Նոյեմբերի 21, 2024

Գործ կա՛. Արցախի հանրային ռադիոն առաջարկում է լրագրող- մեկնաբանի աշխատանք

By Վիկտորյա Սարգսյան Նոյեմբերի 24, 2022

Արցախի հանրային ռադիոյի եթերում ամենաշատ հնչող ձայնը ժամանակավորապես լքում է թիմը։ Մարգարիտա Ղուշունցը պատրաստվում է 3-րդ անգամ մայրիկ դառնալ։ Ինչպես ինքն է սիրում կատակել՝ նպաստում է ժողովրդագրական աճին։ Ահա թե ինչու Արցախի հանրային ռադիոն լրատվական բաժնի համար փնտրում է լրագրող-մեկնաբանի։  Մարդու,  ով ունի նախ՝ աշխատելու մեծ ցանկություն և հետո, որոշ մասնագիտական հմտություններ։ Երևի շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչու՞ մեկնաբան, այլ ոչ՝ հաղորդավար։ Հաղորդավարությունը հիմնականում իրենից ենթադրում է պատրաստի տեքստի ընթերցում։ Արցախի հանրային ռադիոյի լրատվականի  դեպքում աշխատանքը մի փոքր այլ է։ Հանրային ռադիոյի տնօրեն Տաթև Խաչատրյանն է պարզաբանում։ 

«Իհարկե մենք ունենք խմբագիրներ, որոնք զբաղվում են պատրաստի բլոկների խմբագրմամբ, բայց հենց լրագրող-մեկնաբանն է ընտրում լուրերը, խմբագրում, դասավորում և հետո խմբագրի հետ քննարկում այն։  Պատրաստի տեքստ ոչ մեկը հաղորդավարի ձեռքին չի դնում։ Հենց դա է տարբերությունը»։ 

Տաթև Խաչատրյանը առանձնացնում է նաև լուրը մեկնաբանելու հմտությունը։ Պետք է մատուցել լուրը պարզ ու մատչելի։ «Շատ դեպքերում լուրի ընկալումը հենց մատուցումից է կախված։   Պետք է կարողանալ այնպես  մեկնաբանել, որ ռադիոունկնդրին ավելի հասկանալի լինի այն։ Պետք է նաև  տարբեր   լուրերի միջև  պատճառահետևանքային կապը ցույց տալ»։ Ցանկացած գործ հաջողում է թիմային աշխատանքի շնորհիվ։ Լրատվական բաժնում՝ հատկապես։ Մինչև եթեր գնալը, լուր լինի, թե  ռեպորտաժ,  մի քանի ձեռքի տակով է անցնում։ Շատ կարևոր է նաև փորձի փոխանակումը՝ ասում է լրատվական բաժնի խմբագիր Անի Մանգասարյանն ու նշում՝ այստեղ յուրաքանչյուրն էլ պատրաստ է այն սիրով փոխանցել։ Մասնագիտական հմտություններից առանձնացնում է գրագետ խոսքն ու հաճելի ձայնը։ 

«Լրագրող-մեկնաբանը պետք է ունենա գրագետ ու հստակ խոսք, հաճելի ու միևնույն ժամանակ վստահելի ձայն։ Բնականաբար, ցանկացած տեքստ յուրաքանչյուրը կարող է մատուցել յուրովի։ Բայց, ինչ վերաբերում է լուր մատուցելուն, կան սահմանված  ձևաչափեր, որոնց պետք է հետևել։ Պետք է լուրը մատուցել շատ հստակ, պարզ ու լսողին ընկալելի»։ 

 Լրագրողական կրթություն ունենալն ամենևին էլ պարտադիր չէ։ Տաթև Խաչատրյանի խոսքով՝ պարտադիր է միայն բարձրագույն կրթությունը։ Լրագրությունն այն եզակի մասնագիտություններից է, որի դեպքում զուտ լրագրողական   մասնագիտացում ունենալը պարտադիր պայման  չէ։ Դիմողների թիվը սպասվածից մեծ է՝ ասում է։ Այդ պատճառով ընտրել են քասթինգի ֆորմատը։ 

«Մենք բոլորին կտանք միանման առաջադրանքներ։ Նրանք կստանան և՛ ռեպորտաժի թեմաներ, և՛ լուրերի բլոկ։ Նրանց ժամանակ կտանք պատրաստվելու և արդեն կձայնագրենք։ Այդքանից հետո կհասկանանք,   արդյոք համապատասխանու՞մ են, ունե՞ն անհրաժեշտ հմտություններ, թե՝ ոչ»։ 

  Քասթինգը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, ժամը 14։00-ին հանրային ռադիոյում։  Հայտերի ընդունումն այժմ էլ շարունակվում է։ Եթե առաջարկը հետաքրքրեց Ձեզ,  կարող եք Դուք էլ    CV  ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտորնային հասցեին ու մասնակցել մրցույթին։ 

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 25 Նոյեմբերի 2022 11:46
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ