Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից էր Հայասեր Հովսեփյանը: Ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 16-ին, սովորել գյուղի դպրոցում, այնուհետև ավարտել ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետը: Երիտասարդ գրողի առաջին, ու թերևս, միակ ժողովածուն կոչվում է «Լռության փոխարեն»։ Գրքում տեղ են գտել գրողի տարբեր տարիների ստեղծագործությունները, բացառությամբ նրանց, որոնք Հայասերի հեռախոսում էին՝ սմարթֆոնի գաղտնաբառն այդպես էլ անհայտ է մնացել: Գրքի ծնունդին նախապատրաստվել են մոտ երկու տարի՝ ասում է Վիկտորյա Պետրոսյանը, խորագիրն ընտրելիս երկար են մտածել՝ ասում է։
« Գրքի սկզբնամասում նրա նոր ստեղծագործություններն են, որոնք դեռ ոչ մի տեղ չեն տպագրվել , այստեղ տեղ են գտել նաև նրա «Սիրտս երգերիս մեջ» ժողովածուն՝ դա նրա գրական ժառանգությունն է: Գրքի խորագիրն ընտրելիս երկար ենք մտածել, էլեկտրոնային ֆայլերն ուսումնասիրելիս հանդիպել ենք տողատակում գրված մակդիրներ, դրանց շարքում էր նաև «Լռության փոխարեն» -ը և մենք մտածում էինք, որ եթե նա որոշեր նոր գիրք հրատարակել, ապա խորագիրը հենց սա կլիներ»:
Շնորհանդեսը առանց Հայասերի դժվար էր պատկերացնել՝ ասում է գրքի խմբագիր, սրբագրիչ Վիկտորյա Պետրոսյանը: Հայասերի զոհվելուց հետո, երբ ընկերները հավաքվել էին Եռաբլուրում, հարազատները դիմել են նրանց խնդրանքով՝ հնարավորության դեպքում հրատարակել գրողի գործերը:
«Հայասերի հուղարկավորության օրն եմ խոստացել, որ կհրատարակվի նրա բոլոր ժամանակների ստեղծագործությունների ժողովածուն: Պատերազմից հետո հաճախակի ենք այցելել Հայասերի ծնողներին և բոլորիս համառ ջանքերի, մեծ ցանկության շնորհիվ մենք կարողացանք հավաքագրել և ամբողջացնել նրա նոթատետրերի, սևագրությունների, անձնական համակարգչի, հին հեռախոսի և տարբեր թղթերում գրառած ստեղծագործությունները»:
Հայասերի ստեղծագործությունները բնութագրում են հենց իրեն՝ ասում են շնորհանդեսին ներկա նրա հարազատները: Օրինակելի էր ամեն ինչում: Հայասերը գրող, ուսուցիչ, զինվորական լինելուց բացի նաև «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ էր։Շնորհանդեսին ներկա էր կուսակցության ղեկավար ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը։ Ասում է՝ դժվար է նրա մասին անցյալով խոսել:
«Հայասերին ճանաչել եմ գաղափարական հողի վրա և մենք աշխատել ենք նույն գաղափարական դաշտում: Նա պարզ, ճշմարիտ, խելացի, հայրենասեր մարդ է: Օրինակելի և որպես զինծառայող, և որպես ուսուցիչ, և որպես քաղաքացի: Նվիրված իր գործին, գյուղին, այն ամենին, ինչը սիրում է: Նա արցախցու տիպիկ օրինակ է»:
Հարազատ կրթօջախի՝ Խնուշինակի դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրա Հարությունյանը հիշում է, թե ինչպես են բացահայտել Հայասերի ստեղծագործելու շնորհը։ Բանաստեղծական առաջին քայլերը նա կատարել է 9-րդ դասարանում։
«Մի անգամ երբ մտա դասարան, չարաճճի աշակերտներից մեկը բարձրաձայն ասաց՝ դասարանում բանաստեղծ ունենք: Հայասերը ամաչելով, շփոթված ինձ ցույց տվեց գրածներից մեկը: Կարդացի և խրախուսեցի, որ շարունակի»:
Հայասերի ստեղծագործությունների հերոսը հայրենիքն է, զինվորը։ Այն լցված է մարդասիրությամբ։ Նրա առաջին բանաստեղծական ՝ «Սիրտս երգերիս մեջ» գրքույկը հրատարակվել է 2012 թվականին: Անդամակցել է գրական ակումբների, ստեղծագործությունները հրապարակել տեղական գրական թերթերում: 2016 թվականից Արցախի գրողների միության անդամ է: Հայասերը առաջնագծի պոետ է՝ ասում է Գրողների միության նախագահի տեղակալ Ամալյա Գրիգորյանը:
«Նա ամեն օր տեսել է պատերազմ։ Այդ պատերազմը մարմնացել է նրա գրականության մեջ: Յուրաքանչյուր բանաստեղծություն ուղերձ էր համայն աշխարհին: Նրա ուղերձները խաղաղության մասին էին: Հայասեր Հովսեփյանի հայրենասիրությունը միայն բառով չբնորոշեց, ցավոք նաև անձնազոհությամբ» :
Արցախի գրողների միությունը Հայասեր Հովսեփյանին հետմահու պարգևատրել է «Նարեկացի» մեդալով, որը նրա մորը հանձնեց Ամալյա Գրիգորյանը: