Մարդու, ազգի ինքնությունը մշակույթով է արժևորվում ու առանձնանում։ Ինքնաճանաչումը նույնպես կատարվում է մշակույթի միջոցով։ Եվ պատահական չէ, որ մեր ազգային ինքնությունը ոչնչացնելու համար, պատմականորեն, թշնամին թիրախավորել է առաջին հերթին մշակութային արժեքները. մեր գործընկեր Վարդուհի Բաղդասարյանի կարծիքն է։ «Ռադիոարվեստանոց», «Բացվող ծրարներ», «Դարձ», «Դարձ հոգու և ինքնության» ռադիո և հեռուստահաղորդաշարերի հեղինակ, «Մշակութային Արցախ» առցանց հարթակի համակարգող Վարդուհի Բաղդասարյանը վստահ է՝ այսօր էլ թիրախում մշակույթն է, բայց թշնամին մոռանում է մի բան․
«Ամեն մի նեղ, անձուկ պայման մշակույթի համար էլ է սխրանք ծնում։ Այսպիսի պայմանները մղում են մարդուն ավելի բարձր մշակույթ ստեղծել։ Եվ հենց դա է պահել մեզ՝ մեր մշակույթը հասցնելով այնպիսի արժանապատիվ մակարդակի, որի մասին հպարտությամբ ենք խոսում»։
Շրջափակման պատճառով խնդիրներ են ստեղծվել Արցախի բոլոր ոլորտներում․ հումանիտար ճգնաժամի հետևանքներն օրեցօր ավելի զգալի են դառնում, կենցաղային խնդիրները, օրվա հացը հայթայթելու պահանջը, թվում է, երկրորդ պլան պիտի մղեն մշակույթին հաղորդակցվելու ներքին պահանջարկը։ Բայց, ինչպես ասում են, ոչ միայն հացով է մարդը ապրում․
«Այս օրերին հատկապես, այցելելով եկեղեցի, կտեսնեք, որ հոգևոր մշակույթի վերելք կա։ Դա գալիս է նաև նրանից, որ իրար հետևից եկեղեցական տոներ են, և մարդիկ սիրով են մասնակցում այդ տոնակատարություններին։ Ողջունելի է, որ գերակշռում են երիտասարդները։ Կիրակնօրյա դպրոցների գործունեությունն աշխուժություն է մտցրել հոգևոր դաստիարակության ու մշակույթի տարածման գործում»։
Սա, իհարկե, չի նշանակում, որ շրջափակումը Արցախի մշակութային գործունեությանը չի խոչընդոտել, ավելին՝ շրջափակումը 120 հազար մարդու զրկել է մշակույթին հաղորդակցվելու, ինքնարտահայտվելու և ինքնիրացվելու հնարավորությունից՝ նրանց պարտադրելով մնալ մարդու աստիճանակարգային պահանջմունքների Մասլոուի բուրգի ստորին աստիճաններին։ Բայց նույնիսկ այս պայմաններում Արցախում մշակութային կյանք կա՝ ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը։
«Փորձեր կատարվում են․ մեր ժողգործիքների համույթը, թատրոնն աշխատում են, հատկապես «Ձմեռային հեքիաթ» ներկայացումները լավ աշակերտների քանակ են ապահովել, ուրախացրել են մանուկներին, հյուրախաղերով հանդես են եկել ոչ միայն Ստեփանակերտում, այլև եղել են Արցախի այլ բնակավայրերում։ Կազմակերպվել են ցուցահանդեսներ շրջափակման պայմաններում․ Ստեփանակերտի պատկերասրահն այդ առումով ակտիվ է աշխատել։ Միջոցառումները շարունակվելու են։ Ասեմ, որ երաժշտական արվեստի դպրոցները նույնպես կատարում են իրենց աշխատանքը։ Մասնավորապես օրերս Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում միջոցառում էր՝ «Մեղեդի» մրցույթին մասնակցած երեխաների մրցանակաբաշխությունն էր։ Ցավոք, գալա-համերգին արցախցի մասնակիցները չկարողացան մեկնել՝ շրջափակման պատճառով»։
Մշակույթն արգելափակել անկարելի է, ինչպես անհնար է արգելափակել այդ մշակույթին ձգտելու, այն ստեղծելու մարդու ներքին պահանջարկը․ չէ՞ որ դա հոգևոր պահանջ է՝ ասում է Վարդուհի Բաղդասարյանը։
«Մարդու հոգին հնարավոր չէ արգելափակել, շրջափակել, բանտարկել, քանի որ ինչը որ նյութի, մարմնի համար է հնարավոր, հոգու համար անհնարին է։ Բնությունից այդպես է կառուցված»։
Արցախում ենթակառուցվածքները կաթվածահար վիճակում են, բոլոր ոլորտների մասնագետները՝ այդ թվում և մշակույթի, այս ձմեռ ստիպված են աշխատել ցուրտ ու մութ աշխատասենյակներում և դահլիճներում, իսկ իրենց փորձերը հարմարեցնել էներգամատակարարման հովհարային գրաֆիկին։ Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը պատմում է, թե ինչպես են այս պայմաններում կազմակերպվում Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի ներկայացումների փորձերը, ինչպես են աշխատում և ինչ են փորձում մատուցել իրենց սիրող ու անչափ սպասող հանդիսատեսին։
«Բլոկադան ազդել է նաև մշակույթի վրա, բայց ոլորտի աշխատողներս հենց այս պահին փորձեր ենք անում, ներկայացման ենք պատրաստվում։ Հենց այս օրերին եղել ենք Ճարտարում, Մարտակերտում, ավելի քան 1000 երեխայի համար ներկայացում ենք խաղացել։ Հիմա աշխատում ենք մի կատակերգության վրա, քանի որ ուզում ենք այս իրավիճակում մարդկանց մի քիչ ժպիտ ու անհոգություն պարգևել։ Մի բակի պատմություն է, մեր կյանքը՝ ինչպիսին որ կա, լավ ու վատ կողմերով։ Արցախի հանդիսատեսը շատ խստապահանջ հանդիսատես է, և մենք էլ աշխատում ենք գոհացնել»։
Մշակութային կյանքը չպիտի կանգ առնի, թե չէ՝ էլ ինչի՞ համար է պայքարը՝ ասում է անվանի դերասանը ու բերում պաշարված քաղաքի ամենահայտնի և ամենամեջբերվող պատմական օրինակը՝ Լենինգրադյան բլոկադան։ Հեշտ չէր նաև 88-90-ական թվականներին, Արցախի բնակավայրերն էլ պաշարման մեջ էին, բայց․
«88-90-ական թվականներին, երբ մի կտոր հացը կիսում էինք իրար հետ, երբ մարդիկ նկուղներից դուրս չէին գալիս, մենք շրջիկ ներկայացումներ էինք տալիս, ժողովուրդը հավատում էր»։
Դժվարությունները ժամանակավոր են, իսկ մշակույթը՝ հավերժ։ Ո՛չ շրջափակումը, ո՛չ կենցաղային խնդիրները, ո՛չ հոգսերը չեն կարող ստվերել այն։ Մշակույթն ապրեցնում է թե՛ ուրախության ու տխրության, թե՛ լիության ու նեղության պահերին. Լեռնիկ Հովհաննիսյան։
«Ցավոք սրտի, այսօր կենցաղը գերիշխող է, բայց եթե մի քիչ բարելավվի վիճակը, նաև՝ կառավարության ջանքերով, կկարողանանք ակտիվացնել մշակութային կյանքը՝ բնակչությանը կենցաղային դժվարություններից մի քիչ լիցքաթափելու համար»։
Անկախ ամեն ինչից՝ Արցախում մշակութային կյանք կա՛։ Այստեղ վաղուց գիտեն՝ սերունդին մշակութային կրթություն կարող են չտալ, բայց մշակութային դաստիարակություն՝ պարտավոր են։