Նոյեմբերի 22, 2024

Ստեփանակերտում հուշարձան-խաչքար է բացվել

By Անի Աբաղյան Փետրվարի 23, 2022

Այսօր հայ-իտալական կրթահամալիրի բակը բազմամարդ էր: Բոլորը հավաքվել էին նորաբաց հուշաղբյուր խաչքարի շուրջ: Առաջին շարքում ընկերներն ու հարազատներն էին կանգած, մի քիչ հեռու էլ՝ Արսենի մայրը՝ ծաղիկներ գրկած: Որդու անունը լսելիս արցունքները չի կարողանում զսպել. Արսենն ուրիշ էր՝ ասում է: Տան կրտսերն էր, բայց միշտ շփվում էր իրենից ավագների հետ: «Առաջ Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանն Արսենի եղբայրն է, միասին հաճախ էին կիսվում, օգնում տարբեր գործերում: 

«Արսենի մասին դժվար է անցյալով խոսել: Երբ միջոցառման էինք պատրաստվում , շուրթերիս անընդհատ նրա անունն էր գալիս: Ամեն հարցում օգնում էր ինձ»: 

«Հիշողության գիրք» ունի Արթուրը «Արսենի հետ» վերնագրով: Եղբոր անունը ժպիտ է բերում Արթուրի դեմքին այնպես, ինչպես միմյանց հետ հանդիպելիս էր լինում: Հերթական զրույցի ժամանակ էլ Արսենն Արթուրին պատմում է սիրելիի մասին, խնդրում ամուսնանալու դեպքում իրենց քավորը լինել, իսկ ինչպես Արթուրն է ասում «ասալ ում՝ այ խոխա քու հըրսանեքդ եսմ ընան»: Այդ օրվան էին սպասում:

 «Գրեթե ամեն օրս Արսենի հետ էի անցկացնում, չկար մի միջոցառում, որ միասին չկազմակերպեինք : Աստծո ողորմությամբ Արսենի մահից 3 օր անց ընտանքիում փոքրիկ Արսեն Մարդյան է ծնվում, որ հույս է ներշնչում մեզ ու բոլորիս: Մենք չպետք է ընկճվենք, այլ դասեր քաղենք անցյալի սխալներից ու շարժվենք առաջ»:

 Արսենը հենց առաջին օրից մտերմացել է նաև ուսումնարանի ուսուցիչների հետ, պարտաճանաչ ներկայացել դասերին՝ ուսուցիչ Սուսաննա Պետրոսյանն է պատմում: 

«Շատ ընկերասեր ու լուրջ էր Արսենը: Երբ հարցնում էի, թե ինչով է զբաղված դասերից հետո, պատասխանում էր. «Մենք գյուղում փոքրիկ հողամաս ունենք, այնտեղ հողագործությամբ եմ զբաղվում: Ես անպայման նաև տուն կկառուցեմ»»:

 Այսօր մայրաքաղաքում ևս մեկ սրբատեղի ավելացավ: Սրբատեղի՝ մեր զինվորների քաջության, անմահների հիշատակի հավերժության ու նրանց պատգամը անպայման պահելու մասին:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ