Դիրիժոր Գևորգ Մուրադյանը կյանքի 18 տարին Արցախին է նվիրել։ Ստեփանակերտ գալու առաջարկը խանդավառությամբ է ընդունել։ Եվ այնքան կապվել հայրենիքի այս հատվածի հետ, որ այստեղ ապրելն այլևս ներքին պահանջ է դարձել։ Ստեփանակերտն էլ նրան սիրով է ընդունել, մեծարել՝ Մաեստրո կոչելով։
«Երբ Ստեփանակերտից բացակայում եմ, կարծես ինչ-որ բան կորցրած լինեմ։ Հենց որ գալիս եմ, Շուշիի բարձունքից արդեն երևում է Ստեփանակերտը, մի տեսակ զմայլվում եմ այդ գեղեցիկ տեսարանով․ վերջապես հասա Ստեփանակերտ»։
Յուրաքանչյուր մարդու համար լավագույն գնահատականն իր գործի արժևորումն է։ Այսօր ԿԳՄՍ նախարարությունում հենց այդ նպատակով էին հավաքվել․ Սիրելի Մաեստրոյի՝ Գևորգ Մուրադյանի ծննդյան 75-ամյակը Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն է շնորհավորում։
«Ցանկանում եմ, որ ձեր եռանդն անսպառ լինի։ Ձեր ավանդն անչափ մեծ է Արցախի Հանրապետության և հայի գոյատևման մեջ։ Ցանկանում ենք Ձեզ քաջ առողջություն, ամենայն բարին։ Թող Արցախ աշխարհում միշտ խաղաղություն լինի, միայն հաջողություններն ուղեկցեն Ձեզ»։
Գևորգ Մուրադյանը ծնվել է Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը, 1986-1987 թվականներին կատարելագործվել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1991 թվականին նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1995 թվականին՝ ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր։ 2004 թվականին նշանակվել է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Գևորգ Մուրադյանի ավանդն արժևորում է ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։
«Ձեր աշխատանքը գնահատելի է հատկապես Արցախում դասական երաժշտության զարգացման գործում։ Իրոք, մեր դասական երաժշտարվեստը Ձեզանով մի նոր շունչ ստացավ, և Դուք կարողացաք դասական երաժշտությունն ու սիմֆոնիկ-դասական երաժշտությունը սիրելի դարձնել արցախահայ հասարակության համար։ Արցախցիները մեծ սիրով գալիս են Ձեր համերգներին և կարծում եմ՝ դա է Ձեր ամենամեծ նվերը, այն, որ մեր հանդիսատեսը սիրեց ու գնահատեց Ձեզ ու Ձեր երաժշտարվեստը»։
Ապրել հանուն ապագայի՝ Գևորգ Մուրադյանի կյանքի կարգախոսն է։ Ասում է՝ երբեք հետ չեմ նայել, ապրում եմ ներկայով՝ ապագայի համար։
«Հասարակության յուրաքանչյուր անդամ պարտավոր է, ներքին պահանջ պետք է ունեննա ինչ-որ լավ բան անելու։ Ինձ մոտ այդ սկզբունքը միշտ էլ եղել է, հետ չեմ նայել։ Այսօր, որ այս պատվին արժանացա, դա ինչի՞ արգասիքն է՝ գործունեության։ Հիմա ես հետ եմ նայում, որպեսզի հասկանամ, արդյոք, ես արժանի՞ եմ այս վերաբերմունքին, թե՝ ոչ»։
Գործին հավատարիմ մարդը փորձել է Արցախի պատիվն ու անունը ամենուր բարձր պահել՝ հանդես գալով աշխարհի տարբեր բեմերում։
«Որտեղ էլ որ գնացել ենք՝ Նորվեգիա, Ամենրիկա, Ռուսաստան, պարզ ճակատով ենք գնացել։ Ու յուրաքանչյուր պայմանագիր էլ այնպես ենք կնքել, որ Արցախի անունը անպայման նշվի։ Դա իրականում շատ բարդ գործընթաց է, հատկապես Մոսկվայում, բայց մենք դժվարություն չենք կրել, որովհետև ամեն ինչ հալալ քրտինքով ենք արել»։
Յուրաքնչյուր երկիր աշխարհին ներկայանում է նաև առանձին անհատներով։ Գևորգ Մուրադյանը այդ՝ այցեքարտ դարձած անձանցից է։