«Ազատ Արցախ» հանրապետական թերթը 99 տարիների ընթացքում երբեք չի ընդհատել գործունեությունը և այսօր էլ շարունակում է ներկայացնել երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը։ Գրեթե մեկդարյա պատմություն ունեցող թերթի կենսագրությունը ժողովրդի անցած ճանապարհն է հենց՝ ասում է շուրջ 30 տարի մայր թերթով ապրող լրագրող Լաուրա Գրիգորյանը։ Դժվարին ճանապարհ է անցել թերթը, ականատեսը եղել լավ և վատ օրերի, տեսել պատերազմներ ու տոնել հաղթանակներ։ Ոչ մի դժվարության առջև չեն ընկրկել։ Ծանր օրերին առաջ մղող ուժը խոսքի ուժի գիտակցումն է եղել․ պետք էր հույս տալ ժողովրդին՝ չկորցնելու վաղվա օրվա հանդեպ հավատը։
«Թերթի համար այդ խառնակ ժամանակաընթացքում մշտապես գտնվելով ռմբակոծությունների տակ, ինչպես նաև հոսանքի ու տեխնիկական հնարավորությունների բացակայության պայմաններում խմբագրակազմը պատվով է կատարել իր առաքելությունը՝ լույս ընծայելով թերթի ամենօրյա համարը։ Այն ժամանակ ամենօրյա 8 էջանոց թերթ էինք հրատարակում»։
Լաուրա Գրիգորյանի մոտ լրագրության հանդեպ սերն առաջացել է թերթի շնորհիվ։ Դեռ դպրոցական տարիներից էր թղթակցում թերթին, ուներ սիրելի լրագրողներ, որոնց նյութերով ոգեշնչվում էր․
«Մինչև թերթում աշխատելս, միշտ ընթերցում է «Սովետական Ղարաբաղ»-ի բոլոր համարները։ Անկեղծ ասած՝ ինձ միշտ գրավում էին Նվարդ Ավագյան և Նվարդ Սողոմոնյան ստորագրությունները։ Եվ երբ բացում էի հերթական համարը՝ առաջինը նրանց նյութերն էի փնտրում և ընթերցում»։
Թերթի պատասխանատու քարտուղար Մնացական Ազիզյանը կյանքի 30 տարիները մայր թերին է նվիրել։ Շատ հիշողություններ ունի՝ ուրախ ու տխուր։ Բայց «Արցախ» լրատվականին որոշեց ուրախ պատմություն պատմել։
«1997, 1998 թվականն էր։ Ունեինք ընդհամենը 2 համակարգիչ, մեկի վրա մուտքագրվում էր շարվածքը, մյուսի վրա էջադրումն էր կատարվում։ Գիշերվա ժամը 3-4-ն էր, ես ու խմբագիր Մաքսիմ Հովհաննիսյանն էինք աշխատում։ Թերթի վերջին էջում ազատ տեղ էր մնացել և նյութ չկար, որ լրացնենք, որպեսզի թերթի հերթական համարը հրատարակենք։ Այդ պահին Մաքսիմ Հովհաննիսյանն ինձ հարցրեց՝ կարողանո՞ւմ եմ արդյոք շարվածք անել․ ես էլ պատասխանեցի՝ կփորձեմ։ Ու հենց նույն պահին նա սկսեց թելադրել՝ «Վերջին էջն ենք կապում, նյութեր չկան ես ու պատասխանատու քարտուղարը մտածեցինք՝ ինչ անել և հիմա ես թելադրում եմ, ինքը՝ մուտքագրում է․․․»։ Այնքան գեղեցիկ նյութ ստացվեց։ Հետագայում այդ նյութի հետ կապված շատ լավ արձագանքներ ստացանք»։
Թերթի գործունեության առաջին 5 տարում տպաքանակը եղել է 500, 700, 1000, 1700, 2300, 4600 օրինակ։ 1932-ից թերթը դարձել էր ամենօրյա։ 1980 թվականից այն սկսել է լույս տեսնել նաև «Խորհրդային Ղարաբաղի» ռուսերեն տարբերակը։ 1988-ին` Շարժման տարիներին, բաժանորդների թիվը հասել էր 100 հազարի, 1998-ին այն արդեն իջել 3000-ի։ Հանրապետական թերթն այսօր հրատարակվում է շաբաթը մեկ անգամ ՝ 150 տպաքանակով։ Տպաքանակի կրճատում չի նշանակում, թե այն որակական կամ բովանդակային առումով թերանում է՝ ասում է «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Վան Նովիկովը։ «Ազատ Արցախ»-ը ձեռքը պահում է ժամանակի զարկերակին․
«Հանրապետական թերթը իր առջև խնդիր է դրել և այդ ճանապարհին է ,որպեսզի կարողանա համապատասխանեցվի ժամանակի պահանջներին։ Արտացոլի այն իրավիճակն ու հանրային հնչեղություն ունեցող խնդիրների լուծումը, որոնք կարող են նպաստել այս կամ այն բնագավառի կայացմանը։ է դրել․․․․ Շաբաթաթերթ դառնալուց հետո հնարավոր է օպերատիվ արձագանքել հեղինակային թեմաներով, վերլուծական, քաղաքական,տնտեսական, հասարակական նշանակության թեմաներով»։
Թերթը նպատակադրված է՝ հայտնվել այն մարդկանց գրասեղանին, որոնք զգում են իրենց համաքաղաքացու, համագյուղացու խոհերը լսելու, կարդալու և միմիանց հետ հաղորդակցվելու կարիքը։ Թերթն ունի նաև էլեկտրոնային տարբերակ։ Այն կայքի վերածելու առաջին քայլերն արված են՝ ասում է Վան Նովիկովը։
«Հնարավորին օպերատիվ և համակարգված լրատվակայք և տպագիր մամուլի էլեկտրոնային տարբերակ ունենալու հիմքերը դրված են։ Նոր կայքը կլինի այն մեկնակետը, որը հիմք է տալու օպերատիվ և հնարավորինս շուրջօրյա լրահոս ապահովելու և դրան գումարելու նաև տպագիր տարբերակի հեղինակային հոդվածների, հարցազրույցների հնարավորինս հետաքրքիր ձևաչափով մատուցելու և ընթերցողին մղելուն դեպի նաև տպագիր տարբերակը»։
Նոր կայքի գործրկմամբ հնարավորություն կստեղծվի թերթի ընթերցողական շրջանակը մեծացնել և դուրս գալ համահայկական լրատվադաշտ, ասում է Վան Նովիկովը։ Կայքը կգործարկվի մինչև տարեվերջ։