Նոյեմբերի 22, 2024

Պարարվեստի մի խումբ գործիչներ պարգևատրվել են

By Մարգարիտա Ղուշունց Ապրիլի 30, 2022

Հինգ տարեկանից պարով ապրող Մհեր Բաբայանի համար այս տարի մասնագիտական օրը յուրահատուկ էր։ Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումը տարիներ առաջ է ստացել։ Պարարվեստի բնագավառում ունեցած ավանդի համար այսօր արդեն ունի «Վաչագան Բարեպաշտ» մեդալը՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով։ Այն հանդիսավորությամբ արվեստի գործչին հանձնեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Մեդալի արժանանալն անսպասելի էր և միաժամանակ հաճելի՝ ասում է քոլեջի գեղարվեստական ղեկավար Մհեր Բաբայանը․

«Անչափ գոհ եմ, երբեք չեմ սպասել, որ նման պարգևի կարժանանամ, քանի որ ես իմ գործն եմ անում և սիրում եմ այն, նվիրյալ եմ իմ գործին»:

Պարային կյանքն էլ պատերազմը  բաժանել է մինչևի ու  հետոյի։ Մոտ երեք տարի է արտերկրում մրցույթների չեն մասնակցում, նախ համավարակի պատճառով, հետո արդեն պատերազմի։ Արցախյան հանդիսատեսին շուտով նոր պարերով կներկայանան՝ ասում է․

«Նոր բեմադրությունները ընթացքի մեջ են, մեկ ամիս անց կներկայանանք համերգով»:

Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի տնօրեն Ստելլա Զաքարյանը համոզված է, որ կարճ ժամանակում քոլեջի սաները կրկին կլինեն արտերկրի բեմերում և Արցախ կբերեն ոսկե մեդալներ, միայն թե խաղաղություն լինի:

«Մենք ուզում ենք ապրել Արցախում, այստեղ ստեղծագործել։ Փորձել գոնե պարի լեզվով աշխարհին ցույց տալ, որ մենք կանք։ Մինչև այս ինչ միջազգային մրցույթների որ մասնակցել ենք, հաղթանակով ենք վերադարձել՝ առաջին տեղ, ոսկե մեդալներ։ Եթե լինեն առաջարկներ, անպայման կմասնակցենք և՛ դասական, և՛ ժողովրդական պար բաժիններից»։ 

ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը նաև պատվոգրեր է  հանձնել  Նաիրի Ազատյանին, Տաթևիկ Բաբայանին ու Դիանա Համբարձումյանին՝ պարարվեստի բնագավառում ունեցած արդյունավետ աշխատանքային գործունեության համար։ Նախարարը ոլորտի բոլոր գործիչներին  մաղթել է բեղուն աշխատանք ու  նորանոր ձեռքբերումներ։

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ