Ստեփանակերտցի Դավիթ Հարությունյանը խաչքարերը նկատել էր դեռևս պատերազմից առաջ։ Սկզբում ուշադրություն չի դարձրել՝ մտածելով, որ դրանք արդեն հայտնաբերված ու գրանցված են։ Դավիթ Հարությունյանը, որ նաև մեր գործընկերն է՝ ռադիոհեռուստաընկերության օպերատոր է, մեզ հետ զրույցում պատմում է, թե ինչպես է հայտնաբերել խաչքարերը։
«Ես բնություն շատ եմ սիրում, այն ինձ մարզվելու, մաքուր օդ շնչելու և քաղաքի աղմուկից կտրվելու հնարավորություն է տալիս։ Երբ մի օր զբոսնում էի, նկատեցի խաչքարերը, բայց ուշադրություն չդարձրի։ Հարցոիփորձ եմ արել գյուղացիներին։ Ինձ պատմել են, որ դա գյուղի հիմնադիրների դրած խաչքարերն են։ Բայց հնարավոր է, որ նրանք վերևի հանգստարանի խաչքարերը նկատի ունեին»։
Խաչքարերի մասին Դավիթը պատկան մարմիններին հայտնել է պատերազմից հետո։
«Պատերազմից հետո «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» տնօրեն Արմինե Հայրապետյանին ասացի այն մասին, որ խաչքարեր եմ տեսել։ Մենք պայմանավորվել ենք, միասին նորից գնացել խաչքարերի մոտ։ Պարզվել է, որ իրոք, խաչքարերը գրանցված չէին»։
Մռակած բնակավայրից քիչ ներքև միջնադարյան գերեզմանոց կա՝ ասում է Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» տնօրեն Արմինե Հայրապետյանը։ Այդ գերեզմանատան բոլոր խաչքարերը գնարցված են, նոր հայտնաբերվածները, սակայն, ոչ։
«Խաչքարերը, ինչպես նման շատ օրինակներ, հայտնաբերվել են խիստ պատահական, այդ խաչքարերը գրանցված չեն։ Սովորոբար, նորահայտ ենք համարում այն հուշարձանները, որոնք գրանցված չեն պետական ցուցակում, այսինքն հաշվառված չեն։ Կարող է տվյալ բնակավայրի բնակիչների համար հուշարձանը նորահայտ չէ, բայց երբ գրանցում, հաշվառում չկա, մենք նման հուշարձանները համարում ենք նորահայտ»։
Հայտնաբերված խաչքարերի մասին շատ բան հայտնի չէ՝ ասում է Արմինե Հայրապետյանը, սակայն հետազոտություններ անպայման իրականացվելու են։
«Քանի որ եղանակային պայմանները նպաստավոր չեն, մենք չենք կարող ուսումնասիրել ու կոնկրետ ասել, թե այդ խաչքարերը ինչու և ինչպես են հայտնվել այնտեղ։ Մենք ավելի կոնկրետ տեղեկություններ կիմանանք հետագա ուսումնասիրությունների արդյունքում, որն, իհարկե, կանենք եղանակային բարենպաստ պայմաններում։ Այժմ մենք միայն ֆիքսել ենք խաչքարերը։ Դրանք 12-րդ դարի են»։
Արմինե Հայրապետյանը խիստ կարևորում է այդ խաչքարերը, հատկապես, ներկա ժամանակաշրջանում։
«Մեր հակառակորդը անընդհատ փորձում է իր կեղծ քարոզչությամբ Արցախը զրկել հայկականության հենքից՝ ներկայացնելով աղվանական երկիր։ հուշարձանների առկայությունը գալիս է 1000-րդ անդամ ապացուցելու, որ այս տարածքում դարեր առաջ ապրել են հայերը, երբ Ադրբեջան պետության մասին նույնիսկ ոչ ոք չէր էլ կարող գուշակել»։
Խաչքարերի գոյությունը կարևորում է նաև Դավիթը, նա համոզված է՝ այդօրինակ խաչքարեր Արցախում շատ կան։
«Այս հողի վրա յուրաքանչյուր իր պատմական, մշակութային մեծ կարևորություն ունի։ Ես պատահական եմ գնացել և գտել այդ խաչքարը։ Այս հողի վրա շատ կան այդպիսի հուշարձաններ, որոնք դեռ գտնված չեն և լավ կլինի, որ բոլորը գտնվեն ու գրանցվեն՝ որպես հայկական հուշարձաններ»։
«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» տնօրեն Արմինե Հայրապետյանն ասում է՝ խաչքարերը գրանցվելու և ներառվելու են պետական ցուցակի մեջ։ Դրանք ոչ մի տեղ չեն տեղափոխվելու, մնալու են նույնն տեղում։