Վարդգես Գրիգորյանն իրենց գյուղի պատմության մասին գիրք գրելու մտքերով է մեծացել: Պատերազմից հետո ծննդավայրից հեռու լինելն ու կարոտով ապրելը գրողին ստիպել է իրագործել վաղեմի երազանքը՝ ի մի բերել «Արցախի Ղազանչի գյուղի պատմությունը»՝ գրքի տեսքով:
« Չկա ավելի ծանր ողբերգություն, քան ծննդվայրի կարոտը, չկա ավելի ծանր ցավ, քան այն, երբ մարդուց խլում են իր մանկական օրրանը՝ որտեղ անցյալի հուշեր են և ապագայի երազներ: Իսկ ինչպես փոխանցել Ղազանչիի ողջ պատմությունն այսօր, երբ Ղազանչին ավերվել է: Ահա ինձ տանջող այս խոհերն էին գիրք գրելուս պատճառը»:
Պատերազմից հետո գրողն իր տունը թշնամու տարածած նկարներում ու տեսանյութերում է տեսնում: Չնայած դրան՝ իր գյուղի պատկերներում սևին կանաչ երանգ է խառնում: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն ասում է, որ Վարդգեսը պատմելու շնորհ ունի, ինչն էլ գրավում է ընթերցողին:
«Գիրքն ընթերցելով՝ հասկանում եմ, որ այն այսօրվա համար չէ գրված, այլ գալիքին է ուղղված: Ղազանչիի հին ու լավ օրերի մասին, որն արտահայտված է պատկերներով»:
Գրքի խմբագիրը Արիս Գրիգորյանն է:
«Ես կարծում եմ, որ Վարդգեսն այս գրքով իր որդիական պարտք է կատարել և մենք բոլորս մեր ստեղծագործություններով պետք է նպաստենք մեր հայրենիքին»:
Գիրքը տպագրվել է 250 տպաքանակով։ Հեղինակը հուսով է, որ այն օգտակար ու պահանջված կլինի ինչպես Արցախի պատմությունն ուսումնասիրողների, այնպես էլ լայն հանրության համար։