Նոյեմբերի 21, 2024

Ծննդյան օրվա փոխարեն՝ հուշ-երեկո

By Անի Աբաղյան Դեկտեմբերի 02, 2021
Ծննդյան օրվա փոխարեն՝ հուշ-երեկո Artsakhpress

Մխիթար Ասրյանի տարեդարձին սովորաբար  հյուրերը շնորհավորելու էին գալիս մեծ նվերներով, բայց այսօր նրանց ձեռքերում սեղմված թաշկինակներ են միայն:  Նախկին աղմուկ ու ծիծաղից   այսօր լռություն  ու արցունքներ են մնացել: Կինը՝ Աննան, հիշում է ամուսնու վերջին խոսքը.

«Վիրավորվելուց հետո զանգեց ինձ ու ասաց. սիրում եմ քեզ Ան, ուժեղ կմնաս»:

Մխիթարը հատուկ ջոկատային էր, 8 ամսվա ծառայող: Պատերազմի ընթացքում   «ճամփորդել է» Արցախի ողջ տարածքում ՝ Թալիշից Հադրութ, Հադրութից Շուշի: Հերթական առաջադրանքն էր կատարում. վիրավորներին պետք է օգնության հասնեին, բայց իրենք վիրավորվեցին:

«Նրանք 3 ընկերներով՝ Մխթարը, Գագուշը և Վազգենը, միասին էին, շրջափակման մեջ հայտնվեցին, վիրավորվեցին ու  անօգնական մնացին»:

Մխիթարի աղջիկը՝ 12-ամյա Մոնիկան, հոր դիմագծերն ու բնավորությունն ունի: Խոսել չի ուզում, հուզմունքը սևազգեստ պարով է արտահայտում:

Մարտական ընկերը՝ Արթուր Հայրապետյանը, պատերազմի օրերին է ծանոթացել Մխիթարի հետ:  Ասում է՝ նրա հետ երկար շփվելու բախտ չի վիճակվել, բայց հասցրել է ճանաչել ու շատ բան սովորել նրանից:

«Այդ մի քանի շաբաթների ընթացքում մենք ստեղծեցինք կուռ ընկերություն: Այդ ընկերությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ես ողջ եմ»:

Մխիթարը ամեն օր մեզ հետ է՝ մենք զգում ենք նրա ներկայությունն ամեն քայլափոխի: Նա ապրում է մեր մեջ՝ ասում է կինը: Դահլիճում միջոցառման սկզբից մինչև վերջ լացի ձայներից բացի, մի փոքրիկ տղայի ուրախ աղմուկն էր հնչում: Փոքրիկի աշխույժ խաղն ու ներկաների անհատակ տխրությունը հակադրություն էր ստեղծել. մեր փոքրիկներն են, որ կօգնեն հաղթահարել ներկայի փորձությունները:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ