Արցախը վերակենդանացման բաժանմունքից կամաց-կամաց տեղափոխվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունք․ այսպես է արտգործնախարար Դավիթ Բաբայանը որակում մեր երկրի վիճակը։ Արտաքին գերատեսչության ղեկավարը հանդես է եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով։ Դավիթ Բաբայանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում նախարարության կատարած աշխատանքն ու պատասխանել լրագրողներին հուզող հարցերին։ Արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է 2021 թվականի համար նախատեսված իր բոլոր գործառույթները՝ համոզված է նախարարը։ 2022 թվականի համար գերատեսչության հիմնական նպատակները նույնն են մնացել։
«Ընդհանուր առմամբ մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր շահերը միջազգային տարբեր ատյաններում և անմասն չմնանք աշխարհաքաղաքական գործընթացներից»։
Արտաքին գործերի նախարարության գործունեության առանցքային կետը միջազգային տարբեր հարթակներում երկրի տեսակետը ներկայացնելն է։ Նախարար Դավիթ Բաբայանը ներկայացրել է՝ ինչ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ։
«2021 թվականին մենք ԵԱՀԿ-ում տարածել ենք 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում 15 փաստաթուղթ, ԵԽ-ում 4 փաստաթուղթ․ ընդհանուր՝ 39 փասատաթուղթ, ստացվում է, որ մենք այս 3 կառույցներում 10 օրը մեկ մի փաստաթուղթ ենք տարածել։ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրություններն ու մեկնաբանությունները եղել են 32 հատ։ Պաշտոնական հաղորդագրությունների թիվն, ընդհանուր առմամբ, կազմում է 88։ Եթե ամփոփենք՝ կստացվի, որ Արցախի ԱԳՆ-ը տարածել է 159 պաշտոնական հայտարարություն, հաղորդագրություն, մեկնաբանություն․ կարծում եմ, որ սա բավականին ակտիվ գործընթաց է»։
Այս փաստաթղթերը վերաբերում են տարբեր ոլորտների։ Դրանցից շատերը միջազգային կառույցների կողմից արժանացել են համապատասխան արձագանքի։
«Երբ որ փաստաթուղթը տարածվում է տարբեր միջազգային հարթակներում, տարածվում է բոլորի համար։ Ադրբեջանի պահվածքով, իրենց այդ նյարդային վիճակով կարելի է դատել, որ փաստաթղթերը համապատասխան ուշադրության են արժանանում։ Այդ փաստաթղթերը, հայտարարությունները, մեկնաբանությունները մի քանի հարցերի են վերաբերում․ նախ՝ մարդասիրական՝ գերիներին, պատանդներին վերաբերող, նաև՝ Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության ու տարբեր քաղաքական հարցերի մասին։ Դրանք, ընդհանուր առմամբ, ունենում են իրենց ազդեցությունը»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ Արցախ են այցելել 2019 թվականին։ Դրանից հետո, տարբեր իրավիճակներից ելնելով, նրանց Արցախ գալը անընդհատ հետաձգվում է։ Այս խոչընդոտները, սակայն, Դավիթ Բաբայանը զուտ տեխնիկական է համարում։
«Ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել համանախագահների այցը տարածաշրջան։ Մենք կապի մեջ ենք իրենց հետ և գիտենք, որ հանդիպում է տեղի ունեցել Արցախի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահի հետ, ես էլ եմ մասնակցել այդ հանդիպմանը։ Մենք բարձր ենք գնահատում նման հանդիպումները»։
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը սրտնեղում է, որ համանախագահների՝ տարածաշրջան այցելությունը ձգձգվում է։ Ինչու՞ է մոռանում, որ համանախագահներից մեկն էլ հանդիսանում է իր երկրի դիվանագետը․ լրագրողների հարցին ի պատասխան՝ Դավիթ Բաբայանը պատասխանում է․
«Եռյակի անդամները պարբերաբար հանդիպում են, կազմակերպում են նաև հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Կարծում եմ՝ որպեսզի եռանախագահությունը նորից սկսի գործել ընդունված ձևաչափով, անհրաժեշտ են լինելու որոշ քաղաքական ճնշումներ Ադրբեջանի վրա, որովհետև միակ երկիրը, որը խոչընդոտում է նրանց գործունեությանը հենց Ադրբեջանն է»
։ Ու՞մ կամ ո՞ր պետության իրավահաջորդն է Արցախի Հանրապետությունը․ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը այս հարցը շատ կարևոր է համարում։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը դադարել է իր գոյությունը՝ դառնալով Լեռնային Ղարաբաղ Հանրապետություն: Մարզի և հանրապետության նույնականացումը արտգործնախարարը վտանգավոր է համարում։
«Արցախը ունի պետականության շատ մեծ պատմություն, հազարամյակների պատմություն։ Մենք եղել ենք բոլոր հայկական միասնական թագավորությունների բաղկացուցիչ մասը, հետևաբար մենք պետք է այդ ամենը նշենք, նորագույն պատմության մեջ կա կարևոր մի հարց՝ ԼՂՀ-ի և ԼՂԻՄ-ի նույնականացումն է, այս ծուղակի մեջ մենք չպետք է մտնենք, որովհետև ցանկացած նույնականացման փորձ կասկածի տակ է դնելու Արցախի Հանրապետության լեգիտիմությունը»։
Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով պայմանավորված՝ նոր պատերազմի հավանականությունը Դավիթ Բաբայանը չի բացառում, բայց փաստերով ներկայացնում է՝ ինչու այս պահին պատերազմը քիչ հնարավոր սցենար է։
«Հայաստանի վրա լայնածավալ հարձակումը կնշանակի հարձակում ՀԱՊԿ-ի վրա, որը անուշադրության մատնվել չի կարող․ սա ինչ վերաբերում է Հայաստանին։ Ինչ վերաբերում է Արցախին, այստեղ խաղաղությունն ու ստաբիլությունը պահպանվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից, այսինքն Արցախի վրա հարձակումը կնշանակի հարձակում Ռուսաստանի վրա, այս կոնտեկստում դա կլինի ուրիշ պոտերազմ»։
Նախարարը փաստում է, որ 2021թ․ չի եղել գեթ մեկ զարգացում կամ քայլ, որ գերատեսչության կողմից պատասխանի չարժանանար։ Ադրբեջանի որևէ քաղաքական կամ դիվանագիտական հարձակում մեր երկրի վրա անպատասխան չենք թողել՝ նշում է Դավիթ Բաբայանը։
«Այս գործում մենք օգնել ենք նաև մեր երկրի այլ գերատեսչություններին, մասնավորապես, ՄԻՊ գրասենյակին, որը տարբեր փաստաթղթեր է շրջանառության մեջ դրել , ԿԳՄՍ նախարարությանը։ Այսինքն՝ աշխատանքներ ենք տարել այն գերատեսչությունների հետ, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն արտերկրի հետ։ Մենք փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք մեր երկրի շահերը»։
Դավիթ Բաբայանը կարևոր է համարում Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, միջազգային ճանաչումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որոնք մեր երկրի համար առանցքային նշանակություն ունեն։ Նա նաև կարևորում է սերտ համագործակցությունը Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ։ 2020 թվականի պատերազմից հետո այս հարցերի կարևորությունն ավելի է ընդգծվել։ Հարցերին լուծում տալու համար անհրաժեշտ է համապատասխան մարտավարություն և ռազմավարություն՝ ամփոփել է Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։