Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի համատեղ համերգը նվիրված էր համազգային զարթոնքին, ազգային վերածննդին, որն աշխարհի հայտնի է «Արցախյան շարժում» անունով։ Սա մշակույթի լեզվով հարգանքի տուրք էր 88-ից առայսօր հանուն հայրենիքի ապրած և մարտիրոսվածների հիշատակին։ Դահլիճում հավատարիմ հանդիստասեսն է, իսկ բեմին՝ մշակույթի, ազգայինի նվիրյալները։ Նրանց երկխոսությունը հայրենիքի ու սիրո մասին էր։ «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար Գարի Ավանեսյանի խոսքով՝ ծրագրում հիմնականում ընդգրկվել են հայրենասիրական կատարումներ։
«Այսօր մայրաքաղաքի հանդիսատեսը վայելեց հայ սիրված գուսանների և կոմպոզիտորների գեղեցիկ, հայրենասիրական, ժողովրդական ստեղծագործությունները: Համույթի ստեղծման պահից՝ 2000 թվականից առայսօր մենք կամաց-կամաց ձեռք ենք բերել մեր հանդիսատեսին, և ամենամյա նոր համերգներով ավելի ենք կապում նրան մեզ հետ: Եվ ամենակարևորն այն է, որ հանդիսատեսն ամեն անգամ մեծ սիրով է գալիս մեր համերգներին»։
Համերգի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս։ Համերգն ավելի հետաքրքիր դարձնելու համար որոշել ենք հանդիսատեսին ներկայանալ համատեղ՝ ասում է Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանը։
«Այս պահին մեր երաժիշտներից 5-ը գտնվում են Երևանում և շրջափակման պատճառով չեն կարողացել գալ և մասնակցել միջոցառմանը: Մենք թերի կազմով ենք հանդես գալու։ Մեր խնդրանքով Կամերային երգչախմբից ջութակահար Ալինան մեզ կօգնի՝ քամանչայի փոխարեն։ Այսօր ազգային նվագարանների նվագախմբում կտեսնեք նաև ջութակ, իսկ թառ չեք տեսնի, քանի, որ թառիստը նույնպես մնացել է Երևանում»։
Նպատակ ունենք հանդես գալ Արցախի այն բոլոր բեմերում, որտեղ կա ծրագիրը ներկայացնելու հնարավորություն՝ ասում է Լևոն Սարդարյանը։ Իրենց միշտ ջերմությամբ ու սիրով են ընդունում բոլոր բեմերում։Արցախյան շարժմանը նվիրված համերգային երեկոն ավարտվել է Աշուղ Բագրատի «Ջան Ղարաբաղ» ստեղծագործությամբ։