Երբ աշխարհահռչակ ջազմեն Լուի Արմսթրոնգին մի առիթով հարցրել են․ -Ինչպե՞ս տարբերել ջազը մյուս երաժշտություններից,- նա պատասխանել է․ Եթե դու հարցնում ես, թե ո՞րն է ջազը, ուրեմն դու չես հասկանա, թե ինչ է ջազը։ Ջազը զգում են, ջազը ապրում են, ավելացնում է Տիգրան Սուչյանը՝ Արցախի պետական ջազ նվագախմբի տնօրենը։
«Ջազը միշտ անկանխատեսելի է։ Հենց այդ վարկյանին, հենց այդ րոպեին դու ստեղծում ես երաժշտություն, Ջազը իմպրովիզացիան է։ Երաժշտություն նվագելուց ես չեմ մտածում, թե ինչ արձագանք կլինի։ Երբ դու սիրում ես քո աշխատանքը, քո գործը, դու անկեղծ ես, և եթե դու անկեղծ ես, մարդիկ դա զգում են և վայելու
Տիգրան Սուչյանն ինչպիս էնտուզիազմով նվագում է, նույնքան մեծ ոգևորությամբ էլ խոսում է երաժշտարվեստի մասին։ Կասկածում էի՝ արդյոք կարո՞ղ եմ համակարգել ու ղեկավարել այս մեծ խումբը՝ ասում է շեփորահար, կոմպոզիտոր Տիգրան Սուչյանը։
«Բայց շնորհիվ իմ ընկերների, Արցախի պետական ջազ նվագախմբի երաժիշտների, մասնավորապես, Դավիթ Ասատուրյանի, Էդուրադ Դանիելյանի, Ավետ Բադալյանի, կարողացա հաղթահարել»։
Նվագախմբի գործունեությանը խանգարող շատ հանգամանքներ կային ու հիմա էլ կան, բայց Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը մեր հաղթանակն է՝ ասում է Սուչյանը։ Դժվարությունները կոփում են։ Արցախում մշակութային ոլորտում համակարգային բազմաթիվ խնդիրներ կան, մասնագետների պակաս՝ նույնպես։
«Մասնագետների պակաս ունենք։ Մշակույթին վերաբերող համակարգային փոփոխության խնդիր ունենք։ Շատ լուրջ հարցեր ու խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, այդ փոփոխությունները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը»։
Համերգին՝ շեփորի, սաքսաֆոնի, տրամբոնի ու ստեղնաշարային գործիքների խելահեղ նվագին առանձնահատուկ երանգ էին տալիս նվագախմբի մեներգչուհիների կատարումները։ Հերմինե Հովհաննիսյանը ծնունդով Արցախից է, արցախյան բեմերում առաջին անգամ չէ հանդես գալիս, բայց պատերազմից հետո Արցախի բեմն ավելի պարտավորեցնող է՝ ասում է։
«Երկար դադար եղավ։ Պատերազմից հետո, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես մենք ի վիճակի չէինք որևէ բան անելու։ Շատ հաճելի և ուրախալի է այն փաստը որ մենք շարունակում ենք գործունեություն ծավալել։ Արցախը ջազ լսում է, սիրում է, սա էլ է ողջունելի։ Հանդիսատեսը մեզ ոգևորում է, մենք էլ ոգևորված երգում ենք»
Նվագախմբի յուրաքանչյուր ելույթից դահլիճը թնդում էր բուռն, երկարատև ծափահարություններով։ Համերգից հետո հանդիսատեսը չէր շտապում հեռանալ։ Բոլորը շտապում էին ետնաբեմ՝ շնորհավորելու երեկոյի գլխավոր հերոսին՝ Տիրգրան Սուչյանին։ Կոմպոզիտորը խոստանում է՝ սա դեռ սկիզբն է, հետոն ավելի աշխույժ ու ռիթմիկ է լինելու։