Նոյեմբերի 22, 2024

«Զարթնի՛ր, լաո՜...»

By Մարգարիտա Ղուշունց Ապրիլի 24, 2022
«Զարթնի՛ր, լաո՜...» Artsakhpress

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Ստեփանակերտում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպված ջահերթն այս տարի «Զարթնի՛ր, լա՛ո…» կարգախոսն ուներ։ Նախքան երթի մեկնարկը ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում կատարվել է ժամերգություն, որից հետո բազմահազարանոց երթը Վրթանես եպիսկոպոսի, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանի, ԱՀ ԱԺ պատգամավորների, պետնախարար Արտակ Բեգլարյանի և հոգևորականների առաջնորդությամբ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով շարժվեց դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Շուրջ երեսուն մասնակից իրենց ձեռքերում ունեին այն երկրների դրոշներով պաստառները, որոնք ճանաչել են 20-րդ դարի Ցեղասպանությունը։ Նարինե Առուշանյանը առաջին անգամը չէ,որ մասնակցում է երթին։ Ասում է՝ այս անգամ մի քանի պահանջով է միացել երթին․

«Այն հույսով ենք միացել երթին, որ մի օր էլ Արցախի անկախությունը կճանաչվի, Հայոց ցեղասպանությունն ավելի շատ երկրներ կճանաչեն։ Հանուն արդարության ենք այստեղ։ Հանուն բոլոր ժամակաների մեր նահատակների հիշատակի ենք մասնակցում երթին»։


«Ո՛չ թուրքի հետ ապրելուն», «Արցախը սակարկելի չէ », «Ոչ մի զիջում թուրքերին», «Արդար պահանջ, ոչ մի նահանջ» կոչերը գնալով ավելի բարձր էին հնչում։ Փողոցից փողոց անցնելով՝ երթին շարունակում էին մարդիկ միանալ։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից երթին միացան նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, գործարար-բարերար Ռուբեն Վարդանյանը, պետական այրեր:


Արցախում կյանքը շարունակվում է՝ վկան երթին մասնակցողներն են: Մենք պետք է միասին հաղթահարենք բոլոր դժվարությունները՝ ասում է գործարար-բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը․


«Ինձ համար մեծ կարևորություն է այսօր այստեղ լինելը։ Արցախում պետք է զգան, որ մենք կանք ոչ միայն բարեգործությունների համար, այլև որ ֆիզիկապես, հոգեպես Արցախի կողքին ենք։ Արցախցին պետք է իմանա, որ դժվարություները հաղթահարելու ենք միասին։ Եթե մենք կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը, հզորացնել մեր բանակը, ամրապնդել և ավելի շատացնել մեր արտաքին կապերը, ապա մենք կհասնենք ցանկալի արդյունքի, և մեզ հետ հաշվի կնստեն բոլորը։ Եթե թույլ լինենք, ոչ ոք մեզ չի լսի։ Թույլին չեն սիրում ու չեն հարգում․ հզորանալ է պետք»։

Երթը հուշահամալիր տարավ հարյուրմետրանոց Արցախի դրոշն ու հազարավոր մոմեր ու ջահեր։ Նաև կոչ հղեց համայն հայությանն ու միջազգային հանրությանը․

«Բարձրացնել ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային կոնվեցիայի պահանջների կատարման նշաձողը։ Չդավաճանել համամարդկային արժեքներ կրող Արցախի ժողովրդին։ Եվ զգուշացնում ենք, որ Արցախի դեմ ոճրագործություններն անպատիժ թողնելը՝ առիթ է դառնալու աշխարհի տարբեր անկյուններում մարդկության դեմ նոր ոճրագործությունների իրականացմանը»։


Հուշահամալիրում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի օգնական Դավիթ ուրարակիր Փաշայանի առաջնորդությամբ նաև միասնական աղոթք հնչեց առ Աստված: Ելույթ ունեցան ՀՀ ժողովրդական արտիստ Շուշան Պետրոսյանը, ԱՀ պետական կամերային երգչախումբը։

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022 12:19
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ