Դեկտեմբերի 03, 2024

Ի՞նչ է հաջողվել փրկել կորցրած թանգարաններից

By Արևիկ Լալայան Մայիսի 18, 2022
Շուշիից Կերպարվեստի թանգարանի նմուշների մի մասը հաջողվել է փրկել՝ ասում է «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը։  Մոտ հարյուր գեղանկար պատերազմի ընթացքում գտնվել են թանգարանից դուրս։ Այժմ պահվում են Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում։ Եվ Արցախի համայնքներում ու մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվում են ժամանակավոր ցուցադրություններ։    Մեր մշակութային կորուստն ահռելի է ու անդառնալի՝ կարծում է Լուսինե Գասպարյանը։ Արվեստի որ գործը կփրկագներ Թանգարանների ՊՈԱԿ-ի տնօրենը՝ դժվարանում է ասել։ 
 
«Այնպիսի հավաքածուներ կային Շուշիի  կերպարվեստի, երկրագիտության և պատմության թանգարանում, որ դժվար է որոշել ՝ ինչ ընտրել։ Իհարկե նախընտրած կտավներ կային կերպարվեստի թանգարանում, սիրելի հանքաքարեր՝ երկրագիտության թանգարանում և եթե հնարավոր լիներ, հավաքածուները փրկագնել կնախընտրեր»։
 
 Պատերազմից առաջ Տողի մելիքական ապարանքի և Տիգրանակերտի պատմահնագիտական թանգարանները «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հսկողության տակ էր։ Այստեղ ներկայացված էին Հայկաջրից, Նոր Կարմիրավանից և հարակից շրջաններից պեղված գտածոները։ Պատերազմական գործողությունների ընթացքում ԿԳՄՍ նախարարության ջանքերով և հնագետ, Տիգրանակերտի պեղումների մասնակից Համլետ Պետրոսյանի աջակցությամբ այդ նյութերի մեծ մասը հաջողվել է տարհանել և այժմ գտնվում են ապահով վայրում՝ հետագա ուսումնասիրությունների և ցուցադրությունների համար։ Արմինե Հայրապետյանը ցավով նշում է, որ Տողի մելիքական ապարանքից հնարավոր է եղել փրկել միայն եկեղեցական խաչվառը, մետաղադրամներ և մի դաշույն, որոնց փրկության մանրամասները նպատակահարմար չի համարում այս պահին հրապարակել։ 
 
«Թանգարանների մասին այսօր խոսելն առավել դժվար է, քանի որ նախկինում այս օրը միշտ Տիգրանակերտում էինք անցկացնում, ժողովրդի կողմից սկսվել էին մեր «Թանգարանային գիշերները», Տիգրանակերտը դարձել էր մշակութային կենտրոն։ Բայց մենք չենք վհատվում։ Ճիշտ է, մարդկային կորուստները անդառնալի են, սակայն պետք է ուժ գտնենք մեր մեջ, հզորանանք, որպեսզի կարողանանք հետ բերել կորցրածը։ Չեմ վախենում ասել, որ այո՛, մենք մեր թշնամուց սովորելու բան ունենք, մենք պետք պարտությունից առաջ անցնենք գնանք հաղթանակի հետևից։ Ես հավատում եմ, կգա այդ օրը»։
 
 Պատերազմական գործողությունների ավարտից հետո, երբ պայքարը տեղափոխվեց տեղեկատվական հարթակ, ՊՈԱԿ-ը նախաձեռնեց Artsakh Monuments նախագիծը։ Այս կայքէջը հինգ լեզվով՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իհարկե մայրենի լեզվով աշխարհին պատմում է թե ինչ է իրականում կատարվել և կատարվում այստեղ, որ «Ստեփանակերտի արվարձանում գտնված խաչքարը նույն մշակույթի մասնիկն է, որը կա Հադրութում, Ասկերանում, Ջուղայում և ողջ Արևմտյան Հայաստանում»,- նշում է Արմինե Հայրապետյանը։ Վերջերս սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող լուրը, թե Հաագայի դատարանը Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում առկա մշակութային ժառանգության իրավահաջորդ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը հերքում է։ 
 
«Հաագայի միջազգային դատարանն այդպիսի որոշում չի կայացրել, պարզապես նշված է, որ մշակութային ժառանգության ոչնչացումը անմիջապես կապված է ռասսայական խտրականության հետ, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի կանխվի մշակութային ժառանգության ոչնչացումը»։
 
 Կա՞ն արդյոք միջազգային իրավունքի նորմեր, որոնք թույլ կտան վերադարձնել կամ, ասենք, փրկագնել Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով կորսված տարածքների թանգարանների նմուշները։ Լեռնիկ Հովհաննիսյանը կարծում է, որ այո, կան։ Բայց թե որքանով դրանք կգործեն մեր հակառակորդ պետության դեպքում, դժվար է ասել։ 
 
«Իհարկե կան միջազգային իրավունքի նորմեր, թե մշակութային, թե ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ, սակայն չենք կարող ասել, որ թանգարանային մեր ցուցանմուշները կարող ենք վերադարձնել, քանզի գործ ունենք մի պետության հետ, որը հստակ մեր դեմ կիրառում է էթնոցիդի՝ մշակութային ցեղասպանության քաղաքականություն։ Սկսած 2020 թ-ից ՀՀ ԿԳՄՍ, ԱՀ ԿԳՄՍ նաախարարությունների կողմից համապատասխան դիմումներ են ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և նրա հետ փոխկապակցված կազմակերպություններին ՝ ԻԿՕՄ, ԻԿՕՄՕՍ,Կապույտ վահան։ Վերջինս հենց զբաղվում է հակամարտության գոտիներում պատմամշակութային ժառանգության պահպանությամբ, սակայն մինչ այսօր որևէ արձագանք չկա»։
 
 Այժմ թանգարանները գործում են բնականոն ռեժիմով։ Թանգարանային որոշ թանկարժեք նմուշներ ի պահ են տրված ապահով վայրում։ Քաղաքացիական պաշտպանության մասին օրենքի, այդ թվում կառավարության որոշումների համաձայն, կատարված են ցանկագրումները, թե ֆորս-մաժորային իրավիճակներում թանգարանային ցուցանմուշները ինչպես պետք է հավաքվեն և պահպանվեն՝ ասում է զրուցակիցս։ Պատերազմից հետո Արցախում մարդկային ներքին արժեհամակարգի փոփոխություններ են եղել, նկատում է Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նրա համոզմամբ՝ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման բանալին հենց մշակույթը կարող է լինել։ 
 
«Կարծում եմ մշակույթը այստեղ մեծ դեր ունի, որպեսզի մարդկանց դուրս բերի հետպատերազմյան հոգեվիճակից։ Մենք թեկուզ ծանր պարտություն ենք կրել, բայց կանք և պետք է պայքարենք, որպեսզի կարողանանք ապահովել մեր ժողովրդի, մեր պետության հարատև զարգացումը։ Մենք պետք է հստակ զարգացման ուղի բռնենք և ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը դուրս կգա այս իրավիճակից և կկարողանանք նորից ճիշտ ճանապարհ ընտրել»։
 
 Այսօր պատերազմը շարունակվում է այլ հարթություններում, այդ թվում մշակույթի ոլորտում։ Մեր մշակույթն այստեղ կարող է մեծ կռվան ծառայել մեզ՝ համոզված է փոխնախարարը։ Այնտեղ, որտեղ զենքն ու դիվանագիտությունն անզոր են, կարող է օգնել մշակույթը։
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ