Նոյեմբերի 23, 2024

Նկարները տարբեր էին, պատկերված կարոտը՝ նույնը

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 27, 2022
Նկարները տարբեր էին, պատկերված կարոտը՝ նույնը Artsakhpress.am

Մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում ներկայացված  նկարները մեկ թեմայով էին՝ Արցախ աշխարհ։ Նկարներում հարազատ  պատկերներն են՝ տարբեր գունային համադրություններով։ Կարմիր,  դեղին, կանաչ, կապույտ․ գույները  հիմնականում վառ են։  Հադրութի հրաշք բնությունն է, եռագույնը, տատն ու պապը, Գանձասարը։ Աշակերտները մեծ ոգևորությամբ են պատրաստվել ցուցահանդեսին՝ ասում է Հադրութի արվեստի դպրոցի տնօրեն Տաթևիկ Մկրտչյանը։ Միջոցառումը հենց  Հադրութի արվեստի դպրոցն է կազմակերպել, նպատակը՝   հարազատ մշակույթի հանդեպ սեր և հարգանք սերմանելն է։ 

 «Այս դժվար օրերին, իմ կարծիքով, ճիշտ է մեկ միջոցառում ավել կազմակերպել՝ ցույց տալու համար, որ մենք բոլորս Արցախում ենք, հադրութցիները Արցախում են։ Մենք ցույց ենք տալիս մեր մշակույթը»։

Հադրութի արվեստի տունն այժմ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում է գործում։ Ճիշտ է, պայմանները  բավարար  չեն, բայց իրենք  շարունակում են ստեղծել ու պահպանել Հադրութի շունչն ու ոգին՝ ասում է։

«Օրինակ՝ կերպարվեստի դասարան չունենք։ Դասերը կազմակերպում ենք ուրիշ  դասարաններում։ Հուսով ենք, որ նոր ուսումնական տարում  շենքային պայմաններով նպաստավոր կլինեն»։

Ֆրանսիացի գրող, դրամատուրգ Դենի Դիդրոն ասում է․ «Այն երկրում, որտեղ երեխաներին սովորեցնում են նկարել այնպես, ինչպես գրել ու կարդալ,  կհասցնեն արվեստի բոլոր ոլորտներում»։ Հադրութի արվեստի դպրոցի կերպարվեստի ուսուցիչ Ալեքսանդրա Ավանեսյանը համաձայն է այս մտքի հետ։ Նա 3 դասարան, 21 աշակերտ ունի։

«Իմ նպատակն է, որ մեր երեխաները սովորեն վերլուծել, զարգանա նրանց ստեղծագործական միտքը։ Այդպես նրանք կկարողանան հաջողել բոլոր ոլորտներում։ Մեր նպատակն այն չէ, որ նրանք նկարիչներ դառնան, մեր նպատակն է երեխաներին սովորեցնել ստեղծագործել»։ 

Երեխաները փորձել են իրենց հույզերն ու տրամադրությունը փոխանցել ներկաներին՝ ասում է Ալեքսանդրա Ավանեսյանը։ Բոլոր գործերում կարմիր թելի պես անցնում է հայրենասիրության թեման՝  ներկայացված  Հադրութի արվեստի դպրոցի երեխաների աչքերով։  Միջոցառումը համեմված էր  երգ ու ամունքով, որոնք  կատարում էին    Արվեստի դպրոցի երաժշտական բաժնի սաներն  ու  Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ