Դեկտեմբերի 03, 2024

Արցախի էներգետիկ ռեսուրսները որքանո՞վ են ապահովում ներքին սպառման պահանջարկը

By Ասպրամ Ավանեսյան Փետրվարի 17, 2022
2021 թվականին Հանրապետությունում նվազել է ինչպես էլեկտրաէներգիայի արտադրությունը, այնպես էլ սպառումը: Մասնավորապես, արտադրվել է 68,7 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Սպառումը նվազել է 15,6 տոկոսով: Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը պարզաբանում է՝ թե Արցախի էներգետիկ ռեսուրսները որքանով են ապահովում ներքին սպառման պահանջարկը: 
 
«Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, պակասը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից»:
 
Պետական բյուջեից 2021 թվականին տրամադրվել է 12,3 մլդ. դրամի էներգետիկ սուբսիդիա՝ գազի և էլեկտրաէներգիայի համար: Մշակված համընդհանուր սուբսիդիան մի շարք խնդիրներ է առաջացրել՝ ասում է Հայկ Խանումյանը: Այդ պատճառով է, որ անցած տարվա դեկտեմբերի 1-ից այն դադարեցվել է:
 
 «Սոցիալական խնդիր լուծելուց բացի, այն առաջացնում է լուրջ համակարգային խնդիրներ, նախ՝ մարդիկ հետ են վարժվում վճարելու մշակույթից, երկրորդ՝ խնայող չեն լինում, ինչը համակարգում բերում է նոր խնդիրների: Մենք ստիպված եղանք էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը դադարեցնել: Ձմեռվա մեծ մասն արդեն անցել է, ինչպես տեսնում ենք, ոլորտում խնդիրներ չունեցանք: Սա նշանակում է, որ ընդհանուր էներգետիկ համակարգի պահպանման տեսանկյունից կառավարության այս որոշումը կարևոր էր»:
 
 Էներգետիկ ոլորտի աշխատանքների համար այս տարի ևս նախատեսված են միլիոնավոր դրամներ՝ ասում է Հայկ Խանումյանը, բայց միջոցները կուղղվեն հիմնականում զարգացման ծրագրերին: 
 
«Չգազաֆիկացված համայնքներում կիրականացնենք «արևային ջրատաքացուցիչների» ծրագիրը: Այն 50 տոկոսով կսուբսիդավորի պետությունը, մյուս մասը կտրամադրվի վարկային միջոցներով, որոնք արդեն առկա են: Բոլոր համայնքներում դպրոցների, բազմաբնակարան շենքերի վրա կտեղադրվեն ֆոտովոլտային կայաններ՝ կրճատելով նրանց էներգետիկ ծախսը»: 
 
Սուբսիդավորման ծրագրերից անցումը զարգացման ծրագրերին հնարավորություն կտա հետագայում ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ ասում է նախարարը: Բացի ֆոտովոլտային կայաններից և արևային ջրատաքացուցիչներից, համայնքներում ներդրվելու է նաև «էլեկտրական հովիվ» ծրագիրը: 
 
«Ծրագրի նպատակը անասունների՝ թշնամու կողմն անցնելը բացառելն է, հատկապես վտանգավոր տեղերում: Ինչպես գիտենք, նախորդ տարի այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել և բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ մեծ կորուստներ են ունեցել»:
 
 Էներգետիկ ոլորտում 2021 թվականի ամենանշանակալի աշխատանքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարը համարում է 45 կմ երկարությամբ 35 ԿՎ-անոց Ստեփանակերտ-Մարտունի-Ճարտար օդային գծի կառուցումը: 
 
«Մինչ այդ Մարտունու շրջանը էներգետիկ խնդիրներ ուներ և հիմնականում սնուցվում էր արագ կառուցված 10 ԿՎ օդային գծերով և դիզելային ու բենզինային գեներատորներով»:
 
 Բացի Մարտունու էլեկտրական գծից բազմաթիվ վերակառուցման աշխատանքներ ու նորոգումներ են իրականացվել նաև տարբեր ենթակայաններում: Հետպատերազմական առաջին տարում էներգետիկ ոլորտի խնդիրների գերակշիռ մասը լուծվել է: Բայց անելիքներն էլ դեռ շատ են: Փոխվել է դրանց բնույթը: Այսուհետ շեշտը կդրվի զարգացման ծրագրերի վրա:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ