Գայանե Շուշեցի , Զորիկ Գալստյան, Հրանտ Մնացականյան, Մերի Մուսայելյան, Հովիկ Գասպարյան, Սամվել Թավադյան․ Պոլ Էլուար ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատկերասրոհում ներկայացված արցախցի ժամանակակակից նկարիչներն են։ Սա վերջին օրերի 3-րդ անընդմեջ ցուցահանդեսն է։ Այստեղ գունային համադրումներն ապրեցնող են։ Նկարիչ-քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը ցուցահանդեսը հաջողված է համարում․
«Այստեղ պայծառություն է տիրում, գունային գամման ապրեցնող է, հուսադրող, և մեր վհատված հոգիների համար սա ավելի կարևոր է։ Կարծում եմ, որ այս ցուցահանդեսը հաջողված կարելի է համարել։ Գեղանկարների 90%-ը գերազանց են, 10%-ը՝ լավ աշխատանքներ են»։
«Հայրենիքը դժգույն չի լինում» խորագիրը ընտրել է նկարիչների միությունը։ Սա Արցախցի նկարիչների սերն է առ հայրենիք՝ արտահայտված գեղանկարի լեզվով՝ ասում է «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը։
«Ցուցահանդեսը, որին մասնակցում են արցախցի ժամանակակից նկարիչները, իրենց հոգու խոսքն է։ Նրանք իրենց կտավներում գույնի միջոցով փորձել են արտահայտել իրենց սերը հայրենիքի հանդեպ, նրանք փորձել են տալ հայրենիքի գույները։ Ցուցահանդեսում ներկայացված է մոտ 40 աշխատանք, գեղանկարներ, կոմպոզիցիոն աշխատանքներ»։
Ցուցահանդեսին մասնակցել է նաև երիտասարդ գեղանկարիչ Մերի Մուսայելյանը։ Մասնակցելու հրավերը ոգևորել է Մերիին, պատերազմից առաջ բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել , բայց հիմա՝ պատերազմից հետո, ցուցահանդեսները Մերիի համար վերածննդի են նման։
«Պատերազմից առաջ կազմակերպվող ցուցահանդեսը մեզ համար ուղղակի տոն էր և պատերազմից հետո ցուցահանդեսների նորից մասնակցելը վերածննդի նման մի բան է։ Ճիշտ է, պատերազմից հետո մի քիչ դժվար է նկարելը, ստեղծագործելը, բայց այսպիսի ցուցահանդեսները հաստատ բոլոր նկարիչներին ոգևորում են»։
Խորագիրը իսկապես բնորոշում է ցուցահանդեսն ու այսօրվա մեր իրավիճակը, ասում է երիտասարդ նկարիչը։ Մերի Մուսայելյանը կարծում է՝ հայրենիքը, հատկապես Արցախը, դժգույն լինել չի կարող։
«Մենք՝ նկարիչներս մեր վառ գույներով, մեր գործերով պիտի ապացուցենք, որ մեր հայրենիքը միշտ վառ է և տաք։ Արցախի մթնոլորտն ու գույները ուրիշ ոչ մի տեղ չկա»։
Նկարիչ Սամվել Թավադյանը Շուշիից է։ Նրա ստեղծագործությունների առանցքում Շուշին է։ Ե՛վ ցուցահանդեսի խորագիրը, և՛ այն նկարները, որ ներկայացված են, խոսում են։ Նկարների մեջ կյանք կա՝ ասում է Սամվել Թավադյանը։
«Այն պատկերները, որ կա այս նկարներում, այն գույներով, որ մենք նկարել ենք, այն հզորությունը, որ կա այս նկարներում, դա լինի գույների, թե կոնկրետ աշխատանքների առումով, այն տեսարանները, այն տներն ու բնությունը խոսում են այն մասին, որ Արցախում պատմություն և հպարտություն կա»։
Արցախի գույներն ու բնությունը, Հայրենիքի գաղափարը, որ մեզ համար Արցախն է իր բոլոր գույներով, Ստեփանակերտի Պոլ Էլուարի ֆրանկոֆոնիայի կոնտրոնում ներկայացված կլինի 2 շաբաթ։