Ի սկզբանե խաչքարը պետք է լիներ մարտունեցի ընկերներ Մհեր Աբրահամյանի և Արսեն Աղասյանի հիշատակին, ովքեր մինչև իրենց կյանքի վերջին րոպեները միասին էին, միասին՝ մարտի դաշտում: Բայց հետո որոշվեց այն նվիրել արցախյան երեք պատերազմներում զոհվածների հիշատակին: Գաղափարը Նժդեհ Իսկանդարյանինն էր, ով շատ մտերիմ էր տղաների հետ: Նրանց մասին խոսել չկարողացավ, միայն ասաց, որ ընկերներին միշտ հիշում է կենսախինդ ու մարդկային բարձր հատկանիշներով: Խաչքարի բացման պատվավոր առաքելությունը տրվեց Նժդեհին, Մհերի քրոջը՝ Լենային և Արսենի քրոջը՝ Միլենային: Տեր Հովհան քահանա Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օրհնության կարգ, որից հետո իր սրտի խոսքն ասաց Աղասյան եղբայրների մայրը՝ տիկին Մարգարիտան:
«Ցավը խորն է յուրաքանչյուրիս համար, սակայն ցավը զսպելով հորդորում և խնդրում եմ համախմբվել և առաջ նայել՝ հանուն մեր հերոսների: Որպեսզի թշնամին մեր համախմբվածությունից ընդմիշտ մոռանա մեզ»:
1992-ի Օգոստոսի 17-ը Մարտունի քաղաքի համար ճակատագրական էր: Թշնամին փորձեց գրավել քաղաքը, բայց իսկույն հանդիպեց դիմադրության: Այդ օրը հերոսացան Արմեն Խաչատրյանը, Մխիթար Գրիգորյանն ու Պավել Գրիգորյանը: Թշնամու հարձակումը ձախողվեց: Մարտունու վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Անի Խաչատրյանի խոսքով՝ այս տարի էլ օրը նշանավորվեց այսկերպ:
«Տասնամյակներ է, որ նշում ենք այս օրը: Սակայն այսօր այլ ձևաչափով նշվեց Մարտունու օրը: Նժդեհի անունը կրող Նժդեհ Իսկանդարյանը կառուցեց այս խաչքարը ու մի նոր սրբատեղի բացվեց հենց Մարտունու սրտում»:
Ասում են՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Մարտունեցիները 92-ի օգոստոսի 17-ը համեմատում են 2020-ի նոյեբների 3-ի հետ, երբ կրկին բախվեցին թշնամու անհավասար ուժերի հետ ու կրկին հերոսական դիմադրություն ցույց տվեցին: Այսուհետ Մարտունու հրապարակում Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի կողքին ևս մեկ սրբատեղի ավելացավ` հավերժացնելու հարյուրավոր հերոսների հիշատակը: