Մարտի 28, 2024

Թանգարանների միջազգային օր․ արցախյան իրողություններ

By Սրբուհի Վանյան Մայիսի 19, 2023

1992 թվականից սկսած, յուրաքանչյուր Թանգարանային միջազգային օր ունի թեմա և ԻԿO-ը հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։ Այս տարի ևս Հայաստանի և Արցախի 116 թանգարանները հանդես կգան ամենատարբեր միջոցառումներով՝ «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո։ Խորագիրը խորհրդանշական է՝ երբ աշխարհում ընդհանրապես, և մեր տարածաշրջանում, մասնավորապես, ամեաշատը կայունության կարիքը կա։ Ունենալով հազարամյակների պատմություն ու մեծարժեք մշակութային ժառանգություն, Արցախն աշխարհին ցուցադրելու արժանի շատ բան ունի։ Մինչև 44-օրյա պատերազմը այստեղ էլ Թանգարանային գիշերը նշվում էր ճոխ տոնախմբությամբ, արտասահմանյան այցելուների մասնակցությամբ։ Հիմա այլ են արցախյան իրողությունները․ շրջափակված Արցախը համեստ է ապրում, և առավելապես խնդիրներից խոսում։ Նաև մշակութային խնդիրներից, քանի որ ի պաշտպանություն մշակութային արժեքների պահպանման՝ քաղաքակիրթ աշխարհի բարձրագոչ խոսքերի ներքո այսօր հազարամյա հայկական մշակութային արժեքները ոչնչացվում, պղծվում են մեկ այլ, այսպես կոչվող, «քաղաքակիրթ պետության»՝ Ադրբեջանի կողմից։ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն օրն իր համեստ պատերի ներսում է նշում, փոքրիկ միջոցառումներով, նախատեսված միայն արցախցիների համար․ այլ այցելուներ թանգարանը չունի․ Արցախը շրջափակված է գրեթե 160 օր, իսկ միջազգային զբոսաշրջիկների ու, առհասարակ,ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների մուտքն Արցախ՝ անհնար։ Հունվար-մայիս ժամանակահատվածում ընդամենը 350 այցելու ենք ունեցել, այն դեպքում, երբ տարեկան 25-30 հազար այցելու ունեինք, ովքեր հիացած էին հեռանում մեր ցուցանմուշներից, ասում է թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը։ 

«Սա մեր երկրամասի միակ թանգարանն է, որտեղ ներկայացված է մեր պատմությունը՝ հնագույն ժամանակներից սկսած։ Մեր առաքելությունն է հավաքագրել, պահպանել, ուսումնասիրել, սերունդներին փոխանցել այդ հարուստ թանգարանային նյութը, հանրահռչակել այն։ Մքաքսիմալ անխաթար պետք է կարողանանանք պահպանել այն։» 

Իսկ անխաթար պահել ցուցանմուշները՝ հեշտ գործ չէ․ թանգարանում վերջին անգամ վերանորոգում իրականացվել է անցյալ դարի 70-ական թվականներին, և, առհասարակ, թանգարանի ներկայիս շենքը թանգարանի գործունեության համար ընդամենը հարմարեցված շինություն է։ 

«Թանգարանը պետք է ունենա համապատասխան տիպային շենք, մեր շենքն այդպիսին չէ, այն սկզբում բնակարանին շենք էր, որի առաջին հարկն են տրամադրել մեզ։ Վերևում շարունակում էին մարդիկ ապրել։ Այնուհետև նաև երկրորդ հարկն ամբողջությամբ տվեցին թանգարանին։ Իսկ Թանգարանը սկզբում ուներ միայն հնագիտության բաժինը, որը մեկ սենյակում էր տեղակայված, ներկա քաղաքապետարանի շենքում»։

Թանգարանը ստեղծվել է 1938 թվականին, ուներ ընդամենը մեկ բաժին, որի գործունեության համար հատկացվել էր սենյակ՝ ներկայիս քաղաքապետարանի շենքում, ապա 50-ականներին թանգարանը տեղափոխվել է այնտեղ, որտեղ տեղակայված է հիմա էլ։ 

«Ցուցանմուշները, որ մենք ունենք ֆոնդում, պարբերաբար հանրայնացնում ենք՝ ժամանակավոր ցուցադրությունների ձևով։ Թանգարանային օրվան նվիրված նոր ցուցադրություն ենք կազմակերպել՝ նվիրված արցախյան գորգերին»։

 Թանգարանն իր այցելուներին ներկայանում է մշտական ու ժամանակավոր ցուցադրություններով։ Պատմաերկր ագիտական թանգարանի մշտական ցուցադրության ցուցանմուշները 6000-ն են, ասում է տնօրենը, իսկ ընդհանուր թանգարանային ֆոնդը ավելի քան 50000 ցուցանմուշ է պարունակում։ Այն պարբերաբար թարմացվում է նաև։ Ժաննա Առստամյանը թանգարանների կենսագործունեության մեջ կարևորում է ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպումը՝ այդ գործունեությանն աշխուժություն հաղորդելու տեսակետից համարում անգնահատելի։ Առանց ժամանակավոր ցուցադրությունների, թանգարանները կվերածվեն մի մեծ պահեստի, ասում է նա։ Սուսաննա Համբարձումյանը Արցախի պետական երկրագիտական թանգարանի ամենահին աշխատակիցներից է, թանգարանի գլխավոր ֆոնդապահն է, աշխատում է 1990-ականներից։ Ֆոնդի արժեքավոր ցուցանմուշներից է պատմում։ Երազանքն է, որ այդ ցուցանմուշներն իրենց արժեքին համապատասխան պահպանության վայր ու պայմաններ ունենան։ 

Ունենք ազգարության բաժնում հիանալի գործեր, որոնք արժեքավոր մշակութային նմուշներ են, Քաշաթաղի շրջանի Կերենի հնավայրից պեղված բացառիկ նմուշներ կան։ Պայմանները, որտեղ պահվում են ցուցանմուշները, մեղմ ասած՝ վատ են, ես եղել եմ Հայաստանի թանգարանների ֆոնդերում, առհասարակ մեզ հետ համեմատության եզրեր չունեն»։

 Մինչև 44 օրյա պատերազմը, որոշում կար Արցախի պատմաերկրագիտական թանգարանի համար նոր տիպային շենք կառուցեու մասին։ Նրա շինարարությունն արդեն սկսված էր, աշխատանքների առյուծի բաժինը՝ կատարված։ Այն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակին կից էր։ Պատերազմից հետո, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով շինարարությունը կասեցվել է։ 

«Հիանալի կլիներ, որ Արցախը, որ ունի հազարամյա պատմություն, պատշաճ թանգարան ունենա՝ այդ արժեքավոր ցուցանմուշներն ըստ պատշաճի ներկայցնելու համար։ Ուզում ենք ունենալ արդի պահանջներին համապատասխան թանգարան, ժամանակակից ցուցասրահներով, լաբորատորիայով, գրադարանով և այլն։ Հուսով ենք, ամեն ինչ կխաղաղվի, ու մեր շենքի շինարարությունը կավարտվի ու կտրամադրվի մեզ։ Մենք էլ մեր հերոսական հազարամյա պատմությունը գեղեցիկ պայմաններում կներկայացնենք»։

 Թանգարանի տնօրինությունն ու աշխատակիցները հույս են պահում, որ այն, չնայած Արցախում առկա խնդիրներին, այնուամենայնիվ, կկառուցվի ու կտրամադրվի Արցախի երկագիտական թանգարանին։ Իսկ մինչ այդ կարևոր հարցերը պիտի լուծվեն, որպեսզի Արցախում խաղաղ լուսաբացներ ու շքեղ թանգարանային գիշերներ լինեն։ Ինչպես նաև՝ արցախցիների հետ այդ լուսաբացները դիմավորող ու թանգարանային գիշերը Արցախի շքեղությամբ հիացող օտարերկրյա այցելուներ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ