Նոյեմբերի 21, 2024

Արվեստն անտեսում է շրջափակումը․ «Sunrise Stepanakert» արվեստի փառատոնը կրկին Արցախում է

By Մարգարիտա Ղուշունց Հուլիսի 08, 2023

Շուրջ յոթ ամիս տևող շրջափակումը փոփոխություններ մտցրեց Արցախի ոչ միայն սոցիալ-տնտեսական կյանքում, այլև՝ մշակութային։ Այս տարի անցկացվելիք մշակութային միջոցառումների շարքում էր նաև «Sunrise Stepanakert» արվեստի փառատոնը։ Ինչպես անցյալ տարի, այս անգամ ևս՝ փառատոնի կազմակերպիչները ներկայացան հագեցած ծրագրով, սակայն այս անգամ ավանդական ձևաչափին փոխարինելու եկավ հիբրիդայինը։ Արվեստի գործերի ցուցադրություն, երաժշտական համերգներ, կինոդիտումներ, ստեղծագործական վարպետության, ժենգյալով հացի պատրաստման դասեր Արցախում և ՀՀ-ում. զուգահեռաբար և միաժամանակ։ Ինչպես հաջողվեց հաղթահարել դժվարություններն Արցախում և փառատոնը հասցնել նպատակին։ Մարգարիտա Ղուշունցի ռեպորտաժը։

Արդեն երրորդ տարին է, ինչ «Sunrise Stepanakert» արվեստի փառատոնն իր շուրջն է հավաքում արվեստագետների ՀՀ-ից, Արցախից և Սփյուռքից։ Տարբեր տարիների փառատոնի անցկացման թեմաները տարբեր էին։ Այս տարի թեման կոչվել է «Եզրեր»։ Ամենամյա փառատոնի այս տարվա ձևաչափը տարբերվող էր։ Նախ՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակ լինելը, հետո արդեն դրա հետևանքով առաջացած խնդիրները հանգեցրին նրան, որ ավանդական ձևաչափից անցնեն հիբրիդայինի։ «Sunrise Stepanakert» մշակութային հիմնադրամի Ստեփանակերտի թիմի առաջնորդ Գայանե Սարգսյանը նշում է, որ փառատոնի մեկնարկը տրվեց հունիսի 30-ին, Ստեփանակերտի պատկերսրահում՝ ցուցահանդեսով:

«Ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր հեղինակների աշխատանքներ, ցավոք բլոկադայի պատճառով չկարողացանք բոլորը Հայաստանից բերել Արցախ։ Դրա պատճառով մեր այս տարվա ցուցադրությունը համեստ կազմակերպեցինք։ Մաքսիմալ այնպես ենք կազմակերպել ,որ բոլորին հասանելի լինի։ Սա էլ իր մեսիջն ունի աշխարհին, որ չնայած այն ամենին, ինչ կատարվում է այսօր մենք այստեղ ենք, արվեստն ապրում է։ Իհարկե կարող ենք հուսահատվել, ասել՝ խնդիրները շատ են, բայց պետք է կարողանանք ուժ գտնել։ Մենք որոշեցինք, որ չի կարող բլոկադան մեզ խանգարել»։

Փառատոնի կազմակերպչական աշխատանքները չնայած դժվարությամբ, բայց ստացվեց արդյունավետ կազմակերպել՝ ասում է Գայանեն, առանձնացնում ՝ ընթացքում առաջացած խնդիրները։

«Ընթացքում Արցախում շատ խնդիրներ էին լինում։ Օրինակ տրանսպորտի բացակայությունը , մի տեղից մյուս տեղ գնալ, պաստառներ վերցնել, կախել, տանել-բերել։ Կամ այլ անհրաժեշտ ապրանքներ գտնել, որոնք այստեղ չկան»։

Այսքանով խնդիրները չէին վերջանում՝ ասում է, ներկայացնում փառատոնի արցախյան մասը։ Ստեփանակերտում փառատոնն անցկացվեց չորս կետում՝ Ստեփանակերտի պատկերասրահ, Հաբ Արցախ, «Վալեքս Գարդեն» կինոթատրոն, ԹՈՒՄՈ կենտրոն։ Եվ ինչպես Արցախում անցկացվող գրեթե յուրաքանչյուր միջոցառում, փառատոնի աշխատանքների ժամանակացույցը նույնպես համապատասխանեցվում էր էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների գրաֆիկին։

«Չորս լոկացիա՝ կինոդիտումներ, վարպետաց դասեր, ժենգյալով հացի պատրաստման դասեր, ցուցահանդեսներ։ Այդ ընթացքում ձեռքիս լույսի գրաֆիկն էր ՝ որտեղ ինչ կազմակերպեմ, ինչպես գնանք, ընթացքում շատ ենք ժամերը փոփոխել, հայտարարել, սակայն եղել են դեպքեր, երբ մարդիկ տեղյակ չեն եղել ու ավելորդ խնդիրներ են առաջացել։ Բայց կարողացանք հաղթահարել»։ 

Փառատոնի մասնակիցների համար նախորդ երկու տարիներին մեծ հնարավորություններ էին ստեղծվել. արվեստագետների, դասընթացավարների հետ հանդիպել հենց Ստեփանակերտում, կիսվել կարծիքներով, ունենալ արդյունավետ քննարկումներ, նոր առաջարկություններ ներկայացնել։ Այն նաև կարևոր էր նրանով, որ անցյալ տարի ՀՀ-ից ժամանած բազմաթիվ մասնակիցներից շատերն առաջին անգամ էին Արցախում, ուստի փառատոնը նաև զբոսաշրջության բաղադրիչ ուներ: Շրջափակումը փառատոնին տվեց մի դրական բան՝ բացահայտեցինք տեղի տաղանդավորներին, ասում է Գայանեն։

«Ծանոթացանք, ծանոթացրինք։ Մարդիկ եկան վարպետաց դասեր անցկացրեցին։ Հենց այդտեղ էլ հասկացանք՝ ինչքան տաղանդավոր մարդիկ ունենք Արցախում։ Վոկալի, նկարել շորերի վրա, խոսք և շարժում, ժենգյալով հացի պատրաստում, վարպետաց դասեր կազմակերպեցինք։ Հետաքրքիր էր ու հաճելի թատրոնի շենքի բակում ազգագրական պարի բաց դաս կազմակերպեցինք ու մեզ միացան տարբեր տարիքի մարդիկ։ Շատ ոգևորիչ էր»։

Փառատոնյան տասն օրերի ընթացքում մեզ համախմբողը միսնականության գաղափարն էր, ասում է Գայանեն։ Համոզված է՝ կարողացան մեկ անգամ ևս աշխարհին ցույց տալ, որ արվեստը սահմաններ ու սահմանափակումներ չի ճանաչում։ Փառատոնը կամփոփվի վաղը` հուլիսի 9-ին, Ստեփանակերտում համայնքային որմնանկարի ներկմամբ։

Last modified on Շաբաթ, 08 Հուլիսի 2023 15:09
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ