Շրջափակման 100 օրվա ընթացքում այստեղ ապրող հասարակ մարդկանց կյանքում շատ բան է փոխվել։ Իսկ ի՞նչ է փոխվել ընդհանուր իրավիճակում, ինչի՞ է հասցրել այս արգելափակումը, վերջին հաշվով, կա՞, թե չկա՞ լուծում այս խնդրին, և ինչո՞ւ միջազգային հանրություն կոչվածը համարժեք գնահատականներ չի տալիս կամ մեխանիզմներ չի գործարկում խնդրի հանգուցալուծման համար։
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի դիտարկմամբ, այս ընթացքում միջազգային կառույցների կողմից եղել են նաև հասցեական գնահատականներ։ Գուցե ոչ այնքան բավարար, որ նպաստեին խնդրի լուծմանը, բայց ամեն դեպքում դրանք արձանագրվել են։ Ամեն դեպքում, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է շրջափակումը, այլև ավելի ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում։
«Ադրբեջանը շարունակում է շրջափակումը, կենսական նշանակության ենթակառուցվածքների խափանումները, ավելին, վերջին շրջանում ակտիվացրել է ռազմական ագրեսիան, սպառնալիքները, խախտումները։ Այս ընթացքում տարբեր երկրներից հորդորներ, կոչեր եղել են, նաև հասցեական, հստակ դիրքորոշումներով, բայց որևէ պետության կամ կառույցի կողմից բավարար ճնշում չի գործադրվել, Ադրբեջանի հանդեպ։ Հիմա էլ ՄԱԿ֊ի Արդարադատության դատարանի որոշումն ունենալով, և արդեն 27 օր դրա չկատարումը ունենալով, տեսնում ենք, որ բավարար կամք չկա դա իրագործելու»։
Այնուամենայնիվ, որոշակի զսպիչ մեխանիզմներ Ադրբեջանի հանդեպ գործում են, որի արդյունքում Ադրբեջանը շատ ավելի ագրեսիվ գործողությունների չի գնացել։ Մեր խնդիրը բոլոր հնարավորություններն օգտագործելն է՝ կանխելու համար իրավիճակի հետագա լարվածությունը և հասնելու շրջափակման վերացմանը՝ ասում է Արտակ Բեգլարյանը։ Բնականաբար, առանց մեր կարմիր գծերի խախտման։ Դրանց մասին բազմակի է խոսվել, ամենատարբեր մակարդակներով։
«Մենք Ադրբեջանի ենթակայության տակ չենք կարող լինել, շարունակում ենք մեր ինքնորոշման իրավունքի, միջազգային ճանաչման ու անկախության պայքարը, Լաչինի միջանցքը չի կարող որևէ ձևով վերահսկվել Ադրբեջանի կողմից»։
Հնարավորություններն, իհարկե, սահմանափակ են, միջավայրը՝ ցնցումային, իրավիճակն անորոշ ու մեծապես կախված աշխարհում տեղի ունեցող գլոբալ իրադարձություններից։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Հարավային Կովկասում, որի կիզակետում Հայաստանն է, և մասնավորապես Սյունիքն ու Արցախը, իրավիճակի հանգուցալուծումը ուկրաինական, իրականում Արևմուտք-Ռուսաստան հակամարտության արդյունքով է պայմանավորված։
«Միացյալ նահանգները պայքարում են իրենց հեգեմոնիայի համար, բայց նրանց հնարավորությունները գնալով քչանում են, քանի որ ՌԴ֊ Չինաստան կապն ավելի է ամրապնդվում, և նրանք հայտարարում են, որ աշխարհն այլևս բազմաբևեռ է լինելու։ Այս գործընթացը կարևոր է հասկանալ, քանի որ պայքարի մի մասը տեղի է ունենում Հարավային Կովկասում, իսկ Արցախը, Հայաստանը դրա կիզակետում են։ Հիմա հիմնական խաղը Սյունիքում է գնում։ Մեր տարածաշրջանի երկները փորձում են իրենց շահերը սպասարկել, Ադրբեջանն էլ փորձում է հնարավորինս շատ ստանալ Արցախում»։
Քաղաքագետի խոսքով՝ հենց այս վիճակն է, որ բերել է Արցախի շրջափակմանը, և այս իրավիճակում Արցախի դիմացկունությունը որոշիչ կարող է լինել։ Եթե Արցախը հոգեբանորեն հանձնվի և հայաթափում լինի, դա կբերի վերջնական պարտության՝ ասում է։ Արտակ Բեգլարյանը կարծում է, որ դրան ձգտում է նաև Ադրբեջանը՝ փորձելով հոգեբանական ճնշումներով, ապագայի նկատմամբ անորոշությամբ, վախերով, առանց լայնածավալ ռազմական գործողությունների հասնել Արցախի հայաթափմանը։
Ստեփան Դանիելյանը վստահ է՝ դիմանալ է պետք։
«Եթե դիմամանք, հնարավոր է, որ փոփոխությունները, որ կլինեն, դրական արդյունք բերեն։ Հուսամ՝ շուտով, մինչև ամառ։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ և աշխարհում են հոգնել, և ԱՄՆ-ում ընտրություններ են սպասվում, և Չինաստանն է ակտիվացել։ Շահագրգիռ երկրերի ուշադրությունը Ուկրաինայից կարող է տեղափոխվել Արցախ»։
Գուցե նաև այս պատճառով է, որ Ադրբեջանը շտապում է Արցախն իր ենթակայության տակ առնել։ Դա, իհարկե, Արցախի համար ընդունելի լինել չի կարող։ Այդպե՞ս է մտածում նաև միջազգային հանրությունը։ Ոչ։ Ի՞նչ անել ուրեմն։ Արտակ Բեգլարյանն է մեկնաբանում.
«Սա մեզ համար ընդունելի չէ, և չեմ կարծում, թե կոնսենսուս կա այս հարցում, գուցե կան միտումներ, բայց կոնսեսուս կա այն հարցում, որ Ստեփանակերտի ու Բաքվի միջև պետք է երկխոսություն լինի։ Բայց այդ երկխոսությունը պիտի լինի լիիրավ սկզբունքով, միջազգային մեխանիզմների կիրառմամբ»։
Կա՞ կոնսենսուս ուժային կենտրոնների միջև Արցախը Ադրբեջանի ենթակայությանը փոխանցելու հարցում, և ինչու՞ է Ադրբեջանն ավելի ու ավելի կոշտացնում իր հռետորաբանությունը, ի՞նչ կարող են փոխել տարբեր ուժային կենտրոններից հղվող ազդակները։ Ստեփան Դանիելյանի կարծիքով, դրանք միանշանակ մեկնաբանել չի կարելի․ ամեն ինչ կախված է տարածաշրջանում ու աշխարհում ընթացող զարգացումներից։
«Մի բան է, թե տվյալ իրավիճակում ինչ հայտարարություններ են անում, այլ բան՝ ապագայում այդ հայտարարաություններն ինչպես են մեկնաբանվելու»։
Ռուս֊ուկրաինական հակամարտության կարգավորան պայմանավորվածություններով կդրվեն նոր աշխարհակարգի հիմքերը, և այդ պայմանավորվածությունների մեջ լինելու են այնպիսիք, որ փոխելու են իրավիճակը նաև Արցախում՝ ասում է Ստեփան Դանիելյանը։ Ադրբեջանի համարձակության աստիճանն արագ կարող է իջնել, քանի որ կմեծանա Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի դերը, իսկ Ադրբեջանը կարմիր գծեր է հատել և՛ Իրանի , և՛ Ռուսաստանի հանդեպ։