Նոյեմբերի 21, 2024

«Շարժում - 88․ հետադարձ հայացք, իրականություն և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկում

By Ասպրամ Ավանեսյան Փետրվարի 18, 2022
Խորհրդային տարիներին արցախցու պայքարը չդադարեց, փոխվեց միայն բնույթը։ Տարբեր ժամանակներում Լեռնային Ղարաբաղից ստորագրություններով նամակներ էին ուղղվում միութենական երկրի ղեկավարությանը մեկ պահանջ-խնդրանքով՝ վերականգնել պատմական արդարությունը։ Այդ քայլերին սակայն, որպես կանոն,  հաջորդում էին բռնաճնշումները։ Լեռնային Ղարաբաղը քայլ առ քայլ մոտենում էր կետի,  որից հետո Նախիջևանի պես հայաթափումն էր։ Արդեն 1980-ականների կեսերին, գորբաչովյան վերակառուցման քաղաքականության մեջ ժողովուրդը պատմական արդարությունը վերականգնելու հնարավորություն տեսավ։ Սկիզբ առավ  Արցախը Մայր Հայաստանին միավորելու ընդհատակյա, ապա և՝  հրապարակային  պայքարը։   Շրջկենտրոններում ու  Ստեփանակերտի հրապարակում հավաքված ժողովուրդը մի պահանջ ուներ՝ միանալ Մայր Հայաստանին։   1988թ-ին կարծես թե հստակ էր արցախյան հարցի իրավական կողմը՝ Արցախը կա՛մ Հայաստան է, կա՛մ Ադրբեջան։ Բայց  ինչպե՞ս ստացվեց, որ Շարժման մասնակիցները հրաժարվեցին Միացման գաղափարից, հետաքրքրվում են  կլոր սեղանին ներկա երիտասարդները։   Շարժման առաջամարտիկ   Աշոտ Սարգսյանն է պատասխանում։
 
 «1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանն ընդունում է մի շատ հիմար որոշում։ Ադրբեջանը հռչակվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, որի կազմում ո՛չ Արցախը, ո՛չ Նախիջևանը չեն մտնում։ Այդ պահին էլ Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջով և Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այդ խմբի մյուս անդամների համաձայնությամբ ստեղծում է անկախ պետություն և սեպտեմբերի 2-ին մենք հռչակվում ենք անկախ պետություն։ Դա է եղել մեր միամտությունը։  
-Իսկ դա որևէ ձևով կանխել հնարավոր չէ՞ր։  
-Որևէ ձևով կանխել հնարավոր չէր, ասեմ ավելին, ես այն ժամանակ լինելով Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ, հետո իմացա, որ այդ որոշմանը հավանություն է տվել նաև ՀՅԴ-ն․ ծովից ծով Հայաստան երազողն այդ պահին հանկարծ համաձայնվում է ինչ-որ առանձին հանրապետության ստեղծմանը»։
 
 Նստաշրջանի որոշումը, որով Արցախը հետագայում ճանաչվեց առանձին Հանրապետություն, Ասկերանի ընդհատակյա շարժման առաջնորդ Սլավիկ Առուշանյանը դավաճանական քայլ է որակում։ 
 
«Ժողովուրդը բոլոր ընդհանուր ժողովներում Ղարաբաղը հռչակել է Հայաստանի մաս։ Նախնական պայմանավորվածությամբ նստաշրջանը նույնպես պետք է այդ որոշումն ընդուներ, բայց ժողովրդին դավաճանել են։ Ղեկավարությունը համաժողորդական պահանջին դեմ է գնացել»։ 
 
Բոլոր հայկական տարածքներին սահմանադրությամբ իրավական կարգավիճակ պետք է տրվի՝ ասում է Աշոտ Սարգսյանը։ Նրա   խոսքով նախկինում թույլ տված սխալները կրկնելու իրուվունք չունենք։ 
 
«Մենք իրավական տեսանկյունից հայտ պետք է ունենանք, բայց այս պահի դրությամբ մեր առաջին քայլը պետք է լինի այն, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները երկքաղաքացիության մասին օրենք ընդունեն։ Պատկերացրեք, այսօր պայմանագրային զինծառայողները գալիս են, որ այստեղ ծառայեն, ասում են՝ կա՛մ պետք է Արցախի քաղաքացի լինես, կա՛մ էլ չենք ընդունում։ Բայց եթե երկքաղաքացիության մասին օրենք լինի, այդ հարցը կլուծվի և բացի դրանից, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր կլինի պաշտպանել Արցախի Հանրապետությանը»։ 
 
Մայր Հայաստանին միավորվելու ժողովրդի ջանքերը արդյունք չտվեցին։  Չի բացառվում, որ կարող է սկիզբ առնել նոր Շարժում՝ ասում է   «Աֆղանստանի վետերանների միության» նախագահ  Արմեն Գևորգյանը։   
 
«7-8 կազմակերպության հետ պայմանագիր ենք կնքել, ուզում ենք համախմբել հասարակական կազմակերպությունները, փորձում ենք համախմբվել ինչ-որ մի գաղափարախոսության շուրջ։ Հիմա մենք ծրագիր ենք մշակում,   պատրաստ լինելուն պես կներկայացնենք հանրությանը։ Մեր երիտասարդությանը, պատանիներին պետք է պատրաստենք պատերազմի»։ 
 
Շարժման ակտիվ մասնակիցները  համոզված են՝ պայքարը չի ավարտվել․ 
 
«Ես տարիքս առած մարդ եմ, թոշակառու, բայց բոլորն էլ գիտեն՝ ես պատրաստվում եմ պատերազմի։ Առանց պատերազմի մենք ոչ մի բանի չենք հասնի։ Միամտություն է կարծել, որ ինչ-որ գերտերություն կարող է մեզ ինչ-որ բան նվիրել»։
 
 Ժամանակները փոխվել են, փոխվել են նաև պատերազմի պահանջները։ Այսօր հրացանի հետևից չպետք է գնանք, ատոմային ռումբն է եղանակ փոխում՝ ասում է ԿԳՄՍ   նախարարության նախազորային պատրաստության բաժնի պետ Դավիթ Օհանջանյանը։    Երիտասարդների աչքերում կարծես թե վրեժ չկա՝ ասում  է․ 
 
«Վրեժը շատերի մեջ չի եղել, որովհետև մենք անձնական շահը բարձր ենք դասում ազգային շահից»։
 
 Պատմությունը կրկնվել է սիրում և մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք իրադարձության ցանկացած զարգացման՝ ասում են  Շարժման մասնակիցները։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ