Վերջին 2 շաբաթվա ընթացքում Արցախում կորոնացուցանիշները նվազել են: Բժիշկ, համաճարակաբան Զոյա Ներսիսյանը թերահավատորեն է մոտենում վիճակագրությանն ու ասում, որ ամեն ինչ իր բացատրությունն ունի: Նախ՝ բնակչության մեծ մասը չի թեստավորվում, երկրորդ հավանական պատճառը նոր վարակն է:
«Մենք մինչև Նոր տարին գրանցել ենք լավ ցուցանիշներ և թեստավորումների և պատվաստումների մեջ, բայց Նոր տարուց հետո ապատեղեկատվության պատճառով նրանց թիվը նվազել է»:
Տոկոսային հարաբերությամբ այս տարի պատվաստումների թիվը կտրուկ նվազել է: Տարածվող ստահոդ լուրերը դեռևս շարունակում են խոչընդոտել բնակիչների՝ պատվաստումներին ներկայանալուն: Զրուցակցիս խոսքով՝ «առասպելները» տարբեր են:
«Մարդիկ ասում են, թե պատվաստումներից հետո չբերություն է առաջանում, մահվան դեպքեր են գրանցում, բայց դա իրականությանը չի համապատասխանում»:
Բնակիչները, մեծամասամբ, նախընտրում են «Սպուտնիկ» և «Սինոֆարմ» պատվաստանյութերը, քչերն էլ՝ « Մոդերնա»:
Համաճարակաբանի խոսքով՝ պատվաստվածները շնչառական նոր վիրուսը ավելի հեշտ են հաղթահարում: Սեփական փորձից է խորհուրդ տալիս պատվաստվել՝ խուսափելու համար կորոնավիրուսի հետագա բարդացումներից: