Ժողովրդագրական վիճակի համակարգված ուսումնասիրության և զարգացման քաղաքականության իրականացումն Արցախում կարևոր հիմնախնդիր է՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման տեսանկյունից: ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ժողովրդագրական իրավիճակը աղետալի է համարում:
«Ժողովրդագրական միտումները մեզ մոտ բացասական են վերջին տարիներին. հատկապես նախորդ տարվա պատերազմը և համավարակը: Դրանք ժողովրդագրական աղետներ էին: Մեկը առայսօր շարունակվում է, մյուսի ազդեցությունը դեռ երկար զգացնել կտա, երբ գրանցվեցին այդքան երիտասարդների մահեր, որոնք վերարտադրողական տարիքի էին:Այդ պատճառով խնդիր է ծագում ուսումնասիրելու դրա երկարաժամկետ ազդեցությունն ինչպիսին կարող է լինել:Սա կարևոր է հասականալու համար ժողովրդագրական երկարաժամկետ պլանավորման մեջ դրա ազդեցությունը»:
Երևանում բնակվում է ՀՀ մշտական բնակչության 37 տոկոսը: Առկա բնակչության հաշվարկով այդ տոկոսն ավելի է մեծանում: Արցախում պատկերը քիչ է տարբերվում: 2019թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՀ մշտական բնակչության թվաքանակը կազմում էր 148 հազ. մարդ, քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմում էր 56.7 տոկոս, գյուղականը՝ 43.3: Պատերազմից հետո պատկերը փոխվել է: Ունեցանք զոհեր, տասնյակ հազարավոր քաղաքացիներ ոչ իրենց կամքով, լքեցին սեփական բնակավայրերը: Տեղահանվածների մեծ մասը փաստացի բնակվում է քաղաքային համայնքներում, մասնավորապես՝ Ստեփանակերտում: Փորձագետները անվտանգային լուրջ խնդիրների առաջ կանգնած Արցախի համար սա մեծ խնդիր են համարում:
«Արցախի համար կան տարբեր գնահատականներ:Մենք որոշ պաշտոնյաներից լսել ենք 110-120 թվերը: Կան նաև փորձագիտական հաշվարկներ՝ 105 հազար: Սրանք դեռ հաշվարկներ են: Պետք է մարդահամար անցկացվի, որպեսզի ունենանք իրական պատկերը»:
Բնակչության թվի աճը ժողովրդագրական անցման տարբեր փուլերում տարբեր ձևով է արտահայտվում. Մալխասյանի հետազոտությունները ցույց են տվել, որ ագրարային հասարակության պայմաններում, երբ արդյունաբերությունը շատ զարգացած չէր, բնական աճի գործակիցը շատ ավելի բարձր էր:
«Ուրբանիզացիայի կտրուկ աճին զուգընթաց նվազել է ծնելիության միտումը: Պետք է կոնկրետ հասկանալ ինչ փուլ է ընթանում, և անցած տարվա ազդեցությամբ դա գնահատել»:
Հայաստանում և Արցախում ժողովրդագրական դինամիկան բացասական է. Միքայել Մալխասյանի խոսքով՝ վերադարձել ենք շուրջ 45 տարի առաջ արձանագրված ցուցանիշներին: Արտագաղթը, վերջին տարիների աղետները՝ քովիդ, պատերազմ սրել են իրավիճակը, բերելով ժողովրդագրական համակարգի փլուզման:
«Դեմոգրաֆիական համակարգի փլուզում է տեղի ունեցել, քանի որ երբ բնակավայրերի ցանց՝ տարաբնակեցման համակարգ գոյություն ունի, այդ համակարգը ունի նաև բնական աճի, միգրացիայի, իր ավանդական միտումները: Հատկապես բնական աճը երկար ժամանակում ձևավորվող միտում է»:
ՄԱԿ-ի կողմից իրականացված հետազոտություններով դարավերջին, ՀՀ բնակչության թիվը կանխատեսվում է ընդամենը 2 մլն.100 հազ., որը, Մալխասյանի խոսքով, շատ մտահոգիչ է: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ հարևան պետությունների հետ համեմատած, մենք ծերացող հասարակություն ունենք: ՄԱԿ-ի կանխատեսումները էականորեն տարբերվում են ՀՀ վարչապետի կանխատեսումներից: Ինչպես հայտնի է, նա 2050 թվականին ՀՀ բնակչության թիվը կանխատեսում էր 5 մլն: Միքայել Մալխասյանն էլ վերապահումով է մոտենում այս ցուցանիշին: Ըստ նրա, 5 մլն-ը անիրատեսական է բնական աճով: Անիրատեսական է նույնիսկ 4 մլն-ը: «Նույնիսկ եթե չլիներ պատերազմը, առկա միտումները շատ հեռու են այդ ցուցանիշն ապահովելուց»,-ասել է նա: Ի դեպ, Արցախում մինչ պատերազմը ժողովրդագրական վիճակն ավելի բարվոք էր և 2021 թվականին կարող էր հաղթահարել հոգեբանական շեմը:
«Եթե պահպանվեր պատերազմից առաջ գոյություն ունեցող միտումը, և պատերազմ չլիներ, Արցախի մշտական բնակչության թիվը 2021 թվականին կհասներ 150 հազարի, որը հոգեբանական շեմն է: Արցախի և Հայաստանի միջև 30-ամյա ցիկլի կտրվածքով ծնելիությունը 20 տոկոսով ավելի բարձր էր: Ցավոք, այս տարի հակառակն էր, ինչը վկայում է, որ ժողովրդագրական համակրգը փլուզվել է»:
Մեր զրուցակցի խոսքով, ձևավորել են թիմ, որն օգտագործվելով բացառապես պաշտոնական տեղեկատվությունը, հազվադեպ նաև՝ փորձագիտական վերլուծությունները, պետպատվերով կատարում է հետազոտական աշխատանք, որն էլ հիմք է ստեղծում հետագա ռազմավարության մշակման համար:
«Անհրաժեշտ է ժողովրդագրության զարգացման ազգային ծրագիր, որպեսզի համալիր միջոցառումներով դուրս գանք այս վիճակից: Մասնավորապես կարևոր է բնական աճի երկու բաղադրիչներիը՝ ծնելիությունն ու մահացությունը ինչ դինամիկա են ապահովում, ինչպիսին են եղել և տեղի ունեցած փոփոխություններն ինչ ազդեցություն են ունենալու այդ միտումների փոփոխության վրա»:
«Առկա մարտահրավերներին դիմագրավելու համար կտրուկ քայլերի անհրաժեշտություն կա»,- ասում է մեր զրուցակիցը: Նա նաև նշում է, որ պետք է Ժողովրդագրական ճշգրիտ պատկեր ստանալ, ապա իրականացնել այնպիսի համալիր միջոցառումներ, որոնք կփոխեն մարդկանց հոգեբանական, վերարտադրողական վարքագիծը: