Անցած շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական բանակցություններում երկու կարևոր իրադարձություն եղավ: Հունիսի մեկին Մոլդովայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ, իսկ հունիսի երկուսին Մոսկվայում` Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ եռակողմ հանդիպում:
Հայաստանի վարչապետը, ինչպես նաև` Ադրբեջանի բռնապետը Մոլդովա էին մեկնել մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Հատկանշական է, որ գագաթնաժողովն անցկացվում էր Բուլբոակա գյուղում, որն անմիջապես սահմանակից է Մերձդնեսթրին: Կասկածից վեր է, որ հանդիպման վայրի ընտրությունն ուղիղ ուղերձ էր Ռուսաստանին` Մոլդովայի` դեպի ԵՄ թեքման, և ԵՄ` դեպի արևելք ակտիվացման համատեքստում:
Հունիսի մեկի հնգակողմ հանդիպման գլխավոր առանձնահատկություններից էր Հայաստանի և Ադրբեջանի միջև նման բանակցություններում նոր միջնորդի` Գերմանիայի ներգարվումը: Եթե նախկինում հայ-ադրբեջանական բանակցություններում որպես միջնորդ հիմնականում ներգրավվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ապա, 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում, միջնորդների թիվը գնալով ավելանում է: Դա, առաջին հերթին, պայմանավորված է Մինսկի խմբի անգործունությամբ, և տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի փոփոխությամբ: Եվ այն, որ Գերմանիան այս տարի արդեն մի քանի անգամ ներգրավվում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում` պատահական չէ: Առհասարակ, Գերմանիան գնալով խլում է Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի ազդեցության գոտիները: Ավելորդ չէ նշելը, որ Ֆրանսիան էլ իր հերթին փորձում է Հայաստանի համար դառնալ Ռուսաստանի գլխավոր այլընտրանքը, հատկապես միջազգային հարաբերություններում պատրոնաժի ոլորտում: Պետք է ավելացնել, որ 1992-ից ի վեր Ֆրանսիան Հայաստանի հիմնական խնամակալն էր ՄԱԿ կառույցներում, սակայն տարիների ընթացքում այդ դերը նվազեց:
Ինչպես և նախորդ հանդիպումները, այնպես էլ` Մոլդովայում տեղի ունեցածն ավարտվեց գրանցված դրական առաջընթացի և լիահուսության վերաբերյալ հայտարարությամբ: Իրականում` բանակցությունները հերթական փակուղում են: Կողմերն ունեն խիստ իրարամերժ դիրքորոշումներ մի շարք հարցերում: Միաժամանակ, բանակցությունները լավ միջոց են հայկական կողմի համար` թեկուզ և փոքր, բայց` ժամանակ շահելու մինչ հաջորդ անխուսափելի պատերազմը, և ըստ հնարավորին վերականգնելու իր ռազմական կարողությունը:
Սակայն դա ուղեկցվում է Հայաստանի կրավորական դիրքով` արտաքին հարաբերություններում: Մի քանի օր առաջ հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի` CNN-ի չեխական ծառայությանը տված հարցազրույցը, որի ընթացքում, ուկրաինական պատերազմի մասին տրված հարցին պատասխանելով, Հայաստանի վարչապետը, գուցե և ակամայից, նկարագրեց երկրի ողջ արտաքին քաղաքականությունը մեկ մտքով. «մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք»: Արտաքին հարաբերություններում Հայաստանի նման դիրքորոշումը երկարամյա պատմություն ունի, և մշտապես հանգեցրել ու հանգեցնում է երկրի դիվանագիտական գաճաճությանը: Փոխարենը, Ադրբեջանը դաշնակցում է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ, ինչպես նաև` մեր տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող բոլոր խաղացողների հետ: Եւ ադրբեջանական դիվանագիտության հաջողությունները բացատրելը միայն բնական ռեսուրսներով կամ աշխարհագրական դիրքով` նմանվում է վատ պարողի և նրան խանգարող հանգամանքների արդարացման:
Մեծ հաշվով անարդյունք անցան նաև փոխվարչապետերի բանակցությունները Մոսկվայում: Թեև դրան զուգորդեցին արգելափակված քաղաքացիների` ռուսաստանյան խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխումներն Արցախից և դեպի Արցախ, բայց դա պարզապես լավ դիմախաղ էր վատ նվագի ժամանակ: Եւ այն հանգամանքը, որ թե՛ այդ տեղափոխությունից հետո, թե՛ վերջին ժամանակաշրջանում Արցախի իշխանությունները, որոնք նախկինում առավել զուսպ էին այդ հարցում, սկսել են առավել կտրուկ արտահայտվել ռուսաստանյան խաղաղապահների անգործության կամ անկարողունակության վերաբերյալ, դրա ցուցիչն են: Իսկ Ռուսաստանը գնալով ավելի է նմանվում կավե ոտքերով հսկայի: Սակայն կարևոր է այս անգամ խուսափել այդ հսկայի անկումից առաջացած փլատակների տակ մնալուց:
Եւ ամենակարևորը. Արցախի իշխանությունները պետք է հասկացնեն ռուսաստանյան զորախմբին, որ դրա առավել խորացող անգործության հետևանքը լինելու է Բերձորի միջանցքի ուժով բացումը, այնպես, ինչպես եղել է 32 տարի առաջ: Միգուցե դրանից հետո խաղաղապահները կփորձեն գոնե չնչին չափով փրկել իրենց անվերադարձ կորցրած հեղինակությունը: Վերջ ի վերջո, նրանք էլ գիտեն, որ հայկական վառոդամաններում վառոդ դեռ կա, և կա բավականաչափ վճռականություն և կորով` կրկնելու այն ամենն, ինչ անհնարին էր թվում երեք տասնամյակ առաջ, գրեթե նման իրավիճակում: