Սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ հռչակման 31-րդ տարեդարձին մայրաքաղաք Ստեփանակերտում հայտնի գործարար-բարերար, «Ավրորա», «Ապագա հայկականը» և էլի 700-ին մոտ նախաձեռնությունների հեղինակ Ռուբեն Վարդանյանը մամուլի ասուլիս է հրավիրել։ Իրադարձությունն ինքնին խորհրդանշական էր։ Շնորհավորելով հանրապետության օրվա կապակցությամբ, Ռուբեն Վարդանյանը մասնավորապես ասել է «Ցավոք, մինչև վերջ չենք հասկանում, թե ինչքան կարևոր է այս օրը ոչ միայն Արցախի, այլև ամբողջ հայ ազգի համար»։ Նախօրեին Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով, իր՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ մշտական բնակության տեղափոխվելու մասին։ Նման ֆինանսական կարողություն և կարգավիճակ ունեցող անձի՝ Արցախ տեղափոխվելը տարբեր մեկնաբանությունների ու շահարկումների տեղիք է տվել՝ Արցախում ու Արցախի շուրջ ընթացող իրադարձությունների մասին։ Ինքը՝ գործարարն էլ հայտարարել է, որ իր որոշումն ինքնանպատակ չէ։
«Իմ կոչի մեջ ասել եմ իմ մեջ կուտակվածը։ Որոշումն ավելի ուշ պիտի կայացվեր։ Բերձորի ու Աղավնոյի դեպքերը արագացրել են այն։ Երբ տեսա մարդկանց վիճակը, որ ապրում են այստեղ, որոշեցի հանդես գալ ու հայտարարել որոշմանս մասին։ Այսօր ճգնաժամային է իրավիճակը, պատերազմի մեջ ենք, և վտանգն ու անհանգստությունը, որ փորձել եմ հաղորդել՝ իմ ներքին ապրումներն են»։
Արցախը Ռուբեն Վարդանյանը նոր Սարդարապատ է համարում, և իր իսկ խոսքերով պատահական չի ոչ Արցախ տեղափոխվելու իր որոշումը, ոչ Արցախում համահայկական ճակատ ձևավորելու և համահայկական համախմբման հասնելու գաղափարը։ Այստեղ ուրիշ է էներգետիկան, այստեղ ստելը հեշտ չէ, այստեղ ամեն ինչ խորքային է,-ասում է նա, պարզաբանելով, որ համախմբում ասելով, պետք է հասկացվի նախ այն, որ բոլորը հանուն ազգային արժանապատվության և հայկական ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության պետականության ու Արցախի անկախության ու անվտանգության պետք է մի կողմ դնեն քաղաքական ու մյուս շահերը, բարձրագոչ կոչերը և միավորվեն։ Հենց Արցախի շուրջ։
«Ուզում եմ, որ այդ գաղափարը ձեր մեջ ամուր նստի, քանի որ եթե մենք ունենայինք նորմալ իրավիճակ, կարելի կլիներ քննարկել քաղաքական հարցեր, ով ինչ կարծիք ունի, նման բաները հետաքրքիր կլինեին։ Իսկ այս իրավիճակում 3 հարցի շուրջ պիտի խոսվի․ ճգնաժամ՝ ինչը ուրիշ ձևով պիտի արվի, ոնց եմ ես դա տեսնում։
Ես Արցախում շատ եմ եղել, ծննդով արցախցի չեմ, բայց արցախցիների մեջ մի լավ բան եմ տեսել․ նրանք կամ հավատում են, կամ ոչ։ Կարևոր հարցը, որ կախված է օդում, այն է, թե սա ձևական է, թե չէ։ Նրանք վախենում են խաբված լինել նորից։
Ունա՞կ է Ռուբեն Վարդանյանը լուծելու խնդիրը»։
Ռուբեն Վարդանյանն ասում է, որ լուրջ է, և դա ապացուցել է դեռ մինչև Արցախում ապրելու որոշում կայացնելը՝ գործերով։ Արցախում կա հավատի, վստահության կորուստ, և այդ վստահության վերականգնումը Ռուբեն Վարդանյանն ամենաառաջնային խնդիրն է համարում։
«Ես պատրաստ եմ իմ ունեցածը նվիրելու Արցախին ու նրա անկախության պահպանմանը, նրա զարգացման ծրագրերին։ 3 հարց է կարևոր․ ճգնաժամ, կարող ես դուրս բերել թե ոչ, և որքանով ես ազնիվ»։
Ռուբեն Վարդանյանի որոշումը տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել․ ընդ որում ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան ու ադրբեջանական հարթակներում։ Այդ հարցերը հնչեցրին նաև ասուլիսի մասնակիցները։
«Ինձ որևէ պաշտոն չի հետաքրքրում ոչ Հայաստանում, ոչ Արցախում, բայց ես պատրաստ եմ ստանձնել նման պատասխանատվություն, եթե դա կարող է լինել ի շահ այն գաղափարի և գործի, որը նախաձեռնել ենք: Պետք է փոխել կարծրատիպը, որ միայն իշխանության կամ պաշտոնի առկայության դեպքում է հնարավոր որևէ գործունեության մեջ առաջընթաց գրանցել, և ես կարիք չունեմ պաշտոնի ու հեղինակության։ Ես ուզում եմ իմ կապերը, իմ ռեսուրսները ներդնել Արցախի ու Հայաստանի զարգացմանը»․ այս մտքերն է արտահայտել Ռուբեն Վարդանայնը՝ իրեն ուղղված հարցադրումներին ի պատասխան։ Ինչո՞ւ հենց հիմա է այդ որոշումը կայացրել՝ բարերարն ասում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը շատ բան է փոխել իր կյանքում, իսկ որոշումը պիտի հասունանար։ Հարցին, թե ո՞վ է Ռուբեն Վարդանյանը, այն Ռուբեն Վարդանյանը, ով Արցախ է տեղափոխվել՝ իր քաղաքական դիրքորոշմամբ, իր առջև դրված խնդիրներով, նպատակներով, գործարարը պատասխանել է․
«Եթե ուզում եք իմանալ, թե ով եմ ես՝ գլոբալիստ, ռուսաֆոբ կամ ռուսամոլ, նայեք իմ գործերին։ Տեսեք, թե ինչ է արել Ռուբեն Վարդանյանը վերջին 20 տարում։ Ես հայրենասեր հայ մարդ եմ, որ ուզում է զարգացած տեսնել իր երկիրը, ուժեղ, անկախ ու երջանիկ»։
Նախագծերը բազմաթիվ են․ Ռուբեն Վարդանյանի համահեղինակած «Ճամփաբաժանին» գործը հիմք է դարձել «Հայաստան 2041» նախագծի մեկնարկի համար։ Նպատակը Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ դեռևս 2002 թվականին «Հայաստան 2020» նախագծի շրջանակում նախաձեռնված քննարկումների շարունակումն է: Այդ քննարկումների արդյունքը պիտի լինի մինչև 2041 թ. զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակումը: «Որպես պետություն և ազգ, այսօր մենք կործանման եզրին ենք, ու անհապաղ քայլեր պետք է ձեռնարկենք, հավաքագրելով ամբողջ հայկական ներուժը»,-ասում է։ Իսկ կոնկրետ քայլերի մասին հստակ է խոսում, այն ջրբաժանը, որ առաջացել է Հայստանի ու Արցախի հայության միջև, պիտի վերացվի, Հայաստանից ու Սփյուռքից պիտի գան տեսնելու այս երկիրը, որի համար ավելի քան 30 000 կամավորներ պատրաստ էին պայքարելու, որտեղ այսքան զոհեր ենք տվել։ Պիտի տեսնեն ու սիրեն այս հողը, պիտի գան ու ապրեն այստեղ։ Արցախցին պիտի զգա որ մենակ չէ, և Ռուբեն Վարդանյանն արել է իր քայլը։ Հույս ունի, որ իրեն հետևողներ կլինեն։