Նոյեմբերի 22, 2024

«Մհերի դուռը թակելիս»․ Շամիր Շահիրյանի անհատական ցուցահանդեսը Ստեփանակերտում

By Ասպրամ Ավանեսյան Հոկտեմբերի 27, 2022

44 կտավը՝ պատերազմի 44 օրերի խորհրդանիշ։ Ստեփանակերտի պատկերասրահում ներկայացված կտավները թվագրված են. դրանց հեղինակը` նկարիչ Շահմիր Շահմիրյանն, ասում է՝ կտավներից յուրաքանչյուրում մենք կարող ենք տեսնել պատերազմի տվյալ օրը։ «Հայրենիք», «Դեր Զոր», «Հատակը»․ կտավներից որոշներն անուն ունեն, որոշները՝ ո՛չ։ Շահմիր Շահմիրյանի «Հայրենիքը» փոթորկված է, այստեղ նավաբեկություն է տեղի ունեցել. հեղինակի տրամադրությունները չէին կարող չարտացոլվել կտավներում։ 

«Նկարները հիմնականում այս տարվանն են։ 2020-2021 թթ․ինձ մոտ ոչինչ չէր ստացվում, ես չէի կարողանում վրձին վերցնել։ Բայց հասկանալով, որ ես դրանով պետք է կռիվ տամ` նորից սկսեցի նկարել։ Շատ ուրախ եմ, որ զուգադիպեց, և առաջարկություն ստացա Ստեփանակերտից»։ 

Սա նկարչի  ստեղծագործական առաջին այցն է Ստեփանակերտ։ Այս իրադարձության համար անգամ չեղարկել է Երևանում նախատեսված ցուցահանդեսը։ Շահմիր Շահմիրյանն իր սերն Արցախի հանդեպ նկարչական լեզվով է բացատրում։ 

«Եթե ես Հայաստանը նկարելու նպատակ դնեմ իմ առջև, ապա որպես կոմպոզիցիայի կենտրոն կընտրեմ Արցախը։ Եվ կփորձեմ այնքան բովանդակալից նկարել, այնքան բովանդակություն դնել այդ նկարի մեջ, որ այն միշտ կհամարվի անավարտ աշխատանք, այնտեղ անընդհատ ամեն ինչ ավելացնելու կարիք կլինի»։ 

Այսօր մեր պետության ու պետականության առաջ ծառացած են լուրջ մարտահրավերներ, և այդ մարտահրավերներին դիմակայելու կարևոր զենքն է մշակույթը՝ ասում է ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նա կարևոր է համարում նկարչի` այս բարդ ժամանակաշրջանում Արցախ գալը։ Նկարներից յուրաքանչյուրում մեծ խորհուրդ կա՝ նկատում է Հովհաննիսյանը։ 

«Երբ որ նայում ենք «Դեր Զորին» տեսնում ենք երեք կանգնած, մեկ ընկած կին․այս նկարով նկարիչը ցույց է տալիս 1915թ․ մեր ժողովրդի ողբերգությունը։ Մենք կարող ենք նկարների մոտ կանգնել և մեր աչքերով տեսնել մեր կյանքը»։ 

Ցուցահանդեսի բացման օրը պատկերասրահը մարդաշատ էր։ Մարդիկ՝ անկախ սեռից ու տարիքից, մեծ հետաքրքրությամբ են նայում, վերլուծում նկարները։ Ակտիվ վերլուծողների շարքում էր արվեստագետ, գրող, լրագրող Համլետ Մարտիրոսյանը։ Գրողն առաջին անգամ է հանդիպում Շահմիր Շահմիրյանի գործերին։ Գերագույն հաճույք ստացա այս ցուցահանդեսից` ասում է։ 

«Անձնապես ծանոթ չեմ նկարչի հետ, բայց նկարներից ենթադրում եմ, որ նա քաջածանոթ է համաշխարհային գեղանկարչությանը, յուրացրել է այդ ամեն ինչ և այդ ամենից ստեղծել է յուրատեսակ մի գեղանկարչական ոճ, որն իրենն է, բացառիկ է իր տեսակի մեջ»։ 

Շահմիր Շահմիրյանը նվազագույն միջոցներով ու գույնի օգնությամբ կարողանում է ընթերցողին տալ հսկայական պատմություն, նկարիչը յուրաքանչյուր կտավի մեջ տեղ է թողնում մտորելու՝ նկատում են հավաքվածներից շատերը։  Ցուցահանդեսը ներկայացված է լինելու մեկ ամիս։

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 27 Հոկտեմբերի 2022 10:56
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ