«Հաթերք Ֆուդ» ընկերության թիմը Արցախում մեղվաբուծության զարգացման մեծ պոտենցիալ և նոր հեռանկարներ է տեսնում։ Առաջարկները ոլորտային զարգացման ռազմավարության տեսքով արդեն քննարկել են նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Ընկերության տնօրեն Սամվել Միրզախանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հանրապետության նախագահը հավանություն է տվել ծրագրին և խոստացել իր աջակցությունը։
«Նախագահ Հարությունյանի հետ պարբերաբար քննարկել ենք մեր տեխնոլոգիայի առանձնահատկությունները, և լավ տեղյակ էր մեր գործունեությանը։Մեր վերջին հանդիպումն առանձնահատուկ էր նրանով, որ նախ ամփոփեցինք 2021 թվականի դեկտեմբերին Դուբայում օրգանական մթերքների ցուցահանդեսին «Հաթերք Ֆուդի» մասնակցության արդյունքները»։
Արցախի կառավարության կողմից մեղվաբուծությունը գերակա ուղղություն հռչակվել էր դեռ մինչև պատերազմը, ծրագրեր էին իրականացվում այսպես կոչված բջջային մեղվաբուծության զարգացման ուղղությամբ։ «Հաթերք Ֆուդը» մեղվաբուծության այդ ճյուղով չի հետաքրքրվում, առավելապես շեշտադրում են անում օրգանական մեղրի արտադրության և արտահանման վրա։
«Նպատակ ենք հետապնդել բրենդավորել արցախյան արտադրանքը և ներկայացնել աշխարհին որպես յուրահատուկ, էկոլոգիական արտադրանք, մեղրը դարձնել Արցախի այցեքարտը։ Անընդհատ կատարելագործելով իր աշխատանքային տեխնոլոգիան և ներգրավելով պրոֆեսիոնալ անձնակազմ, «Հաթերք ֆուդը» հասել է մի մակարդակի, որ սինթեզել է իր հեղինակային աշխատանքային տեխնոլոգիան»։
Ինչո՞ւ օրգանական՝ քանի որ ամբողջ աշխարհում տենդենցները տանում են դեպի էկոլոգիապես մաքուր, առանց քիմիական հավելումների արտադրանքին, հաշվի առնելով երկրագնդի, ու հատկապես սննդի, գյուղատնտեսական մթերքների աղտոտվածությունը։ Մեղրի պարագայում հատկապես, քանի որ այն համարվում է յուրահատուկ, իմունոխթանիչ պրոդուկտ և հատկապես քովիդի պարագայում ամբողջ աշխարհում 40-50 տոկոսով մեծացել է այդ օրգանական ապրանքի պահանջարկը և սպառումը։ Դրան զուգահեռ մեղուների անկում է նկատվում։ Օրգանական Մեղրի իր բիզնեսի հիմնավորումը տալով՝ Սամվել Միրզախանյանը թվարկում է ավանդական մեղվաբուծության համեմատ նրա առանձնահատկությունները։
«Ավանդական մեղվաբուծության համեմատ աչքի է ընկնում իր ավելի բարձր եկամտաբերությամբ։ Բացառել ենք բոլոր տեսակի հակաբիոտիկները, քիմիական պրոֆիլակտիկ միջոցները, որոնք ավանդաբար օգտագործվում են մեղվաբուծության մեջ և որոնք արգելված են օրգանական մեղվաբուծության մեջ։Հենց դրա շնորհիվ էլ ստացվում է բարձր որակի էկոլոգիապես մաքուր օրգանական մեղր»։
«Հաթերք ֆուդի» տեխնոլոգիան հիմնված է միջազգային փորձի, գիտահետազոտական ուսումնասիրությունների վրա, միաժամանակ կիրառում է արցախյան մեղվաբուծության ավանդույթները։ «Մենք ստեղծել ենք հատուկ բազա, մշակել մեղվափեթակների հատուկ ստանդարտներ և օրգանական մեղվապահական տեխնոլոգիա»,-ասում է ընկերության տնօրենը։
«Տեխնոլոգիայի առանձնահատկություններից մեկն էլ փեթակների հատուկ ստանդարտներն են։ Նախ նրանց ներկերը օրգանական ակրիլային ներկեր են, որոնք ացետոն չեն պարունակում, ինչը թունավոր ազդեցություն է թողնում մեղրի որակի վրա։ Արդյունավետ օդափոխության համակարգերը և ջերմամեկուսացման ռեժիմը նպաստում են, որ մեղուն օպտիմալ ծախս կատարի մեղրի և նույն պայմաններում 20-30 տոկոսով ավելի եկամտաբեր լինեն։Այս ամենին համադրում ենք նաև տոհմային մայրերը, որոնք բարձր ձվադրութուն ունեն, բարձր իմունիտետ, և խաղաղասեր են»։
Երիտասարդ գործարարը տեղեկացրեց, որ 2021 թվականին հիմնել են նաև տոհմային մայրաբուծարան և կատարում են սելեկցիոն աշխատանքեր։ Այս տարի արդեն կստանան ավելի քան 1000 մեղվամայր, որոնք կտրամադրվեն մեղվաբույծներին։ «Հաթերք ֆուդի» տնօրենը նշում է, որ պարբերաբար հանդիպումներ են ունենում պետական, մասնավոր ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ և քննարկում հետագա համագործակցությունը։ Այդ հանդիպումներում փորձ են անում հասկանալ առկա խնդիրներն ու առաջարկությունները, որոնց հիման վրա կմշակվի կոնկրետ ծրագիր, որով կմեծացնեն Արցախում մեղրի արտադրության ծավալները։ Գործարարը նշում է, որ այս ծրագրերին զուգահեռ թիմը կշարունակի միջազգային հարթակներում Արցախյան մեղրի առաջխաղացման ու բրենդինգի գործընթացը` ապահովելով մեղրի շարունակական սպառումը։