Այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարը մարդաշատ չէր, չնայած օրվա խորհուրդը շատերին է ծանոթ: Երիտասարդ զույգերը գալիս-գնում էին: Մոմերը վառվում էին հանուն նոր ձևավորված ընտանիքների ամրության, նորերի ստեղծման և օրհնության: Ամուր պետության հիմքը ամուր ընտանիքն է՝ ասում է Վեհանուշ Հովսեփյանը։ Նա նոր է ամուսնացել, մեզ հետ զրույցում խոսում է օրվա խորհրդի մասին.
«Տեառնընդառաջի տոնը կարևոր նշանակություն ունի մեզ՝ նորապսակներիս համար, քանի որ սա ևս մեկ հնարավորություն է Աստծո օրհնությունը ստանալու և մեր նորաստեղծ ընատանիքի հիմքը ավելի ամուր դարձնելու համար։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք պետք է հետևի մեր ավանդական ծեսերին և եկեղեցական տոներին։ Համոզված եմ, որ ստանալով Աստծո օրհնությունը՝ կկարողանանք ամուր ընտանիքներ ունենալ, շարունակել ապրել մեր երկրում, զորացնել այն և ունենալ շատ երեխաներ»։
Վեհանուշը հավատում է տոնի խորհրդին, այս անգամ չկարողացավ մասնակցել նախօրեին կազմակերպված Տրնդեզի արարողությանը: Ասում է՝ ամեն տարի մասնակցում եմ։
«Յուրաքանչյուր տարի Տեառնընդառաջի տոնին մասնակցում եմ մեծ սիրով, քանի որ այն շատ յուրահատուկ խորհուրդ ունի»։
Տեառնընդառաջի տոնին նվիրված պատարագը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարում մատուցվել է Տեր Ներսես Գարեգին Ասրյանի ձեռամբ։ Մայր եկեղեցու հոգևոր հովիվը ընտանիքների զորությամբ է պայմանավորում մեր երկրի հզոր ներկան ու գալիքը։
«Հետպատերազմականը շրջանում մեր եզակի մխիթարանքներից մեկն այն է, որ պսակադրությունների թիվը բազմապատկվել է։ Անկախ ամեն ինչից, անկախ մեր կրած հարվածներից անկոտրում է մեր մեջ ապրելու կամքը, նոր ընտանիքներ ստեղծելու, մեր երկիրն ու եկեղեցին շենացնելու ձգտումը։ Ըստ էության ընտանիքն ինքնին մի փոքրիկ եկեղեցի է և շատ ուրախալի է, որ այս ընտանիքները գալիս եկեղեցում են պսակադրվում և ստանում Աստծո օրհնությունը»։
Ինչպես Հիսուսի ծննդյան 40 օրը լրանալուն պես նրան Տիրոջն ընդառաջ բերեցին, այնպես էլ արդեն տևական ժամանակ է արցախցիներն իրենց երեխաներին են ընդառաջ բերում Քրիստոսին, Տեր Ներսես Գարեգին Ասրյանը սա ողջունելի է համարում։
«Անցնող տարիներին, երբ ընտանիքներում երջանկության ճառագայթներն էին շողում՝ բալիկ էր ծնվում, շատերը պարզապես մկրտում էին, այսօր արդեն ուրախալի է, որ 40 օրը լրանալուց հետո երեխաներին բերում են տաճար և քառասունքի կարգ է կատարվում, այսօր մեր փոքրիկները ևս, Քրիստոսի հետքերով գալիս են տաճար»։
Պատարագից հետո էլ երկար ժամանակ եկեղեցում շարունկվում էր անցուդարձը: Մոմերն էլ շարունակում էին վառվել՝ հանուն մեր մեծ ու փոքր ընտանիքների օրհնության: