Լրագրողների մասնագիտական տոնն առանձնապես չի նշվում: Նրանք շնորհավորում են միմյանց ու անցնում կամ համացանցում գրառում թողնում։ Այդքանը: Արագ չանցնելու և իրար առերես շնորհավորելու համար այսօր ժուռնալիսների միությունն իր հարկի տակ է ընդունել լրագրողներին։ 2010 թվականից լրագրողների համար օրացույցում մայիսի 23-ը կարմիրով է նշված։ Ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանի խոսքով՝ մինչև պատերազմը մասնագիտական տոնը նշանավորվում էր տոնական միջոցառումներով, պատերազմից հետո ավանդույթը խախտվել է։
«Օրը կարևորում եմ նրանով, որ ևս մեկ հնարավորություն է Արցախի լրագրողական հանրությանը միախմբվելու։ Մենք ունենք մեր բանակը, որը տեղեկատվական դաշտում է պատերազմում։ Միասնական լինելու հետ մեկտեղ, պետք է լինենք անաչառ, ճշմարտախոս»։
Այստեղ լրագրողական ներուժը մեծ է՝ ասում է Կիմ Գաբրիելյանը։ Սակայն ներուժն արդյունավետ օգտագործելուն խոչընդոտում են մի շարք խնդիրներ, որն առաջացել է պատերազմի հետևանքով։ Մեծ է լրագրողների դերը հատկապես տեղեկատվական անվտանգության դիտանկյունից:
«Ես գտնում եմ, որ տեղեկատվական անվտանգության հիմնական մարտիկները լրագրողներն են, և այն կարևոր է՝ ռազմական անվտագության չափ։ Ես միշտ կոչ եմ արել մեր լրագրողներին, որ առաջ շարժվեն կայացած բանակի ձևով, այլ ոչ թե ֆիդայական շարժումներով»։
Օրվա առթիվ նաև պարգևատրումներ են եղել։ Մելանյա Միլոնյանը Հանրային ռադիոյի նվիրյալներից է։ Երկար տարիներ Ստեփանակերտը հենց նրա ձայնով էր «խոսում»։ Մասնագիտությամբ մանկավարժին Գրիգորի Սողոմոնյանի հետ պատահական հանդիպումն է ռադիո բերել։ Այսօր նա արժանացել է «Երախտագիտություն» մեդալի։
«1988 թվականի դեկտեմբերյան օրերն էին․ մի լուր, մի բանաստեղծություն, մի հոդվածից հրապարակախոսություն կարդացի։ Բանաստեղծությունը լսելուց հետո ասացին «Հունվարի 1-ից աշխատանքի եք», և մինչև 2020 թվականի հունիսի 30-ը աշխատել եմ ռադիոյում»։
Լրագրողներ Գարիկ Օհանջանյանը, Զոհրաբ Ըռքոյանը, Կարինե Դադամյանը պարգևատրվել են, Անահիտ Դանիելյանը՝ հետմահու։ Առիթն օգտագործել և հերթական՝ 22-րդ գիրքն է ընթերցողի դատին հանձնել լրագրող, բանաստեղծ Արիս Արսենին։ «Օր օրի, ժամ առ ժամ» ժամանակագրական գիրքը սկսում է Արցախյան շարժմամբ։ Այն կազմված է ամենօրյա գրառումներից և նպատակ ունի սկզբնաղբյուրի դեր կատարել տվյալ ժամանակշրջանի իրադարձություններով հետաքրքրվողնի համար։
«Անդրադարձել եմ նաև ապրիլյան, այնուհետև 44- օրյա պատերազմին։ Գիրքը ավարտվում է 2022 թվականի մարտյան դեպքերով»։
Ներկաները քննարկել են գիրքը, անդրադարձել լավ ու թերի կողմերին։ Ժուռնալիստների միությունում շնորհավորանքների հասցեները տարբեր էին, ջերմությունը՝ նույնը։