Դեկտեմբերի 03, 2024

Թանգարանների ուժը, որն օգտագործել դեռ չենք սովորել

By Սրբուհի Վանյան Մայիսի 18, 2022
Թանգարանների ուժը, որն օգտագործել դեռ չենք սովորել Artsakhpress

Ամեն տարի թանգարանների միջազգային օրվա առթիվ Արցախի թանգարանները հանդես էին գալիս տարբեր նախաձեռնություններով։ Թանգարանային գիշերը, որն օրվան նվիրված գեղեցիկ ավանդույթներից մեկն է ամբողջ աշխարհում, մեզանից շատերն անցկացնում էին Տիգրանակերտում կամ Շուշիում՝ մեզ հասած արժեքավոր նմուշների միջոցով տեղափոխվելով այն հեռավոր ժամանակները և վերապրելով մեր նախապապերի պատմական ժամանակաշրջանները։ Այսօր էլ Արցախում օրվան նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպվում։ Այս տարվա միջոցառումները կրում են «Թանգարանների ուժը» խորագիրը։ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում էլ այսօր հետաքրքիր միջոցառում կազմակերպվեց․   Քաշաթաղի շրջանի Կերենի դամբարանադաշտից պեղված ցուցանմուշների ցուցադրություն։ Հյուրերի շարքում էր նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական, պատմաբան Մելանյա Բալայանը։ 

«Մենք ունեցանք ցավալի կորուստներ, բայց պետք է կարողանանք ինքնակազմակերպվել ու մեր մշակութային ժառանգությանը տեր կանգնենք։ Այսօր մեր պատմամշակութային ժառանգության զգալի մասը գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ, և ակնհայտ է, որ նրանց գոյությունը վտանգված է։ Այնուամենայնիվ, մենք պիտի ուղիներ փնտրենք կասեցնելու այն վայրագությունները, վանդալիզմը, որ իրականցնում է Ադրբեջանը»։

 Թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը նախաձեռնության մասին է պատմել։ Կերենն ուշադրության կենտրոնում հայտնվել է 2003 թվականին․ պեղումները ցույց են տվել, որ այստեղ դամբարանադաշտերի համալիր է եղել։  Կերենն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, հնարավոր չէ այնտեղ ուսումնասիրությունները շարունակել, բայց, այն ինչ հաջողվել է փրկել՝ բավականին ուշագրավ և արժեքավոր նյութ 1 պարունակում։ 

«Ներկայացված է թանգարանային ֆոնդերում ներառված Կերենի հնավայրի հավաքածուն, ավելի ճիշտ, դրա մի մասը միայն։ Հավաքածուն նաև լուսանկարներն են  լրացնում։ Պեղումները ցույց են տվել, որ բնակավայրը տևական ժամանակաշրջան՝ Քրիստոսից առաջ 5-րդ հազարամյակից սկսած մինչև Քրիստոսից հետո 18-րդ դարը   բնակեցված է եղել »։ 

 Մելանյա Բալայանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել 12 թանգարան, այդ թվում և՝ մասնավոր, 20 345 պատմամշակութային արժեք։ Ցավոք նրանցից շատերի ճակատագիրը մեզ համար անհայտ է։ Մելանյա Բալայանը վստահ է, որ մի օր Արցախն ուղղելու է   մեջքն ու տեր է կանգնելու իր մշակութային արժեքներին։ Կերենն էլ ժամանակ առ ժամանակ գերվել է, պատմական մի ժամանակաշրջանում այն նորից հայերինն էր, ինչը հնարավոր դարձրեց վերհանելու պատմական ճշմարտությունները։ 

«Տարբեր զգացողություններ ու  հիշողություններ առաջացրեց իմ մոտ այստեղ այսօր ներկայացված  նյութը։ Երբ ուսանող էի, մենք պիտի փորձուսուցում անցկացնեինք այդտեղ։ Բայց մեր համալսարանի ղեկավարությանը Ադրբեջանը մերժեց, ասելով, որ  Հայաստանի բուհը կապ չունի Ղարաբաղի հետ։ Հետո, երբ 1997-98 թթ․ այնտեղ պեղումներ պիտի լինեին, մեր գործընկերներից մեկն ասաց՝ հիմա Ղարաբաղն այլևս արգելված գոտի չէ»։ 

 Թանգարանները յուրահատուկ ուժ ունեն, ասում է Պատմաերկրագիտականի տնօրենը, և այդ ուժը անհրաժեշտ է ուղղորդել ճիշտ նպատակին, ճիշտ ձևով։ «Այսօրվա թանգարանը տարբերվում է մի քանի տասնյակ տարի առաջ գործող թանգարաններից»,-ասում է նա։ 

«Եթե  50-ականների թանգարաններն ավելի շատ առարկայակենտրոն էին, այսօրվա թանգարանները այցելուակենտրոն են։ Թանգարանները հիմա չեզոք չեն, կարող են աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրներ արծարծել։ Թանգարաններն ունեն մեծ ուժ, որը ցավոք մինչև վերջ չի օգտագործվում։ Խելամիտ օգտագործելու դեպքում այդ ուժը ամենատարբեր խնդիրներ կարելի է լուծել, տալ գեղագիտական դաստիարակություն»։

Մեր հասարակությունում, Ժաննա Առստամյանի դիտարկմամբ, մինչև վերջ ձևավորված չէ թանգարանային այցելությունների մշակույթը, և թանգարանների ներուժը չի օգտագործվում։ Այլ խնդիրներ էլ ունի այսօր թանգարանային ոլորտը։ Հենց պատմաերկրագիտական թանգարանը, ունենալով եզակի նմուշներ, դրանց պատշաճ ցուցադրությունը կազմակերպելու հնարավորություն չունի։ Շենքը տիպային չէ, չի համապատասխանում ժամանակակից թանգարանային շենքի պահանջներին։ Մելանյա Բալայանը թանգարանները համարում է սուրբ օջախներ և հորդորում ուշադրության կենտրոնում պահել։

 «Թանգարանները սուրբ օջախներ են, այնտեղ ամբարվում, հավաքագրվում են, պահպանվում են մեր նախնիների մասունքները։ Եկեք այս վայրերին վերաբերվենք սրբությամբ և ուշադրության կենտրոնում պահենք դրանք»։

 Ժաննա Առստամյանի խոսքով՝ Թանգարանային միջազգային խորհրդի որոշմամբ Թանգարանային գիշեր կոչվող միջոցառումն այս տարի տեղի կունենա մայիսի 21-ին։ Արցախում այդ օրը կանցկացվի կրթական ծրագիր՝ կավի գեղազարդման վարպետաց դաս։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ