ր խոսքդ․․․․ մենք ճշմարիտ խաղաղապահների կարիք ունենք»:

Վանկարկում էին նախաձեռնության մասնակիցները։ Պաստառները նույնպես այդ թեմաներով էին։ Հավաքվածները կիսում էին ակցիայի հեղինակի մտահոգությունները։ Այդ ոստիկաններից յուրաքանչյուրի տեղում կարող էինք մենք լինել՝ յուրաքանչյուրս, ասում է «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը։ Նա մեր հասարակության ամենամեծ խնդիրը քաղաքացիական պասիվ դիրքորոշումն է համարում։ Հասարակությունը իր իրավունքների նկատմամբ պահանջատեր չէ նույնիսկ այսպիսի աննախադեպ, անհավանական վիճակում, որում հայտնվել է Արցախը՝ ասում է Արմինեն։

«120 հազար մարդ ապրում է անհավանական վատ, անմարդկային պայմաններում, բայց քաղաքացիական ակտիվություն չի դրսևորում, չնայած որ խախտվում են նրա բոլոր մարդկային հիմնարար իրավունքները։ Պահանջներ չեն ներկայացնում իշխանություններին ու խաղաղություն երաշխավորած խաղաղապահներին, մինչդեռ մենք վերադարձել ենք այդ երաշխավորության համաձայն։ Այս հարցին պետք է լուծում տրվի՝ կա՛մ նրանք կատարում են իրենց պարտավորությունները, կա՛մ միջազգային խաղաղապահներ են գալիս, կա՛մ Արցախում չենք ապրում»։

Ակցիային միացել էր նաև Արցախի պետական համալսարանի դասախոս Դավիթ Կարաբեկյանը։ Նա ցավով է արձանագրում, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը չեն կատարվում հենց նրանց կողմից, որոնք պարտադրել են այդ պայմանագիրը հայկական կողմին։ Եվ այդ կետերը պարբերաբար խախտվում են առայսօր։ Խծաբերդի, Թաղավարդի, ապա Փառուխի հանձնումից հետո տեղի ունեցան էլի դիվերսիոն գործողություններ, ահաբեկչություն՝ խաղաղ բնակչության նկատմամբ, և առայսօր այդ դեպքերին համարժեք գնահատական չի տրվել։ Դավիթ Կարաբեկյանը միացել է նախաձեռնությանը՝ ցույց տալու, որ հասարակությունում դեռ կան առողջ ուժեր, որոնք ցույց են տալիս՝ լռել չի կարելի։

«Իմաստ ունի՞ նման ակցիայի կազմակերպումը։ Այո՛, ունի։ Դա ցույց է տալիս, որ հասարկությունը քնած չէ, անտարբեր չէ և պատրաստ է պայքարելու։ Հաագայի դատարանի որոշումն է մնացել օդում, խաղաղապահներն իրենց պարտավորություններին տեր չեն կանգնում, մենք պիտի պահանջենք»։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները հեռվից հետևում էին ակցիայի մասնակիցների գործողություններին, մեր՝ այնտեղ գտնվելու պահին ոչ ոք դուրս չեկավ լսելու խաղաղ ցուցարարների պահանջը։ Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը, ով նույնպես ներկա էր հավաքին, մեզ հետ զրույցում խաղաղապահների պահվածքն այսպես է մեկնաբանում՝ ասելիք չունեն։

«Մինչև հիմա, միակ պատասխանն այն էր, որ մանդատ չունեն։ Հաագայի դատարանի որոշում տվել է իրենց պողպատյա մանդատ, բայց նույնիսկ դա չի օգտագործվում։ Ասելիք չունեն, դրա համար ձև են անում, որ ո՛չ տեսնում են մեզ, ո՛չ լսում»։

Խաղաղ ակցիան դեռ շարունակվում է։

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ