Նոյեմբերի 21, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Օգոստոսի 05, 2023

Քաշաթաղի միջանցքի ճգնաժամի և արցախյան հիմնախնդրի շուրջ գործընթացներում վերջին շաբաթվա ընթացքում զարգացումները շատ սրընթաց էին:

Աղավնո, ն.ի.՝ Հակարի գետի կամրջի վրա տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետում մեկ շաբաթ առաջ առևանգվեց արցախցի մի քաղաքացի: Ինչպես նախազգուշացրել էինք այդ պահակակետի տեղադրմանը հաջորդած մեր հաղորդման ընթացքում` Ադրբեջանն ինչ-որ պահից, անկասկած, սկսելու էր առևանգել այդտեղով անցնող քաղաքացիների, հատկապես նրանց, ովքեր երբևէ ներգրավված են եղել Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետմղման գործում: Եւ եթե նույնիսկ Ադրբեջանը շփոթել էր առևանգված Վագիֆ Խաչատրյանին իր լրիվ անվանակցի հետ, դրանից խնդրո առարկան չի փոխվում: Ադրբեջանական ապօրինի անցակետով անցնող ցանկացած քաղաքացի անցնում է անձնագրային ստուգում և այդ անցակետով երթևեկի վերականգնման դեպքում ադրբեջանական կողմը շարունակելու է առևանգել իր համար անցանկալի անձանց: Խնդիրներից մեկն էլ` հայկական կողմի անունակությունն է իր սահմանած «կարմիր գծեր»-ի պահպանմանը հետամուտ լինելու: Եւ, հատկապես բռնապետության հետ հարաբերություններում, զիջումները ոչ միայն չեն ծնելու լուծումներ, այլ` հանգեցնելու են նոր, ավելի մեծ զիջումների: Հարկ է նաև շեշտել այն, որ քաղաքացու առևանգմանը հաջորդեցին մեղադրանքները Կարմիր խաչի ուղղությամբ՝ հայկական հասարկության կողմից: Սակայն պետք է հասկանալ, որ թեև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գտնվում է միջազգային իրավունքի և տարբեր կոնվենցիաների հովանու տակ, սակայն որևէ կերպով օժտված չէ լիազորություններով` պաշտպանելու իր տեղափոխած քաղաքացիականների կամ, նույնիսկ, իր աշխատակիցների անվտանգությունը: Եւ հակամարտությունների տարբեր գոտիներում Կարմիր խաչի տասնյակ աշխատակիցներ և բուժառուներ առևանգնվել կամ սպանվել են: Մյուս կողմից, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախից դուրս մղի Կարմիր խաչի ներկայացուցչությունը, որն այդ մակարդակի միակ միջազգային կառույցն է Արցախում:

Այդուամենայնիվ, վերջին շաբաթվա գործողությունները վերահաստատում են այն համոզմունքը, որ Ադրբեջանի բռնապետը ցուգցվանգի մեջ է: Ալիևն անում է ամեն ինչ, որպեսզի տապալի միջնորդների ջանքերը` Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների անցկացման ուղղությամբ: Եւ Ադրբեջանին այդ գործում օգնում է Ռուսաստանը, որի համար դա նույնքան անընդունելի է: Պատճառը շատ պարզ է. եթե ստեղծվեն միջազգային մեխանիզմներ, որոնք Արցախին թույլ կտան ստանալ անկախություն, Ռուսաստանը ոչ միայն կզրկվի ճնշման ուղիղ լծակներից Արցախի և ողջ Հայաստանի վրա, այլ, մեծ հավանականությամբ, վերջնականապես կկորցնի իր ազդեցությունը տարածաշրջանում: Այնպես որ, Արցախում առկա վիճակը հավասարապես ձեռնտու է թե՛ Ռուսաստանին, թե՛` Ադրբեջանին: Իսկ միջազգային նախադեպերի պակաս չկա: Բանգլադեշը, Արևելյան Թիմորը, Կոսովոն և այլն, վառ օրինակներ են այն բանի, որ գրագետ և հետևողական աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել անկախության հանուն փրկության: Իհարկե, այս պահին միջազգային իրադրությունն այնպիսին է, որ Մայր Հայաստանի հետ միացումն անհնարին է, սակայն միջազգային ասպարեզում իրադարձությունները և շահերը շատ արագ են փոփոխվում, և այս պահին պետք է ստանալ հնարավոր առավելագույնը, որը` Արցախի անկախության ճանաչումն է: Հետագայում արդեն, կարելի է աշխատել նաև վերամիավորման ուղղությամբ: Սակայն, կրկին, պետք է հաշվի առնել բոլոր ռիսկերը և պատրաստվել դրանց հաղթահարմանը, քանի որ այս խաղում պարտվողը կորցնելու ամեն ինչ:

Անցնող շաբաթվա ընթացքում նշանակալի էր նաև Արցախում ստեղծված իրավիճակի քննարկումը ՄԱԿ անվտանգության խորհրդում: Սակայն, ինչպես ասում են` կա մի կաթիլ լեղի կճճում մեղրի: Հայկական կողմը նիստի ընթացքում ողջ շեշտը դրել էր շրջափակման պատճառով ստեղծված մարդասիրական ճգնաժամի արծարծման վրա: Այնինչ, դա բացառիկ հնարավորություն էր Արցախի ինքնորոշման իրավունքի թեման օրակարգ բերելու համար: Առհասարակ, պետք է հիշել` Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամը հետևանք է պետական կառավարման գրագետ կազմակերպման տասնամյակներ շարունակված ձախողման: Եւ այժմ պետք է խուսափել Արցախի ճգնաժամը դիտարկել սոսկ պարենի կամ վառելիքի սղության տեսանկյունից: Առավել ևս, չի կարելի ձևավորել կամ խորացնել խեղճի և անօգնականի հոգեբանությունը: Ցանկացած խնդիր պետք է հստակ ձևակերպվի և ներկայացվի: Եւ մարդասիրական ճգնաժամը պետք է կարողանալ ներկայացնել հենց Արցախի ինքնորոշման անհրաժեշտության համատեքստում, այլ ոչ` սոսկ խղճմտանքի առաջացման:

Այդուամենայնիվ, ժամանակը պետք է ըստ առավելագույնի արդյունավետ օգտագործել և բոլոր ռեսուրսները, այդ թվում` մարդկային և ժամանակային, չվատնել անիմաստ և անարդյունք բախտախնդիր ձեռնարկումների վրա, քանի որ ցանկացած ռեսուրս հատկություն ունի հյուծվելու:

Եւ ավելորդ չէ հիշել այն պահին դեռ պարտված ու տարածքային ծանր կորուստներ կրող Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարքի խոսքերը. «օրվա մեծ հարցերը կլուծվեն ոչ թե ճառերով և մեծամասնության որոշումներով, այլ՝ երկաթով և արյամբ»: Իսկ Պրուսիան, այդ ճառին հաջորդած գործին և տարիներին, սկսեց իր հաղթանակների շարքը և տարածքների վերականգնումը` սկիզբ դնելով Գերմանիայի վերամիավորմանը:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ