Արցախում առաջին անգամ կազմակերպված հեռուստամարաթոնը ավանդական հեռուստամարաթոններին նման չէր․ ֆինանսավորվող ծրագրերը նախորոք են ներկայացվել, և դրամահավաքի մասնակիցները կարող էին իրենք ընտրել, թե որ ծրագիրն են ֆինանսավորելու և քանի տոկոսով։ Ներկայացվել էր ավելի քան 80 ծրագիր․ «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամն ընտրել է դրանցից 15-ը։ 15-ից մեկը մոդուլ տների ծրագիրն է, որի իրագործման համար անհրաժեշտ նյութեր Արցախում չկան․ հավաքված գումարով ձեռք են բերելու նյութերն ու տրամադրելու մասնակցին։ Մանրամասնում է Բարեգործական և ինվիստիցիոն ծրագրերի ռազմավարական պլանավորման բաժնի պետ Բելլա Սարգսյանը։
«14 ծրագրերի ընդհանուր արժեքը ընդհանուր առմամբ կազմում է համարյա 133 մլն դրամ։ Հեռուստամարաթոնի ամենակարևոր և առաջին առանձնահատկություն այն է, որ բարերարը կարող է ընտրել այն ծրագիրը, որը ցանկանում է ֆինանսավորել։ Բայց իրականում բարերարների մեծամասնությունը գումարը փոխանցել է հիմնադրամին։ Ինչպես վերջում քննարկեցինք և հասկացանք, մարդիկ սովոր չեն, որ իրենք պետք է ընտրեն այն ծրագիրը, որը պիտի ֆինանսավորեն»։
Նախատեսված գումարն ամբողջությամբ չի հավաքվել։ Ծրագրերից 8-ի ֆինանսավորումն է ընթացքի մեջ, ներկայացված ծրագրերը ֆինանսավորվելու են ըստ ընդունման հերթականության ասում է Բելլա Սարգսյանը։
«Առաջնահերթությունը տալու ենք ավելի մեծ ֆինանսավորման տոկոս ունեցող ծրագրերին։ Այսինքն, եթե ծրագիր կա, որ քիչ գումար է պակասում իրագործվելու համար դրանք են առաջնահերթ ֆինանսավորվելու։ Հետո արդեն ֆինանսավորվելու են ըստ ծրագրի տեղադրման ժամանակի։ Այս պահի դրությամբ ծրագրերն ամբողջությամբ չեն ֆինանսավորվել։ Մոտավորապես 58 մլն դրամ գումար է հավաքվել»։
Բելլա Սարգսյանի խոսքով՝ սկզբնական շրջանում ծրագրերի ընդունման հարցում ոլորտային սահմանափակումներ չեն եղել։
«Ընդունում էինք թե՛ բիզնես, թե՛ բարեգործական ծրագրեր։ Բիզնես ծրագրերի դեպքում տրամադրում էինք անտոկոս փոխառության տարբերակով մինչև 20 մլն դրամ, մինչև 10 տարի մարման ժամկետով։ Իսկ բարոգործական գումարները տրամադրվել են անվերադարձ, քանի որ շահույթ չի հետապնդում, հանրային խնդիրների լուծման նպատակ ունեն»։
Հեռուստամարաթոնին մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցները, ասուլիսի մասնակիցները նրանց անունները նշել չեն ցանկանում։ Առանձնացնում են Հունաստանի հայ համայնքին, որը մեծ գումար է փոխանցել։
«Թե՛ տեխնիկական, թե՛ իրավաբանական բոլոր խնդիրները հաշվի առնելով Հունաստանում ապրող հայերը առաջիններից են եղել, ովքեր հանգանակություն են կատարել»։
Հեռուստամարաթոնի կազմակերպման համար մեծ աշխատանքներ են տարվել՝ ասում է «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի օգնական Հակոբ Ավանեսյանը։ Հեռուստամարաթոնի կազմակերպման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 15 մլն դրամ գումար։
«Իրակունում մեծ թիմ է աշխատել հոռուստամարաթոնը կյանքի կոչելու համար, իհարկե այդ ամենը չի երևացել։ Ուղիղ եթերների ժամանակ, դրանից առաջ կազմակերպված նկարակհանումների, տեսահոլովակների պատրաստման ժամանակ շատ մեծ աշխատանք է կատարվել»։
«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը ամփոփում է ընթացիկ արդյունքները, բայց չի շտապում նշել, որ արդյունքները վերջնական են։ Այժմ քննարկվում է հեռուստամարաթոնը ամենամյա դարձնելու գաղափարը։