Նոյեմբերի 21, 2024

Բերդաշենում Սուրբ Զատիկը յուրովի են տոնել

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 18, 2022

Պատերազմից հետո Բերդաշենը դեռ այսքան աղմկոտ չէր եղել։ Մարդկանց միավորել էր  Սուրբ Զատիկը: Ամենուր ժենգյալով հացի բույրն էր, բոլոր տաղավարների դիմաց մեծ հերթեր էին: Հայրենասիրական երգ-երաժշտություն, ավանդական կերակրատեսակներ, հրաշալի բնություն...  Աղջկաբերդի տարածքում ասեղ գցելու տեղ չկար։ Բոլորը շտապում էին լուսանկարվել հայտնի  արձանի ֆոնին: Վաղուց Բերդաշենն այսքան ուրախ չէր:   Փառատոնի նախաձեռնող խմբի անդամ, բերդաշենցի Մասիս Զարգարյանի խոսքով՝ փառատոնի հիմնական նպատակը գյուղի լավագույն ավանդույթների վերականգնումն է։

 «Բերդաշենը բոլորին հայտնի է եղել իր հյուրասիրությամբ։ Սուրբ Զատկի տոնը փորձել ենք ավելի տոնական դարձնել և Բեդաշենի շուրջ համախմբել բոլոր այն արցախցիներին, որոնք ուզում են վերադառնալ իրենց ավանդույթներին»։ 

Փառատոնի այս  ձևաչափն  առաջարկել են համայնքի  դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ  Լուսինեն և Նանան։ Նրանք վստահ էին, որ շատ մասնակիցներ կունենան: Իսկ թե ինչպես է առաջացել գաղափարը՝ պատմում են.

 «Երկար դասամիջոցին զրուցում էինք նռան փառատոնի մասին, ու հենց այդտեղ էլ միտք ծագեց, որ կարելի է մեր գյուղում էլ կազմակերպել նման մի փառատոն, որտեղ պիտի վաճառքի դնենք Բերդաշենի նկարներով պայուսակներ, բաժակներ, հեռախոսների համար պատյաններ ու մագնիսներ։ Այդ մասին ընկեր Շուշանիկին ասացինք, նրա օգնությամբ ծրագիր մշակեցինք ու հաղթեցինք «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի կողմից կազմակերպված միջոցառմանը»։

 Փառատոնի կազմակերպչական աշխատանքներին աջակցել են  «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, Բերդաշենի համայնքապետարանը, համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի սաները և գյուղացիները։ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շահառու Շուշանիկ Մանուկյանն  արդեն 2-րդ տարին է Բերդաշենում։ 

«Իհարկե, փառատոնի սկզբնական տեսքն այսպիսին չէր, մենք ավելի փոքր ծավալներ էինք պատկերացնում։ Փառատոնի հիմքում դրված էր հուշանվերների  պատրաստում։ Վաճառքի հասույթով պետք է գնանք Գանձասար։ Փառատոնի իրականացման ֆինանսավորման մի մասը «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամինն է, «Բերդաշենի բարեգործական հիմնադրամի» նախաձեռնությամբ միջոցառումը ընդլայնվել է, հյուրասիրությունն ավելի շատացել»։

 Բերդաշենի համայնքապետ Գեորգի Պողոսյանն ասում է, որ այս փառատոնը մեծ նշանակություն ունի ոչ միայն բերդաշենցիների համար։  

«Ապագա սերնդին կրթելու, դաստիարակելու խորհուրդ ունի այս օրը։ Օրը պատահական չի ընտրվել։ Որոշում ենք կայացրել Սուրբ Զատիկի օրը մեր աջակցությունը հայտնել Շուշանիկին և դպրոցականներին, դպրոցի տնօրինության հետ համատեղ համախմբվել ու կազմակերպել այս միջոցառումը»։

 Այս փառատոնին  բերդաշենցի երիտասարդները պատրաստվել են գրեթե մեկ ամիս։ Բոլորը մեծ ոգևորությամբ են սպասել: Փառատոնի նպատակը միայն ժենգյալով հաց, գաթա կամ հարիսա հյուրասիրելը չէր ՝ասում է բերդաշենցի Աննան:  

«Մեր գյուղում շատ գեղեցիկ վայրեր կան, և մենք ուզում ենք, որ բոլորը գան տեսնեն, ու իմանան դրա մասին»։ 

Միջոցառմանը ներկա էին նաև  ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պետական  գերատեսչությունների  աշխատակիցներ: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ