Պետական կարգավիճակ ստանալուց հետո սա Արցախի ազգային նվագարանների նվագախմբի առաջին համերգն է։ Ծրագրում հիմնականում հայ կոմպոզիտորների հայտնի գործիքային ստեղծագործություններն էին, մեծ մասամբ մենանվագներ՝ նվագախմբի տարբեր գործիքների նվագակցությամբ:
Այսօրինակ համերգներով փորձում ենք պահպանել և սերունդներին մեջ սեր առաջացնել դեպի ազգայինը՝ ասում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Լևոն Սարդարյանը։
«Համերգի նպատակը՝ ներազգային երաժշտությունը փողոցային, ռաբիզային կամ այլ էլեմենտներից ազատ ակադեմիկ բարձր մակարդակի բերելն ու ժողովրդին ներկայացնելն է»։
Անցած տարիների ընթացքում տարբեր նախաձեռնություններ շատ են եղել, բայց, ժամանակի թելադրանքով՝ կորոնավիրուսային համավարակ, ապա պատերազմ, համերգային ծրագիրը մի քանի անգամ հետաձգվել է՝ ասում է Արցախի ազգային նվագարանների նվագախմբի տնօրեն Աշոտ Սարկիսյանը։
«Հետպատերազմյա ժամանակաշրջանում է սա եզակի իրադարձություն, որովհետև մինչ 2020 թվականի պատերազմը, երբ նվագախումբը պետական կարգավիճակով չէր, այս կազմով նույնիսկ ավելի մեծ ելույթներ էր ուենում ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև բոլոր շրջկենտրոններում ու համայնքներում»։
Ազգային նվագարանների պետական նվագախումբը ամենաերիտասարդ թատերահամերգային կազմակերպությունն է, այն հիմնադրման օրվանից հավատարիմ մնալով ազգային արժեքներին և պահպանելով ժողովրդական երաժշտության ավանդույթները, կրթում ու ազգային մշակութային դաստիարակություն է տալիս գալիք սերունդներին: Նվագախումբը պետական կարգավիճակ է ստացել 2020 թվականին։ Աշոտ Սարկիսյանն ասում է՝ այդ ժամանակ և հաստիքներն էին քիչ և ֆինանսական միջոցները։ 2022-ին նվագախումբը վերականգնողական փուլ անցավ, այսօր արդեն նոր կազմով է ներկայանում հանդիսատեսին՝ ասում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Լևոն Սարդարյանը։
«Նվագախմբում միայն 19 հաստիքով աշխատող ունենք՝ ադմինիստրատիվ աշխատողների հետ միասին։ Սպասում ենք, որ նոր հաստիքներ կլինեն և մեր բոլոր երաժիշտները կլինեն հաստիքացուցակում, նաև նոր երաժիշտներ կընդգրկվեն նվագախմբում՝ ընդլայնելով կազմը»։
Համերգային ծրագրին Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի երաժիշտների հիմնական կազմի հետ բեմում էին նաև Հայաստանից հրավիրված երաժիշտ-կատարողներ՝ Միքայել Պետրոսյան՝ թավջութակ, Նեկտար Մղդեսյան՝ ուդ, Մարինե Բալումյան՝ սանթուր։ Այստեղ էր նաև քամանչայի անկրկնելի կատարողներից Հակոբ Խալաթյանը։ Ազգանպաստ ու մշակութապահպան աշխատանքի համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը նախարարության կողմից նախատեսված նվեր ու պատվոգիր հանձնեց Հակոբ Խալաթյանին։
«Մեծ է Հակոբ Խալաթյանի ավանդը ազգային նվագարանների նվագախմբի կայացման գործում։ 30 տարի Հայաստանի հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքներում նվագելուց հետո Հակոբ Խալաթյանը 2016-2017 թվականներին եկավ Արցախ և ընտրեց Արցախը։ Նա անցնելով գյուղերով ու քաղաքներով՝ հանրայնացրեց ազգային գործիք՝ քամանչան»:
Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի տնօրեն Աշոտ Սարկիսյանն առաջին մեծ համերգը կայացած է համարում, նշում, հնարավորության դեպքում պատրաստ են ելույթներ ունենալ նաև Արցախի սահմաններից դուրս։ Համերգին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, երաժշտասերներ: