Վերջին մոտ երկու շաբաթվա ընթացքում ադրբեջանական տեղեկատվական հարթակներում նոր թափ է ստացել ագրեսիայի քարոզչությունը հայկական երկու պետությունների դեմ։ Հակահայկական քարոզչությունը նոր երևույթ չէ Ադրբեջանում, այն պետական քաղաքականության մաս է։ Բայց այդ քարոզչությունը նոր թափ է ստանում՝ ապատեղեկատվությունների տեսքով, հակահայ առատ հոդվածների տեսքով, սահմանային էսկալացիաներից առաջ։ Ի՞նչ սպասել այս անգամ, լսենք Ասպրամ Ավանեսյանի ռեպորտաժում։
Արցախի դեմ Քառօրյա և 44-օրյա, Հայաստանի Հանրապետության դեմ` սեպտեմբերյան կարճատև պատերազմից, Արցախի և Հայաստանի սահմանին դիրքային մարտերից, անգամ, միջազգային միջնորդությամբ բանակցություններից առաջ Ադրբեջանում առանց այն էլ ակտիվ հակահայ քարոզչությունը ավելի է ակտիվանում։ Թշնամին ձեռագիրը չի փոխում, յուրաքանչյուր էսկալացիայի համար տեղեկատվական ֆոն է նախապատրաստում, դրանով փորձելով լեգիտիմացնել կամ գուցե արդարացնել իր ագրեսիան։ Վերջերս ադրբեջանական պետական հեռուստաալիքներից մեկը հարցում է անցկացրել՝ արդյո՞ք ադրբեջանցիները կողմ են, որ նոր ագրեսիվ գործողությունների գնան Արցախի դեմ, քվերարկությանը մասնակիցների 83%–ը կողմ է քվեարկել: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է․
«Էսկալացիայի կամ ռազմական գործողություններ սկսելու հետ կապված որոշումները սոցիալական հարցումներով չեն կայացվում։ Հանրային տրամադրություններն ուսումնասիրելու համար փակ հարցումներ են անցկացվում։ Եթե դա հանրայնացվում է, եթե դա ներկայացվում է հանրությանը, նշանակում է քարոզչության էլեմենտներ է իր մեջ պարունակում։ Հետևաբար հակված եմ, որ սա ավելի շատ մեզ հոգեբանորեն ճնշելու միջոց է, որովհետև կան կարծիքներ, որ Ադրբեջանի ժողովուրդը այնքան էլ չի ցանկանում պատերազմ, և երևի թե Ադրբեջանի իշխանությունները փորձում են դա կոծկել՝ ցույց տալով ժողովրդի և իշխանության «միասնականությունը»։ Մանավանդ եթերային սոցհարցումը տեխնիկապես հեշտ կառավարվող գործընթաց է։ Կարելի է հարցնել 1000 մարդու կարծիք, դրանցից ընտրել 10 պետքականը և այդպես տպավորություն ստեղծել»։
Ադրբեջանցիներն իրենք էլ չեն ցանկանում պատերազմ, նշում է քաղաքագետը, իր կարծիքը հիմնավորելով նրանով, որ պատերազմի արդյունքում հազարավոր զոհեր են ունենում, զրկանքներ կրում, բայց նրանց կյանքը որևէ կերպ չի բարելավվում, փոխարենը` Ալիևը դա օգտագործում է սեփական վարկանիշը բարձրացնելու համար։ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Ադրբեջանը նպատակ ունի ճնշել Արցախում ապրողներին, որպեսզի նրանք հիասթափվեն։
«Ինչ վերաբերում է ռազմական էսկալացիայի վտանգին, դա միշտ կա, բայց այս պահին ավելի շատ չէ, քան մեկ կամ երկու ամիս առաջ էր։ Ադրբեջանն այս պահի դրությամբ իր առջև դրված հիմնական խնդիր է տեսնում «Զանգեզուրի միջանցքում» և Հայասատնի հետ սահմանին ավելի արդյունավետ դիրքեր ունենալու մեջ։ Արցախի խնդիրն Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես արդեն լուծված խնդիր, դրա համար իրենք էլ են զգուշանալու որոշ առումով, որպեսզի հանկարծ այն քարոզչությունը, որ Արցախի խնդիրը լուծված է, կասկածի տակ չառնվի միջազգային հանրության կողմից»։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հակառակ կարծիքն ունի․ ադրբեջանական տեղեկատվական դաշտը հստակ ազդակներ է ուղարկում, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախի դեմ ագրեսիվ գործողությունների գնալ։ Ադրբեջանագետի խոսքով այդ քարոզչությունը առանձնակի ակտիվությամբ սկսեց ծավալվել, երբ Արցախում 4 զինծառայող սպանվեց։
«Իմ դիտարկմամբ իրենք պատահական չեն անում այս արշավը, իրենք սրանով մի քանի նպատակ են հետապնդում: Նրանք փորձում են ստուգել միջազգային հանրության արձագանքները, որովհետև այս ամենն ընթացավ Վաշինգտոնում ընթացող հանդիպման ժամանակ և դրանից հետո։ Բացի դրանից` փորձում են Արցախում խուճապային տրամադրություններ ստեղծել և դրա հիման վրա էլ արձագանքները հասկանալ։ Այդ ամենի գագաթնակետը եղան Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ տարածվող հայտարարությունները, հրապարակումները և ռեպորտաժները, որոնք ցույց են տալիս, որ նրանք հենց հանրային տրամադրություններ են ստեղծում այդ գործողությունների համար»։
Ադրբեջանագետը սոցիալական մեդիայում ավելի վաղ տեղեկություն էր տարածել, որ ադրբեջանական պետական «AzTv» հեռուստաընկերության թողարկման ժամանակ ասվել է, որ «Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Ցասում–3» գործողությունը»։ Հաղորդմանը մեջբերումներ են արվել Ալիևի ռազմատենչ ելույթներից, նշվել է, թե խաղաղապահները իբր զինում են Արցախը և որ Ռուսաստանը ու Հայաստանը խախտում են եռակողմ հայտարարության կետերը և Ադրբեջանը դեռ չի հասել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը ու պետք է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
«Ադրբեջանի թիրախում են նաև ռուս խաղաղապահները, որովհետև նրանք համարվում են խոչընդոտ գործողությունների գնալու ճանապարհին, ուստի այս ամբողջով նաև ցույց է տրվում, թե իբր խաղաղապահները զենք են տեղափոխում Արցախ, խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը և այլն։ Այսինքն այդ ամբողջ տեղեկատվական հիմքը նաև դրան է ծառայեցվում»։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ հայկական կողմի առաքելությունը այս իրավիճակում զգոնություն և սթափությունը պահպանելն է։
«Ամենակարևորն աղմուկ բարձրացնելն է, չպետք է թույլ տալ, որ թեման կոծկվի և պետք է աղմուկ բարձրացնել հնարավոր բոլոր հարթակներով, այդ թվում` օգտագործելով, օրինակ, թվիթերյան հարթակը, որպեսզի միջազգային ուշադրություն հրավիրենք ու թուլ չտանք, որ Ադրբեջանը գնա նման վտանգավոր քայլերի»։
Նոր էսկալացիայի հավանականության մասին զրուցակիցներս համակարծիք չեն, բայց համակարծիք են այն հարցում, որ հայկական երկու պետությունները պետք է ամեն ինչ անեն մեր ազգային շահն առաջ տանելու և ադրբեջանական քարոզչամեքենային դիմակայելու ուղղությամբ: