Շրջափակման հետևանքով մասնավոր հատվածը զգալի վնասներ է կրել, որոնք վերականգնելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։ Ինչո՞վ կարող է պետությունն օգնել մասնավոր հատվածին՝ հնարավորինս արագ վերականգնվելու համար։ Ոլորտի խնդիրներն այսօր քննարկվել են նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի մոտ։
Ինչպես իր խոսքում նշել է Գուրգեն Ներսիսյանը՝ սա գործարար հատվածի հետ նոր պաշտոնում առաջին շփումն է, և հանդիպման ընթացքում ակնկալում է առաջին ձեռքից տեղեկանալ շրջափակման հետևանքով մասնավոր հատվածում առաջացած հիմնախնդիրների մասին, լսել առաջարկներ, քննարկել և միասին մշակել լուծման մեխանիզմները։ Գուրգեն Ներսիսյանը հավաստիացրել է, որ կառուցողական գործնական հարաբերությունների կողմնակից է և հույս ունի, որ բաց ու թափանցիկ աշխատանքի միջոցով կարողանալու են համատեղ ուժերով լուծումներ գտնել։
«Քանի որ ընդամենը 2 օր է, որ զբաղեցնում եմ պետնախարարի պաշտոնը և անցած երկու օրն օգտագործել եմ շրջափակման հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների ուսումնասիրման համար, նաև դրանց հաղթահարման հետ կապված մեր որդեգրած մոտեցումների հետ համեմատության մեջ, այս ընթացքում բազմաթիվ խնդիրներ ու մտահոգություններ էլ եմ ունեցել։ Դրա համար որպես առաջնային շահառուներ, ուզում էի ձեզ էլ հանդիպել, լսել ձեր մտահոգությունները, առաջարկները։ Քանի որ այդպես կարող ենք մաքսիմալ սեղմ ժամկետներում օպտիմալ լուծում գտնել»։
Հանդիպմանը ներկա էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը։ Նա կարևորեց նման ձևաչափի հանդիպումները՝ պետություն-մասնավոր հատված կապի ամրապնդման տեսանկյունից։ Հիմա տնտեսության վիճակն ավելի վատթար է, քան պատերազմից անմիջապես հետո՝ իր դիտարկումն է ներկայացնում Արթուր Հարությունյանը։ Նրա համոզմամբ՝ օրենսդիր-գործադիր-մասնավոր հատված համագործակցությամբ պիտի հասնենք հիմնախնդիրների լուծմանը։
«Հաշվի առնելով ժամանակին այստեղ հավաքված գործարարների ներուժի ունեցած կարևոր դերը մեր տնտեսության համար՝ գտնում ենք, որ այս դժվար իրավիճակում էլ պետությունը պիտի շարունակի սատար կանգնել մասնավոր հատվածին, համագործակցելով, որ տնտեսության մեջ առաջացած խնդիրները լուծվեն»։
Շրջափակումը բազմաթիվ հարցեր է առաջացրել նույնիսկ կայացած գործարարների համար․ նրանցից շատերը ստիպված են եղել լրիվ կամ մասնակի դադարեցնել գործունեությունը՝ կրճատելով կամ հարկադիր պարապուրդի ուղարկելով աշխատակիցներին։ Տնտեսվարող սուբյեկտների համար պետական աջակցության ծրագրեր են կազմվել, բայց դրանք հարցեր են առաջացնում որոշ գործարարների մոտ, քանի որ կիրառության մեջ թերացումներ են առաջանում։ Պետնախարարը գործադիրի անունից պատրաստակամություն է հայտնում ուսումնասիրել բոլոր խնդիրները և օպտիմալ լուծում տալ դրանց՝ մինչև անցումային այս փուլը հաղթահարելը։