Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Երիտասարդներից շատերն անհամբեր սպասում են Սուրբ Սարգսի տոնին կամ, այսպես ասած, աղաբլիթ ուտելուն: Շատերի տանն այդ օրն ալյուրը դուրս է գալիս մառանից ու աղի հետ խառնվելով՝ փոքրիկ գնդերով շարվում սեղանին: Երիտասարդներից ոչ բոլորն են հավատում աղաբլիթի «զորությանը"։ Մեր կարճ հարցումը նպատակ ուներ պարզել, թե ինչ գիտեն երիտասարդները այս տոնի մասին:
«Անկեղծ ասած՝ ոչինչ չգիտեմ»
«Սուրբ Սարգիսը իր որդու և 14 մարտիկների հետ նահատակվել է հանուն Քրիստոնեության: Սուրբ Սարգսի տոնին ընդհառաջ երիտասարդները աղաբլիթ են ուտում՝ հույս ունենալով, որ երազում կտեսնեն իրենց հարսնացուին կամ փեսացուին, որոնք իրենց հետ ջուր կբերեն»:
Ջուր բերող երիտասարդները հաճախ ծուլություն են անում և երազում չեն գալիս, ոմանք ժլատ են լինում՝ առանց ջրի են գալիս, ոմանք էլ...
«Այս անգամ ես տեսել եմ իմ ընտրյալին, բայց իհարկե համառ փորձերից հետ»: «Ես երեկ կերել եմ աղաբլիթ, բայց ոչ ոք այդպես էլ ինձ ջուր չի տվել:» « Երազում ինչ որ մեկին տեսնելուն ու ջուր խմեցնելուն չեմ հավատում, բայց այդ սովորույթի շնորհիվ տոնը ավելի շատ է հիշվում»:
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր մայր տաճարի հովիվ Տեր Ներսես քահանայի դիտարկմամբ՝ Ս. Սարգսի տոնի ժողովրդական ավանդույթները մեր ազգային մշակույթի դիմագծերից են, բայց եթե այսօր որևէ երիտասարդ աղի բլիթ է ուտելու՝ հուսալով, որ երազում իր երկրորդ կեսին է տեսնելու, պետք է հստակ իմանա, որ դա լավագույն դեպքում ինքնախաբեություն է, իսկ հոգևոր տեսանկյունից՝ սնոտիապաշտություն, հետևաբար նաև՝ անընդունելի երևույթ»: Թե ինչպես է նշում Հայ Առաքելական եկեղեցին այդ տոնը՝ պարզաբանում է Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մեսրոպ Քահանա Մկրտչյանը:
«Սուրբ Սարգիսը լինելով համաքրիստոնեական սուրբ ՝ շատ սիրված է հայ եկեղեցու և հանրության կողմից: Այդ օրը Սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում ուխտի պատարագ է մատուցվում երիտասարդների մասնակցությամբ»:
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը 2006 թվականին այդ օրը հռչակել է որպես Երիտասարդների օրհնության օր: Արդեն 16 տարի շարունակ Սուրբ Սարգսի տոնին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։