ՄՄՀ-ում բոլոր միջոցառումները նույն կերպ են մեկնարկում․ լռության րոպեով ու ծաղիկների խոնարհմամբ՝ բուհի զոհված ուսանողների հիշատակին կանգնեցված հուշատախտակի մոտ: Հանրային գործչի այցը՝ նույնպես։
Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ողջունելով բարերարին՝ անդրարդարձավ համալսարանի գործունեությանն ու պատմեց ձեռքբերումների մասին: Եկել եմ համալսարան՝ ծանոթանալու Արցախում գործող բուհերի գործունեությանն ու երիտասարդությանը հուզող խնդիրներին՝ խոսելով այցի նպատակի մասին ասում է Ռուբեն Վարդանյանը: Արցախում կրթության զարգացումը ռազմավարական նշանակություն ունի՝ ասում է:
«Արցախի զարգացման համար կարևոր է կրթության ոլորտի զարգացումը: Մեր առջև կան ծառացած խնդիրներ, որոնք պետք է լուծենք միահամուռ ուժերով: Յուրաքանչյուր ուսանող պետք է հասկանա, որ ոչ թե սովորում է պարզապես դիպլոմ ստանալու համար, այլ նրա համար, որ օգտակար լինի հայրենիքին: Ժամանակակից աշխարհն օր օրի զարգանում է, պետք է քայլենք ժամանակին համընթաց, ամեն օր թարմացնենք մեր գիտելիքները և կատարելագործվենք»:
Ռուբեն Վարդանյանը հուսով է, որ Արցախում առկա գիտական ներուժով կարող են կարևոր ծրագրեր կյանքի կոչել, որոնք կնպաստեն Արցախի զարգացմանն ու երկարաժամկետ անվտանգության ապահովմանը։ Սրան հասնելու համար գործարարը պատրաստ է օգտագործել իր բոլոր կապերն ու հնարավորությունները:
«Մինչև վերջ անելու եմ այն ամենն, ինչ կկարողանամ, որպեսզի միասին ապահովենք Արցախի անվտանգությունն ու զարգացումը։ Դա նշանակում է, որ օրը 24 ժամ ես աշխատելու եմ այստեղ, Արցախի զարգացմանն ուղղված ծրագրեր եմ իրականացնելու, իսկ այս ամենը լինելու է ազնիվ, թափանցիկ»։
Պատասխանելով ներկաների հարցերին և այն դիտարկմանը, որ Արցախում մեծ հույսեր են կապում իր հետ, Ռուբեն Վարդանյանը նկատում է՝ հույսեր կապելը ճիշտ չէ․
«Ես փրկիչ չեմ, ես զինվոր եմ, ով եկել է համատեղ ջանքերով պաշտպանելու Արցախը, և իմ պաշտպանությունը ոչ թե զենք բռնելով խրամատում կանգնելն է, այլ սեփական ծրագրերով այստեղ ինչ-որ բան փոխելը»:
Հանդիպումները տարբեր հանրային, քաղաքական շրջանակների հետ, բարերարի խոսքով, շարունակական կլինեն։