«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լին պայմանագիր է կնքել Columbia Records աշխարհահռչակ ձայնագրման լեյբլի հետ: Լուրը երգչուհին հայտնել է ինստագրամյան իր էջում։
Columbia Records-ն աշխարհի հնագույն լեյբլն է, Sony Music Entertainment –ի դուստր ընկերությունը։ Columbia Records լեյբլի ներքո են ձայնագրվել Սելին Դիոնը, Բարբարա Սթրեյզանդը, Ադելը, Բոբ Դիլանը և այլք։
«Անգամ իմ ամենահամարձակ երազում չէի կարող պատկերացնել, որ մի օր կասեմ սա, բայց ես այսուհետ Columbia Records-ի հետ պաշտոնապես պայմանագիր կնքած արտիստ եմ։ Այս լեյբլը իմ կուռքերից շատերի տունն է։ Իմ կյանքն ավելի արագ փոխվեց, քան ես կպատկերացնեի։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ աջակցեցիք Հայաստանի սրտում գտնվող փոքրիկ քաղաքից եկած աղջկան, և որ սիրում եք ու լսում Snap-ը։ Այնքան ուրախ եմ, որ այս երգը միավորել է մեզ․ հիմա ես պատրաստ եմ մեր ուղևորության հաջորդ փուլին։ Հիշեք՝ անգամ եթե ամեն ինչ ձեր դեմ է, և ձեր նպատակներն անհնարին են թվում, ու այն, ինչ անում եք, ամենաճիշտ բանն է թվում աշխարհում, ուրեմն շարունակեք դա անել, քանի որ քրտնաջան աշխատասիրությունն ու վճռականությունն, ի վերջո, պարգևատրվում են»։
Երգչուհու «Snap» ստեղծագործությունը դարձել է վիրուսային համացանցային տիրույթում։ Այն օգտագործվել է TikTok–ի ավելի քան 360 000 տեսանյութերում։ Երգը գտնվում է Լատինական Ամերիկայի, ԱՄՆ–ի, Աֆրիկայի հիթ-շքերթներում։