Նոյեմբերի 21, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 27, 2023

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` մայիսի 25-ին նախատեսված մոսկովյան միջնորդավորված հանդիպումը շատ կարճ տևեց, ընդամենը` 20 րոպե: Իհարկե, դրան նախորդել էր ԵԱՏՄ առաջնորդերի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի և բաքվյան բռնապետի միջև լեզվակռիվը` Ռուսաստանի նախագահի գրեթե անխոս ներկայությամբ:


Ըստ էության` այն ամենն, ինչ հանրությունն սպասում էր բանակցություններից, խոսվեց ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում տեղ գտած մտաբախման ընթացքում: Չի կարելի բացառել, որ միջադեպը փորձ էր բավարարել հանրային հետաքրքրությունը:


Այդ բանավեճի ընթացքում շեշտադրում արվեց Բերձորի միջանցքի կարգավիճակի վրա: Բաքվյան բռնապետը, ինչպես նախկինում, այնպես էլ այդ անգամ փորձում էր հոլովել այն միտքը, որ դա պարզապես ճանապարհ է, իսկ, իր բնորոշմամբ` «Ադրբեջանի` հայկական ծագումով քաղաքացիներ»-ը կարող են հանգիստ տեղաշարժվել այդ ճանապարհով և հատել դրա վրայի անցակետը: Հատկանշական է նաև, որ Ալիևն իր խոսքում շեշտեց այն, որ Ռուսաստանը, ըստ էության, աջակցում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարին: Դրան որևէ կերպ չհակաճառեց Ռուսաստանի նախագահը: Պետք է նշել, որ կարևոր էր Հայաստանի վարչապետի հակադարձումը թե՛ Բերձորի միջանցքի արգելափակման, թե՛` Հայաստանի տարածքով իբր թե տրամադրվելիք «միջանցք»-ի հարցերում:

Իհարկե, հայկական կողմը ներկա դրությամբ այնքան է իջեցրել թե՛ Հայաստանի ինքնիշխանության, թե՛ Արցախի ինքնորոշման նշաձողը, որ նման հայտարարությունները, առնվազն, ծանրակշիռ չեն հնչում: Նույն այդ տրամբանության մեջ, հույս ունենալ, թե Ադրբեջանը, գոնե այս պահին, կհամաձայնվի քննարկել Արցախի անկախության հարցը, այն էլ Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններում, առավել քան միամտություն է: Հնարավոր է, որ հայաստանյան իշխանությունները կրավորական դիրք բռնելով փորձում են չգրգռել Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը, և ժամանակ շահել՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում կորցրած ռազմական կարողոթյունը վերականգնելու համար: Բայց նույնիսկ այդ դեպքում, հաշվի առնելով Հայաստանի ներկա իշխանության թե՛ այդ, թե՛ այլ ոլորտներում վարած ինքնաբերականությունը, դժվար է լուրջ սպասելիքներ ունենալ նաև այդ ուղղությամբ: Միջազգային հարաբերություններում խիստ գործնական և հեռատես մոտեցումներ են անհրաժեշտ, այլ ոչ՝ փաստերի հետահայաց արձանագրում:

Ինչ վերաբերում է մոսկովյան եռակողմ հանդիպման կարճատև լինելուն: Ըստ էության, կողմերի այն դիրքորոշումները, որոնց հստակեցման ակնկալիք կար, արտահայտվեցին ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում: 20 րոպեանոց հանդիպումը, ամենայն հավանականությամբ խորհրդատվական բնույթ էր կրում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համար՝ հատկապես հունիսի 1-ի հանդիպումից առաջ: Ռուսաստանն իր շահագրգռվածությունն ունի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով Թուրքիայի հետ անխափան ցամաքային հաղորդակցություն ունենալու հարցում: Այդ պատճառով այն շատ խանդոտ է մոտենում այլ դերակատարների ներգրավվածությանը տարածաշրջանում, ինչն անմիջականորեն սպառնում է Ռուսաստանի տարածաշրջանային շահերին: Այդ է պատճառը, որ վաշինգթոնյան, բրյուսելյան և նմանատիպ այլ միջնորդությամբ հանդիպումներին միշտ նախորդում և հաջորդում են ռուսաստանյան խորհրդատվական հանդիպումները:


Միաժամանակ, պետք չէ լուրջ ակնկալիքներ ունենալ գալիք քիշնևյան հանդիպումից, որտեղ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները որևէ էական փոխըմբռնման չեն հասնի:

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 07:12
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ