Արցախյան երրորդ պատերազմը հիմնովին փոխեց բոլորիս պատկերացումները կյանքի մասին։ 2020-ից հետո Նոր տարին այլևս տոնական տրամադրություն չի բերում, բայց մենք չենք դադարում սպասել ու հավատալ հրաշքների։ Ամբողջ տարին հրաշքի սպասումով են անցկացրել հարյուրավոր ընտանիքներ, նրանք, որոնք պատերազմի ընթացքում կորցրել են կապն իրենց հարազատների հետ։ Այդ հրաշքի իրագործմանն էին ուղղված ԱԻՊԾ որոնողափրկարարական ջոկատների աշխատանքները մի ամբողջ տարի։ Հատկապես 2020 թվականի դեկտեմբերին 20-ին 6 ժամկետային զինծառայողի, իսկ դրանից երկու օր անց՝ հայր և որդի Պետրոսյանների հրաշքով փրկվելուց հետո ազգովի ուզում էինք հավատալ, որ մեր՝ անհայտության մեջ հայտնված հայրենակիցները կգտնվեն։ Բայց, ցավոք, 2021-ի ընթացքում գտնվածը միայն աճյուններ էին։ Ամանորը նշելու տրամադրություն և ժամանակ չկար, 2021-ի տարեմուտն է հիշում 15 տարվա «փրկարար»՝ Սևակ Ալեքսանյանը․
«Պատերազմից հետո, մեր առաջ նպատակ էինք դրել օր առաջ հայտնաբերել անհայտ կորածներին։ Բոլորս կազմակերպված և մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել մեր առաջ դրված խնդիրներին»։
Ամեն անգամ որոնողափրկարարական խնդիրը կատարելիս փրկարարները, որպես գործիք առաջինն իրենց հետ տանում են սառնասրտությունը։ Դժվար է լինել հայրենի գյուղում կամ քաղաքում, տեսնել թշնամուդ քո դիմաց ու պարզապես աճյուն որոնել։ Այնտեղից վերադառնալը, կրկնակի դժվար է՝ հայրենիքիդ կորուսյալ այդ հատվածը նորից ես կորցնում։ Մեզ հետ զրույցում Սևակը բառերն ընտրում է զգույշ, մասնագիտությանը բնորոշ բառամթերքով փորձում նկարագրել այն զգացողությունները, որոնք ուղեկցում են իրենց՝ որոնումների ամբողջ ընթացքում։ Հայացքը սակայն ավելին է պատմում։ Սևակի համար դա զուտ աշխատանք չէ․
«Առաջնահերթ մեր հայրենակիցներն են․ մեր եղբայրները,նրանց գտնելը, թեկուզ նրանց աճյունը վերադարձնելը հարզատաներին արդեն հանգստություն է» ։
Պատերազմի ընթացքում և դրանից հետո որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել անհայտ կորածների ծնողները, հարազատները, նաև այն մարդիկ, որոնք լավ ծանոթ են տեղանքին։ Սևակի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ հենց ծնողը կամ զավակն է գտել իր հարազատի աճյունը։ Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը մեկն է այն ծնողներից, որը երբեք բաց չի թողել գրավյալ տարածքներում որոնումներ իրականացնելու հնարավորությունը։
«Բազմաթիվ անգամ մասնակցել ենք որոնումններին, բանակցություններին՝ ինչպես և որտեղ անցկացնել որոնումներ» ։
Արմեն Ասրյանն ափսոսանքով է նշում, որ այս ընթացքում միայն աճյուններ կամ մասունքներ են գտել։
«Արցախում գրանցում ունեցող 37 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի ճակատագիրն առայսօր անհայտ է, ասում է միության նախագահը։ Նա այն համոզմանն է,որ նրանք այս պահին Ադրբեջանում գերի են, չնայած պաշտոնական հաղորդագրություններն այլ բան են վկայում ։ Մենք չունենք սպասելիքներ, հասկանում ենք, որ այս ամենը քաղաքականցված է։ Այլապես, ինչու մինչ օրս Ադրբեջանի կողմից հաստատված արցախցի գերու ոչ մի տվյալ չկա»։
Ամբողջ տարվա ընթացքում անհայտ կորածների թիվը նվազել է. սպասումը, որ նրանց մեծ մասը ողջ կլինեն՝ ապարդյուն էր․ դրան զուգահեռ Եռաբլուրում ու Ստեփանակերի Պանթեոնում տեղի են ունենում նոր հուղարկավորություններ։ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը զոհվածների հարազատների համաձայնությամբ ու մասնագետների խորհրդով տապանաքարի համար ընտրվել է սև հնդկական քարի տեսակը․ Ստեփանակերտի պանթեոնում 164 հուղարկավորություն է իրականացվել։․
«Համապատասխան պայմանագրերն արդեն կնքված են ԱՀ կառավարության և Պանթեոնի բարեկարգման աշխատանքներն իրականացնող կազմակերպության հետ։ Պատվիրած քարերից մի խմբաքանակ արդեն Արցախում է,մնացածը հունվար-մարտ ամիսներին կբերվի»։
Միությունն ամենօրյա ռեժիմով հետևում է իրականացվող աշխատանքներին, ընթացքից գոհ են, ասում է Արմեն Ասրյանը։ Յուրաքանչյուր կազմակերպություն, որն ընգրկված է պանթեոնի բարեկարգման աշխատանքներին, գիտակցում է պատասխանատվության չափը և իր գործն անում է նվիրումով։ Արմեն Ասրյանը լիահույս է,որ պանթեոնը ամբողջական տեսքի կբերվի 2022-ի հուլիս-օգոստոս ամիսներին։ Եվ ամենակարևորը՝ հուղարկավորված հերոսների կողքին այլևս նոր անուններ չեն ավելանա։