Դեկտեմբերի 03, 2024

Հաշվետու համերգ՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 07, 2022

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը երեկ մադաշատ էր.  հաշվետու համերգին եկել էին  ուսանողների ընկերներն ու հարազատները: Դահլիճում ուրախ տրամադրություն էր տիրում, բեմում՝ սաները ոգևորված, մի քիչ էլ՝ հուզված էին. պատասխանատու օր է, երկար են պատրաստվել: Աննա Դավթյանը քոլեջի դասական վոկալ բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի է, պատմում է թե ինչպես է համերգին պատրաստվել: 

«Չնայած մենք պատերազմ ենք տեսել, բայց մեծ ոգևորությամբ ենք նորից բեմ բարձրանում...»:

 Պատերազմից հետո նման միջոցառում քոլեջում առաջին անգամ է կազմակերպվել: Սաները, ուսուցիչները երկար են սպասել այս օրվան ու մեծ ոգևորությամբ  են պատրաստվել: Համերգային կյանքը մեր առօրյան է՝ ասում է քոլեջի տնօրեն Անահիտ Սուլեյմանյանը: 

«Մենք ունեցել ենք բազմաթիվ համերգներ: Ուսանողները  ներդրել են իրենց ստեղծագործական լիցքերը և էներգիան: Ուսուցիչները շատ ոգևորված են: Համերգային կյանքը մեզ համար սովորական իրավիճակ է, սովորական աշխատանքնային պայման»:

 Ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու առթիվ քոլեջի ուսանողներին շնորհավորելու էր եկել ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: Նա կարևորել է կրթության դերը պետության ու հասարակության բարեկեցության բարձրացման գործում։ Համերգի ընթացքում ԿԳՄՍ նախարարության կողմից քոլեջի մի խումբ սաներ, որոնք մասնակցել էին Հայաստանում, Հունաստանում, Չեխիայում և Ռուսաստանում կայացած հեղինակավոր մրցույթ-փառատոնների՝ պարգևատրվել են դիպլոմներով։  -Քոլեջի ուսանողներն առաջին անգամ չեն մասնակցում նման միջոցառումների, առավել ևս՝ առաջին անգամ չեն միջազգային մցանակներ ու առաջնային տեղեր զբաղեցնում,- ասում է քոլեջի տնօրենը: 

«Մեր ուսանողները միշտ մասնակցում եմ տարբեր տեղական և միջազգային մրցույթների ու փառատոնների: Քոլեջի  փողահար ուսանողներից մեկը Ռուսաստանում անցկացված մրցույթում  գրավել է առաջին տեղը: Էջիմածնում անցկացված «Փոքրիկ քայլ» մրցույթին   մասնակցած 5 ուսանողից 2-ը Գրան պրի է ստացել: Քանոնահար ուսանողուհիները  մասնակցել են միջազգային մրցույթների»:

 Այսպիսի միջոցառումները, մրցույթում հաղթանակներն ու համերգները մշտական բնույթ են կրում՝ ասում է Անահիտ Սուլեյմանյանը: Առաջիկա  օրերիn  նախատեսված է փողային գործիքների մրցույթ, որին մասնակցելու են նաև Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողները: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ